Ես սպասում եմ քաղաքական նոր ուժերի․ Մ․Կարապետյան

փետրվարի 11, 2021

 Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:

-Իշխանությունը արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին հայտարարեց, բայց շատ արագ հրաժարվեց այդ մտադրությունից: Դուք հայտարարում եք՝ հանրային պահանջ չկար, իսկ Ձեր ընդդիմախոսները պնդում են՝ իշխանությունը վախեցավ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձից: Կա՞ն վախեր:

-Ընդդիմությունը ասում է՝ կա ճգնաժամ։ Մենք ասում ենք՝ շատ բարի, արտահերթ ընտրությունները կարող են լուծել այդ ենթադրյալ ճգնաժամը։ Ընդդիմությունը պատասխանում է՝ ոչ, մենք այդ պարագայում ընտրական և հետընտրական նոր ճգնաժամեր կստեղծենք։ Ընդդիմությունն ասում է՝ դուք ունեք լեգիտիմության խնդիր։ Մենք ասում ենք՝ շատ բարի, արտահերթ ընտրությունների միջոցով հանրությունը թող կրկին որոշի մանդատների համամասնությունը։ Ընդդիմությունը պատասխանում է՝ ոչ, ձեր (ենթադրաբար) գոյություն չունեցող լեգիտիմությամբ մեզ դարձրեք իշխանություն։

Եվ վերջապես, ինչպե՞ս կարող ենք մենք վախենալ մի բանից, որը մենք են առաջարկել և ավելի քան մեկ ամիս սպասել, որ խորհրդարանական ընդդիմությունը համաձայնի։

-Պարբերաբար հայտարարվում է, որ եթե Քոչարյանը մի բան ասում է, գնում է մինչև վերջ: Նա Ձեր իշխանության մրցակիցը կարո՞ղ է լինել:

-Ինձ հետաքրքրում է ապագան և ոչ թե անցյալը։ Ես սպասում եմ Հայաստանում նոր քաղաքական ուժերի ձևավորմանը, և մասնավորապես, երիտասարդ մարդկանց քաղաքական ակտիվությանը։ Իսկ անցյալը թող գնա մինչև վերջ։

-Ինչպե՞ս է որոշվել, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա: Սոցհարցո՞ւմ եք անցկացրել:

-Ընտրություններում քաղաքացիներին առաջնորդում են քաղաքական կուսակցությունները։ Մենք հարցնում ենք կուսակցություններին և նախևառաջ խորհրդարանական ուժերին՝ դուք ձեր ընտրողներին և մեզնից ենթադրաբար հիասթափված ընտրողներին պատրա՞ստ եք առաջնորդել դեպի խաղաղ և մրցակցային ընտրություններ։ Նրանք պատասխանում են՝ ոչ, դո՛ւք տվեք մեզ իշխանությունը։ Նրանց բացասական պատասխանն է, որ արտացոլում է, որ նրանք պատրաստ չեն ձևակերպել և առաջնորդել նման հանրային պահանջ։

Ես նաև ծանոթ եմ մեկ-երկու հարցման արդյունքների, սակայն լավագույն հարցումը կլիներ արտահերթ խորհրդարանական ընտրությունը։ Բայց արտահերթ ընտրություններ չեն կարող անցակցվել ի հեճուկս խորհրդարանական ընդդիմության։ Չէ՞ որ այդ պարագայում կստացվի, որ կառավարող ուժը միայնակ որոշեց «զրկել» բոլոր պատգամավորներին իրենց մանդատներից՝ իրեն հարմար պահին անցկացնելով արտահերթ ընտրությունները։

-Ընդդիմությունը բացահայտ հայտարարում է հակասահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու մասին, Վազգեն Մանուկյանը նույնիսկ հեղաշրջման անհրաժեշտության մասին խոսեց: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:

-Հայաստանի քաղաքական դաշտի ողբերգությունն է, որ իրենց քաղաքական գործիչներ համարող անձիք պարբերաբար վիճարկում են իրավունքը, գործող օրենքը և Սահմանադրությունը։ Նրանք չեն կարողանում համաձայնել հանրապետության մեջ ապրելու նվազագույն կոնսենսուսին։ Նրանք իրենց երևակայում են քաղաքական ֆիդայի կամ ավելի ճիշտ՝ հույս հայտնում, որ ինչ-որ մեկը այդպես կանի՝ օրենքը կգերազանցի և իշխանությունը կնվիրի իրենց։ Այդ նույն մարդիկ հաճախ խոսում են նաև իրենց «պետականամետ» լինելու մասին։

-Տիկի՛ն Կարապետյան, պատերազմից հետո հաճախ են իշխանության հասցեին սպառնալիքներ հնչում: Վահան Բադասյանը բացահայտ խոսել էր վարչապետին ֆիզիկապես վերացնելու մասին, Աղվան Վարդանյանն ասում է, թե ժողովուրդը մեծ վրեժ ունի իշխանության նկատմամբ, էլի օրինակներ կարելի է բերել: Դուք Ձեր անվտանգության հետ կապված մտահոգություն չունե՞ք:

-Ես վստահում և տեսնում եմ մեր հանրության հավաքական իմաստությունը։ Որքան էլ որ մարդկանց սադրելու՝ խաղաղ վիշտը կործանարար ցասման վերածելու փորձեր արվեն, ես տեսնում եմ, որ Հայաստանում մարդիկ ցանկանում են ապրել և արարել, այլ ոչ թե սպանել։

-Ըստ ձեր ընդդիմախոսների՝ առանց Նիկոլ Փաշինյանի իմքայլականները քաղաքական ապագա չունեն: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր քաղաքական ապագան:

-Ես պարբերաբար եմ մտածում Հայաստանում քաղաքական դաշտի ներկայի և ապագայի մասին, քաղաքական առաջնորդության մասին։ Սակայն նման հարցերը գծագրման, պլանավորման ենթակա չեն։ Դրանք հանրության քաղաքական կյանքի արդյունք են։ Կարևորը, որ մենք բոլորս չշեղվենք ժողովրդավար հանրապետություն լինելու գաղափարից։ Մնացածը՝ ինքնըստինքյան կլինի։

-Դուք իշխանության եկաք ինքնիշխանության մասին բարձրագոչ հայտարարություններով, բայց հիմա տպավորություն է, թե առանց Ռուսաստանի բարի ցանկության՝ Հայաստանում ոչ մի հարց չի լուծվում: Շարունակո՞ւմ եք Հայաստանը համարել ինքնիշխան երկիր:

Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են անվտանգության և տնտեսության որորտներում։ Հայաստանը ինքնիշխան երկիր է նախևառաջ իր ժողովրդի կամքով, այդ կամքով ձևավորված հանրային իշխանության մարմիններով։

-Տիկի՛ն Կարապետյան, ո՞ր փուլում է Էթիկայի հանձնաժողովի ստեղծման գործընթացը, ի՞նչ է, ի վերջո, նախատեսվում:

-Ազգային ժողովում էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գործող կառուցակարգը փոխելու մասին նախագիծը «Իմ քայլը» խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել։ Համաձայն այդ նախագծի՝ էթիկայի հանձնաժողով կձևավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի համար։ Այսպես փաստացի կպահպանվի էթիկայի հանձնաժողովի ժամանակավոր բնույթը, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, բայց կապահովվի այս հանձնաժողովի շարունակական գործունեությունը ողջ գումարման ընթացվքում: Ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու նպատակով մեզ համար քննարկելի է նաև Սահմանադրության փոփոխությունը՝ խորհրդարանի ներքին քվեարկությամբ:

Նախատեսում ենք նաև էթիկայի կանոնագրքի ստեղծում, որտեղ մանրամասն կնկարագրվի Ազգային ժողովի ակնկալիքներըը պատգամավորներից՝ բարեվարքության առավել բարձր մակարդակ ապահովելու համար։ Այս բոլոր բարեփոխումների նպատակը Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն և ամրապնդումն է։

-Ի՞նչ համամասնությամբ են խորհրդարանական խմբակցությունները այս հանձնաժողովում ներկայացված լինելու:

-«Իմ քայլը» խմբացկության պատկերացմամբ էթիկայի հանձնաժողովը պետք է ունենա հավասար թվով պատգամավորներ կառավարող խմբակցությունից և ընդդիմադիր խմբակցություններից։ Այսինքն, եթե էթիկայի հանձնաժողովը բաղկացած լինի չորս պատգամավորից, նրանցից երկուսը պետք է լինեն կառավարող խմբակցությունից, երկուսը՝ ընդդիմադիրներից։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը կլինի ռոտացիոն մի նստաշրջանում կղեկավարի կառավարող, մյուսում՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր։

-Նաիրա Զոհրաբյանը արդեն կանխատեսում է, որ ձեր իշխանությունը պատրաստվում է էթիկայի հանձնաժողովի միջոցով իրեն հետ կանչել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից: Նախատեսվո՞ւմ է նման գործիք:

-Շրջանառության մեջ դրված նախագծով, որպես կարգապահական միջոց, քննարկվում է գործուղումից և ոչ թե որևէ պատվիրակությանն անդամակցությունից զրկելու հարցը։ Խմբակցությունն է որոշողը, թե իր որ անդամը պետք է ներկայացված լինի այս կամ այն վեհաժողովի պատվիրակությունում:

Մեր պատկերացմամբ՝ եթե պատգամավորը թույլ է տվել էթիկայի կոպիտ խախտում, հնարավոր է, որ նա որոշ ժամանակով զրկվի հանրային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունից։

-Կա ընկալում, որ Դուք պատրաստ եք բոլոր հնարավոր մեթոդներով Նաիրա Զոհրաբյանին հեռացնել Ձեր ճանապարհից, ինչպես եղավ, օրինակ, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարագայում: Անձնական խնդի՞ր կա:

-Թշնամանք կամ հակակրանք չկա։ Ընդամենը տիկին Զոհրաբյանը պարբերաբար օգտագործում է մարդկանց արժանապատվությունը նսեմացնող և մարդու իրավունքներին հակոտնյա խոսք։ Եվ Ազգային ժողովի ցանկացած պատգամավորի նման խոսքը պետք է արժանանա գնահատականի և հակազդեցության։

-Դուք ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք, ե՞րբ է քննարկվելու հանձնաժողովի նոր նախագահի հարցը:

-Հանձնաժողովը կշարունակի իր բնականոն գործունեությունը փոխնախագահի ղեկավարությամբ: Եթե ինչ-որ պահի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստակամություն հայտնի նոր թեկնածու առաջադրելու, մենք պատրաստ ենք քննարկման։

-Տիկին Կարապետյան, շատ է գրվում, թե ձեր խմբակցության ներսում շերտավորում կա: Դուք, օրինակ, ՀԿ սեկտորից եք և, ասում են՝ ունեք Ձեր խումբը: Այդպե՞ս է:

-«Իմ քայլը» խմբակցությունը «բաժանված» է 83 պատգամավորի՝ յուրաքանչյուրը իր մասնագիտությամբ և փորձառությամբ։ Բնականաբար, մոտ մասնագիտություն և փորձառություն ունեցող պատգամավորները, որոնք շատ հաճախ նաև նույն հանձնաժողովում են աշխատում, ավելի հաճախ են շփվում միմյանց հետ։ Եվս մեկ անգամ կասկածները փարատելու համար ասեմ, որ մեկ հարցի քննարկման ժամանակ ես կարող եմ մոտ դիրքորոշում ունենալ մի գործընկերոջ հետ, որի հետ հաջորդ հարցի քննարկման ժամանակ գուցե տրամագծորեն հակառակ դիրքորոշումն եմ ունեցել: Հանրային շահին ծառայելու հարցում պատգամավորների միջանձնական մտերմությունը ոչ մի դերակատարություն չի ունենում։