«Իմ քայլը» ՔՈՎԻԴ-ի հանձնաժողովին դեմ չէ, բայց աշխատանքներին չի աջակցում

փետրվարի 18, 2021

Հունվարին ԱԺ նախագահի կարգադրությամբ խորհրդարանում ձևավորվեց հերթական՝ 6-րդ քննիչ հանձնաժողովի կազմը: Այս հանձնաժողովը զբաղվելու է Քովիդի հետևանքների ուսումնասիրմամբ: Ղեկավարը Արկադի Խաչատրյանն է՝ Լուսավոր Հայաստանից: Սա 6 քննիչ հանձնաժողովներից միակն է, որի ղեկավարը ԼՀԿ-ից է: Սա նաև միակ հանձնաժողովն է, որի անդամ իմքայլականները բոյկոտում են դրա աշխատանքները՝ նիստերին մասնակցելով հանդերձ:

Կորոնավիրուսի դեմ կառավարության և պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փետրվարի 16-ի նիստը բացառություն չէր ու հարուստ էր հատկապես ընդդիմություն-իշխանություն փոխադարձ մեղադրանքներով:

Իշխանությունը ընդդիմությանը մեղադրում էր պատկան մարմիններին անհարկի, ինքնանպատակ զբաղեցնելու, անիմաստ ժամանակ վատնելու համար, ընդդիմությունն էլ իշխանության առանձին պատգամավորների մեղադրեց իրենց գրաքննելու մեջ:

Քննիչ հանձնաժողովը կառավարությանն ուղղելու հարցաշար է կազմել՝ բաղկացած 251 հարցից: Իշխանության ներկայացուցիչները հարցաշարի կազմմանը չէր մասնակցել: Ավելին, այս նախաձեռնությունն ակնհայտորեն դուր չէր եկել իմքայլականներին, և նրանք լծվել էին կառավարությանը պաշտպանելու գործին՝ քննադատելով հարցերի բովանդակությունն ու որակը:

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ներկայացմամբ՝ 251 հարցերից 164-ը վերաբերել են առողջապահության ոլորտին, 44-ը՝ տնտեսական հետևանքներին, գնումների ընթացակարգերին ու ֆինանսական ծախսերին, 49-ը՝ սոցիալական ոլորտին:

Հարցեր են ուղղվել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, արդարադատության, պաշտպանության նախարարություններին, ոստիկանությանը, կենտրոնական բանկին և այլն:

«Կարելի՞ է ենթադրել, որ այս հարցադրումները սպառիչ են ու կարող են փարատել հետաքրքրության ամբողջ սպեկտորը, իհարկե՝ ոչ: Հույս ունենք, որ կստանանք կառավարությունից սպառիչ պատասխաններ», -հայտարարեց Խաչատրյանը՝ չբացառելով, որ հարկ եղած դեպքում կարող են լրացուցիչ հարցեր ևս ուղարկել: Հանձնաժողովը հարցեր ունի տալու նաև տարբեր պատասխանատու պաշտոնյաների, որոնց կհրավիրեն նիստերի:

«Իմ քայլից» Հերիքնազ Տիգրանյանը հարցաշարի մեջ անիմաստ հարցեր էր նկատել: Օրինակ՝ ե՞րբ է հայտարարվել պանդեմիան: Նրա կարծիքով՝ պատասխանը հայտնի է, հետևաբար, կառավարությանը ծանրաբեռնելու կարիք չկա:

Հերիքնազ Տիգրանյանը հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեց՝ չի՞ կարծում, որ հարյուրավոր հարցերին պատասխանելը ժամանակի անտեղի վատնում կարող է դիտվել: «Դուք կառավարությանը տալիս եք հարցեր ու պահանջում գնահատական իր իսկ աշխատանքին: Մինչդեռ այդ գնահատականը հանձնաժողովը պետք է տա: Ճիշտ չէ՞ր լինի, որ պետական մարմիններին ուղղվող հարցերը լինեին կոնկրետ ու սահմանափակ, իսկ մնացած հարցերը մենք նրանց կուղղենք հանձնաժողովում», -ասաց իշխող ուժի պատգամավորը:

Արկադի Խաչատրյանը համաձայն էր, որ կարող է շատ ժամանակ պահանջվել, բայց միևնույն է, դրանք պետք է պատասխաններ ունենան, քանի որ հանրությունը սպասում է այդ պատասխաններին: Նշեց, որ իրենք նպատակ չունեն խաթարել գործադիրի աշխատանքը ու հորդորեց գրաքննության չենթարկել իրենց: «Անընդունելի է ներկայացված ձևակերպումների գրաքննությունը որևէ պատգամավորի կողմից: Պատգամավորը իրավունք ունի դա անելու»:

«Իմ քայլից» մեկ այլ պատգամավորի՝ Ծովինար Վարդանյանին զարմացրել էր հարցաշարի որակը: Անթաքույց հեգնանքով կարդալով հարցերից մեկը՝ Վարդանյանը հետաքրքրվեց՝ լո՞ւրջ է այս հարցը կառավարությանն ուղղելը: Իսկ հարցը վերաբերում էր գերմանացի մի դոկտորի հայտարարությանը, թե սա ոչ թե հիվանդության համաճարակ է, այլ թեստավորման պանդեմիա: «Դուք կառավարությանը հարցնում եք՝ ի՞նչ կասեք գերմանացի դոկտորի հայտարարության վերաբերյալ: Սա լո՞ւրջ եք համարում», - հետաքրքրվեց Ծովինար Վարդանյանը: Նա ինքը ԱԺ քննիչ հանձնաժողովներից մեկի ղեկավարն է, որի գործունեության 2 ժամկետները լրացել են, բայց հանձնաժողովը դեռ ոչինչ չունի խորհրդարանին ներկայացնելու:

Արկադի Խաչատրյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նպատակը հանրությանը հետաքրքրող հարցերի մասին բազմակողմանի պատասխաններ ստանալն ու դատողություններ անելն է:

«Եթե դուք հարցեր չեք ուղղել, չեք մասնակցել աշխատանքներին, ապա ես անարդար ու անարդյունավետ եմ համարում մյուս ակտիվ մասնակիցների վարքագիծը, հարցերը, մոտեցումները գրաքննելը: Այն, ինչ անում եք այսօր, գրաքննություն է, որովհետև որոշել եք, որ մեր հարցերը որակապես վատն են», -դիմելով իշխող ուժի իր գործընկերներին՝ ասաց «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը:

Հերիքնազ Տիգրանյանը հիշեցրեց իրենց դիրքորոշումը. այն է՝ թեպետ իրենք մասնակցում են հանձնաժողովի նիստերին, բայց պնդում են, որ քանի Հայաստանում և աշխարհում առկա է համավարակը, այս հանձնաժողովի ստեղծումն աննպատակահարմար է:

Անի Սամսոնյանը տարակուսած էր: Ասաց. «Երբ ինձ ասում են՝ սպասենք, Քովիդը ավարտվի, ես պատասխանում եմ՝ եկեք, սպասենք գրիպի հարուցիչը ավարտվի, վերանա, նոր մենք սկսենք ինչ-որ բան անել»:

Քովիդի քննիչ հանձնաժողովի գործունեության առաջին ժամկետը լրանալու է հունիսին: Աշխատանքը չավարտելու դեպքում այդ ժամկետը կարելի է երկարաձգել ևս մեկ անգամ՝ մինչև 6 ամսով: Այդպես վարվել են խորհրդարանի բոլորը քննիչ հանձնաժողովները: Դրանցից արվածի վերաբերյալ եզրակացություն ներկայացրել է առայժմ միայն մեկը: