Պետբյուջեն վերաբաշխելու և փոփոխելու կարիք կա․ Ա․ Խաչատրյան

հունվարի 31, 2021

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի հետ

- Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կառավարության և պարետատան գործունեությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում «Իմ քայլը» ներկայացուցիչները դժգոհում էին, թե համավարակը դեռ շարունակվում է, հետևաբար, հանձնաժողովի գործունեությունը նպատակահարմար չէ: Ինչպե՞ս եք պատկերացնում հանձնաժողովի աշխատանքը նման տրամադրվածության առկայությամբ:

- Քննիչ հանձնաժողովը ձևավորվել և ստեղծվել է իրավունքի ուժով, ԱԺ պատգամավորների 1/3-րդի նախաձեռնությամբ: Այն այլևս ստեղծված է, իսկ հունվարին՝ նաև ձևավորվեց: Երբ մինչ ձևավորումը հայտարարում էին, թե համավարակը չավարտված՝ հանձնաժողով պետք չէ, ես ասացի՝ կամ պանդեմիայից հետո պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել, կամ ընթացքում սկսել, որպեսզի հանրությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի վրա փորձենք լույս սփռել: Հարցը հանրության ուշադրության կենտրոնում է, 3000-ից ավելի մահ է արձանագրվել, 165 հազարից ավելի մարդ է վարակվել, ցուցանիշները բարձր են: Մեկ անգամ էլ հիշեցնեմ՝ Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան կառավարության և պարետատան գործողությունների ուսումնասիրության արդյունավետությունն է:

Քաղաքական հայտարարություններ հնչեցնելը տարբեր փուլերում նորմալ եմ համարում, բայց երբ հանձնաժողովի անդամներն են նման հայտարարություններ անում, անընդունելի է: Հանձնաժողովի արդյունավետությունը կախված է դրա անդամների աշխատանքից: Հանձնաժողովի 12 անդամից 8-ը «Իմ քայլից» են, նրանք կարող են ցանկացած որոշում, հարց տապալել կամ աշխատանքը դարձնել արդյունավետ: Հանձնաժողովի ցանկացած անդամ՝ անկախ խմբակցությունից, պետք է աշխատի արդյունավետ, որպեսզի ապահովի ընդհանուր արդյունավետությունը: Անընդունելի է հանձնաժողովի անդամների թերահավատությունը: Դրա համար ես իմ գործընկերներին կոչ արեցի աշխատել կառուցողական միջավայրում, պատրաստել կառավարությանն ու պարետատանն ուղղված հարցադրումներ:

 Կարևոր է նաև, որ կառավարությունն էլ թափանցիկ ու բաց աշխատի, համագործակցի հանձնաժողովի հետ: Եթե օրինակ, լինեն տեղեկատվության հասանելիության խնդիրներ, խոչընդոտներ, ապա դրանք բնականաբար, կազդեն հանձնաժողովի գործունեության վրա, քանի որ մեր ռեսուրսները սակավ են, լրացուցչ փորձագետներ ներգրավելու ու նրանց վճարելու հնարավորություն չունենք: Հուսով եմ, որ մեծամասնությունը կցուցաբերի այդ քաղաքական կամքը, արդյունավետ աշխատելու պատրաստակամությունը, և կառավարության համագործակցությամբ աշխատանքն առաջ կգնա:

- Իշխանությունը, տեսնում ենք, մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, օրինակ, պատրաստվում է փոխել Սահմանադրությունը: Ի՞նչ ճակատագիր կունենա հանձնաժողովն այս դեպքում:

- Հանձնաժողովի լիազորություններն առայժմ վեց ամսով են սահմանված՝ ևս մեկ անգամ վեց ամսով երկարաձգելու հնարավորությամբ: Ժամանակից առաջ չանցնենք, հանձնաժողովը իր պարտականությունները սահմանված ժամկետում կիրականացնի, ինչ արդյունքի հասնենք, դա կամփոփենք, կներկայացնենք հանրությանը, իսկ մնացածը հանձնաժողովի լիազորությունների տիրույթում չէ:

- Երկրի տնտեսական վիճակի մասին. շատ մասնագետներ երկրում տնտեսական կոլապս են կանխատեսում: Արդյո՞ք դրանք ընդամենը հոռետեսական տրամադրություններ չեն, կա՞ն հիմքեր նման հայտարարությունների համար:

- Ես չգիտեմ՝ կոնկրետ ով է կանխատեսել տնտեսական կոլապս և ինչ հիմնավորումներով, բայց այս պահին մեր տնտեսությունը ճգնաժամային վիճակում է: Անցած տարին կփակենք 8 տոկոս տնտեսական անկմամբ, պետության վրա սոցիալական բեռը զգալիորեն մեծացել է, այդ թվում՝ պետական բյուջեի վրա: Պետական բյուջեն շատ լուրջ վերաբաշխման և նոր փոփոխությունների անհրաժեշտություն ունի, որովհետև հետպատերազմյան ժամանակահատվածում ծախսերի առաջնահերթությունները չեն փոփոխվել:

- Այսինքն՝ հնարավո՞ր է փոփոխված բյուջեի նախագիծ ներկայացվի ԱԺ:

- Ես կարծում եմ՝ դա ոչ թե հնարավոր է, այլ անհրաժեշտ է լինելու, որովհետև պատերազմից հետո նոր տնտեսական իրողությունները փոխում են նաև պետության ծախսային առաջնահերթությունները՝ բազմաթիվ սոցիալական նոր ծրագրեր են առաջ եկել, տեսանք, որ կառավարությունը տարվա սկզբին վերաբաշխում արեց և 12,5 մլրդ դրամ հատկացրեց սոցիալական աջակցության նպատակով՝ պայմանավորված միայն պատերազմի հետևանքներով:

Անհրաժեշտ է նաև նոր անվտանգային ռազմավարություն՝ տնտեսական սոցիալական բաղադրիչներով: Երկրի տնտեսական աճի առումով 2021 թվականին տարբեր տնտեսագետներ կանխատեսում են 0-3 տոկոս աճ, ես կարծում եմ՝ այն կարող է լինել 2 տոկոսի շրջանակում, եթե հաղթահարենք քաղաքական ճգնաժամը և կայունացնենք անվտանգային հարցերը:
Որքան արագ հաղթահարենք քաղաքական ճգնաժամը, կայունացնենք քաղաքական վիճակը, այնքան շուտ կունենանք տնտեսական առաջընթաց:

- Դուք տնտեսական աճի մասով 2 տոկոս կանխատեսում հայտնեցիք, բայց օրինակ, էկոնոմիկայի նախարարը 8 տոկոս և նույնիսկ երկնիշ տնտեսական աճի հույս ուներ: Ինչպե՞ս հասկանալ սա, արդյոք իրատեսական է նման թիվը:

- Դեռ նշանակումից հետո նա հայտարարեց, որ ապահովելու է երկնիշ տնտեսական աճ: Ես այդ հայտարարությունից հետո հարց ուղղեցի Ֆինանսների նախարարին՝ արդյո՞ք էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է 2021 թվականի բյուջեին, որով կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական աճ և ինչպե՞ս են համադրվում այս հակասական հայտարարությունները: Դա կամ չիմացության արդյունք է, կամ ուղղակի ռոմանտիկ հայտարարություն:

- Ներդրումների ներգրավման մասով էլ Էկոնոմիկայի նախարարը մեծ հույսեր ուներ...

- Միայն շատ ուրախ կլինենք եթե հաջողվի, որովհետև դա երկրի շահերից է բխում: Ուրիշ բան, որ պետք է իրատեսորեն գնահատել քաղաքական անորոշությունները, ճգնաժամը, անվտանգային հարցերը, որովհետև ներդրումը բիզնես է, իսկ բիզնեսը չափազանց զգայուն է անորոշությունների նկատմամբ: Պետք է կայունություն, կանխատեսելիություն և ռիսկերի հստակ չափելիություն:

- Այս տարի կտրուկ ավելացավ պետական պարտքը՝ շուրջ 8 տոկոսով: Ըստ Ձեզ, դա անխուսափելի՞ էր:

- 2020 թվականի ընթացքում արտակարգ դրության և ռազմական դրության պայմաններում առաջ եկան անհետաձգելի շտապ ծախսեր, եղավ ընթացիկ ծախսերի ավելացում, նախատեսված այլ ծախսերի կրճատում չեղավ. սրանք ենթադրում էին պետական բյուջեի դեֆիցիտ և ծախսերի ավելացում: Դա տվյալ պահին կարող էր իրականացվել պետական պարտքի ավելացմամբ: Այսինքն՝ 2020 թվականին պետական պարտքի ավելացումը անխուսափելի էր, ծավալը հարաբերական է, պետք է ուսումնասիրել շատ մանրամասն: