Ըստ ԱԺ նախագահի՝ թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներն ամբոխ են

հունվարի 15, 2018

Ազգային ժողովի 6-րդ գումարման երրորդ նստաշրջանը մեկնարկեց կառավարությանն ուղղված նոր ու ավելի բուռն քննադատությամբ։ Ակտիվ էին ոչ միայն «Ելք»-ի, այլև «Ծառուկյան» խմբակցության անդամները։ Նրանք, ի դեպ, օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ միասին նախագահի նստավայրում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ, մասնակցել նրա նախաձեռնությամբ կազմակերպված հավաք-քննարկմանը։ Դրա ընթացքում հանրապետության նախագահը կարծիք էր հայտնել, թե գնաճի թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպումը կարող է օգտակար լինել:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ Ազգային ժողովում հունվարի 23-ին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումները» թեմայով լսումներ կանցկացվեն։

Նախաձեռնությունը ձևական համարեց «Ելք» խմբակցությունը: Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Տպավորություն է, թե իշխանությունը նոր քնից արթնացել է ու իմացել, որ երկրում թանկացումներ են։ Թանկացումների մասին ամբողջ 17 թվականին խոսել ենք ու ասել, որ Հրակային օրենսգիրքը հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում։ Սեղմված գազի ակցիզային վճարը թանկացնում էիք 8 հազարից 20 հազար դրամ, էդ վախտ չէի՞ք մտածում, որ էդ թանկացումները դոմինոյի էֆեկտ են ունենալու։ Որտեղի՞ց է ձեր զարմանքը»։

Ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ լսումները որևէ օգուտ չեն տալու, և պետք է ուղղակի Հարկային օրենսգիրքը հետ բերել խորհրդարան ու կատարել համապատասխան փոփոխություններ։ Մարուքյանը չմոռացավ նաև հիշեցնել ընդդեմ թանկացումների հունվարի 19-ին կազմակերպվելիք երթի մասին. «Մեր կոչն է քաղաքացիներին՝ հունվարի 19-ին դուրս գալ փողոց և բողոքի ձայն բարձրացնել։ Այլ տարբերակ չկա։ Այս քննարկումները սպառել են իրենց»։

Գնաճը զսպելու միակ միջոցը, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով ևս, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելն է։ Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը զիջման չի գնա՝ մինչև ժողովուրդը իր վճռական խոսքը չասի և ճնշում չգործադրի։ Պատգամավորը ևս կոչ արեց միանալ իրենց երթին։

2 մերժում՝ «Ծառուկյան» խմբակցության նախագծերին

Հարկային օրենսգրքում փոփոխությունների առաջարկ ուներ «Ծառուկյան» խմբակցությունը։ Նախագիծը, սակայն, ստացել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ առաջարկում են գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնական աղետների՝ կարկուտի, երաշտի, ցրտահարության հետևանքով 40 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար գյուղացուն ազատել հողի հարկից:

«Բնակչության 35,7 %-ը գյուղաբնակ մարդիկ են, Հայաստանի բերրի հողերի 60 %-ը չի մշակվում ։ Սա փաստում է, որ կոշտ հարակային քաղաքականություն է վարվում, անմրցունակ վիճակ է, և մարդիկ, առերեսվելով այս ամենին, կանգնում են ծանր փաստի առաջ»,- նշեց նա։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հակադարձեց՝ հայաստանյան օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությունն է համայնքների բյուջե մտնող հարկերի համար արտոնություններ սահմանելը։ Հետևաբար, նրա խոսքով, եթե օրենքով հարկային արտոնություն է սահմանվում, ապա պետք է պետբյուջեից փոխհատուցվի համայնքներին։

«Բոլորս գիտենք, որ բոլոր աղետների ժամանակ կառավարությունը պարտավոր է կորուստները փոխհատուցել պետբյուջեից։ Առաջարկվող նախագիծը հնարավորություն է տալիս կամ նա անել, կամ մյուսը», - հավելեց Հարությունյանը՝ նկատելով, որ օրինագիծն ընդունելը նպատակահարմար չէ։

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանին հետաքրքրում էր, թե ներկայացված օրինագծում ի՞նչն է պոպուլիզմ, եթե փորձում են օրենքով օգնել աղետի հետևանքով վնասված գյուղացիներին։

«Ելք» խմբակցությունը կողմ էր ներկայացված նախագծին։ Խորհրդարանական մեծամասնությունը, սակայն, դեմ քվեարկեց, և նախագիծն օրակարգ չընդգրկվեց:

Նույն ճակատագրին արժանացավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Միքայել Մելքումյանի նախագիծը՝ կրկին հարկային օրենսդրության վերաբերյալ։ Պատգամավորներն առաջարկում էին փոփոխել եկամտահարկի շեմերը. մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը 23 %-ից իջեցնել 21 %-ի, 150-300 հազար դրամ ստացողների համար գործող 28 % եկամտահարկը դարձնել 26 %։ Առաջարկության հիմքում այն հիմնավորումն էր, որ կառավարությունը չի բարձրացրել թոշակներն ու աշխատավարձերը, բայց ավելացրել է հարկային բեռը: Այս նախագծի ընդգրկումը օրակարգ նույնպես քվեարկությամբ մերժվեց։

Փաստը վրդովեցրեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին, նա խորհրդարանին մեղադրեց կառավարության կցորդը լինելու մեջ։ «Ես խորհուրդ եմ տալիս խորհրդարանական մեծամասնությանը չդառնալ կառավարության կցորդ, անհարմար է։ Մեծ-մեծ խոսում եք խորհրդարանական կառավարմամբ պետության անցման մասին, բայց կառավարությունը ոնց մատով ճտացնում է, բոլորդ նստած հլու-հնազանդ ենթարկվում եք», դիմելով մեծամասնությանը հայտարարեց Զոհրաբյանը։

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անպատասխան չթողեց Զոհրաբյանի հայտարարությունը և հակադարձեց՝ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը մեկ թիմ են, և որոշումները կայացվում են համատեղ։

Թանկացումների դեմ բողոքող քաղաքացիները՝ ամբոխ

«Ծառուկյան» խմբակցության նախագծերի մերժումից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ԱԺ նախագահ Բաբլոյանից հետաքրքրվեց՝ մի՞թե հնարավոր չէր դրանք ընդգրկել նիստի օրակարգ և նորմալ քննարկում կազմակերպել այդ կարևոր հարցերի շուրջ։ Բաբլոյանն ի պատասխան, ասաց, որ թանկացումների, գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն, որտեղ կհրավիրվեն փորձագետներ, մասնագետներ։ «Քննարկումը կլինի մասնագետների հետ, ոչ թե հարցի քննարկումը տեղափոխել փողոց, որտեղ ամբոխը, միանշանակ է, հարցի լուծում չի կարող տալ։ Պետք չէ գնալ ուժային ճանապարհով, այլ գնալ ժողովրդավարական ճանապարհով՝ կազմակերպել խորհրդարանական լսումներ», - արձագանքեց Բաբլոյանը։
Թանկացումների դեմ բողոքող քաղաքացիների մասին Բաբլոյանի որակումը չվրիպեց Նիկոլ Փաշինյանի ուշադրությունից. «Ես կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ԱԺ ամբիոնից բողոքի դուրս եկող քաղաքացիներին համարում եք ամբոխ ու փորձում եք դրանով ինչ-որ նեգատիվ երանգավորում տալ։ Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ նման բառապաշար օգտագործեք ու պետք է ուղղեք դա»։