Մեր ընտրողներն ավելի շատ են, քան հարցումներն են ցույց տալիս․ Ա․ Եղիազարյան

փետրվարի 21, 2021

Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հետ։

-Պարոն Եղիազարյան, վարչապետը հայտարարում է, թե Հայաստանի տնտեսությունը վերականգնման նշաններ է ցույց տալիս, որոշ ակտիվություն կա։ Դուք նկատե՞լ եք նման բան։

-Անհասկանալի է, թե ակտիվացումը որ ժամանակահատվածի կամ ինչի հետ ենք համեմատում՝ 2018 թվականի՞, 2019-ի՞, թե՞ անցած տարվա կամ ամսվա։ Չափողականությունը պետք է հստակ լինի։ Գուցե անցած շաբաթվա համեմատ այսօր մի փոքր դրական աճ կա, լինի, բայց դա էպիզոդիկ կարող է լինել։ Դինամիկան պետք է հասկանալ։ Կառավարությունում ամբողջ քննարկման ժամանակ չի նշվում ժամանակագրությունն ու չափողականության մեխանիզմը, հետևաբար անհասկանալի է, թե ինչ նկատի ունի վարչապետը։

-Նա ասում է, որ ճգնաժամից վերականգնման նշաններ են նկատվում և, որպես օրինակ, բերում էր ՀԴՄ-ների աճը։

-Ճիշտն ասած՝ երկրի տնտեսությունն ընդհանրապես կապված չէ ՀԴՄ-ների հետ։ Սխալ թեզ է, թե ՀԴՄ-ների շատությունը երկրի տնտեսական աճի նշան է: Երկրի տնտեսությունը պետք է լինի արտադրություն, ավելացված արժեք պետք է ստեղծվի։ ՀԴՄ-ով երկրի տնտեսությո՞ւն ենք զարգացնում:

-Իսկ, ընդհանուր առմամբ, տնտեսության մեջ նկատո՞ում եք աշխուժություն։

-Ոչ։ Վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետին ուղղած իմ հարցը վերաբերում էր գյուղատնտեսությանը. ես ասում էի, որ գարնանացանը շուտով կսկսի, իսկ պետությունը ուղղակիորեն պետք է աջակցի գյուղատնտեսությանը, սուբսիդիաներ ու այլ ծրագրեր սկսի։

-Ի պատասխան նախարարն ասաց, որ իրենք այդքան էլ նպատակահարմար չեն գտնում սուբսիդավորման ծրագրերը շարունակելը, մինչդեռ գյուղացին այդ ծրագրերով դիզվառելիք ու պարարտանյութ էր ստանում։ Դրա փոխարեն առաջարկում են վարկեր վերցնել, ու դրա տոկոսները պետությունը սուբսիդավորի։ Եթե այդ մեթոդով, այդ տրամաբանությամբ պետք է մտածենք, ապա չեմ համարում դա տնտեսության զարգացում։ Նախ գյուղացին վարկունակ չէ, և հետո՝ ինչու՞ ենք մենք հարստացնում բանկերին։ Ես կարող եմ մի բան պնդել՝ այս պահին երկրի տնտեսության զարգացման առումով մենք շատ սխալ ուղղությամբ ենք գնում։ Ֆունդամենտալ փոփոխություններ են պետք։

-Ձեր ասած ֆունդամետալ փոփոխությունները կատարելու համար կառավարությունն ունի՞ պոտենցիալ։

-Էպիզոդիկ ինչ-որ բաներ են անում, գործարաններ բացում, բայց հետո տեսնում ես, որ դրանք չեն գործում, փակվել են։ Ոչ, ներուժ չունի։

-Գյումրի այցելության ժամանակ մի քանի համայնքում մարդիկ վարչապետին կանգնեցրին ու խնդրում էին վերացնել թավիշը։ Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ է նշանակում։

-Եթե այդ հանդիպումների տեսագրությունը տեսել եմ, ու շատ տարօրինակ էր, որ դրանք տեղի էին ունենում ամայի տարածքներում, ոչ համայնքի ներսում։ Ճանապարհի վրա մարդկանց խումբ էր, որ կանգնեցնում էր: Արդյո՞ք դա այդ համայնքն էր, արդյո՞ք դա համայնքի կարծիքն էր։ Չգիտեմ: Ես մի տեսակ արհեստական բան նկատեցի, չեմ էլ ուզում նույնիսկ մեկնաբանել դա։

-Կարծում եք՝ իշխանությո՞ւնն էր կազմակերպել այդ հանդիպումները։

-Չեմ կարող վստահ ասել, բայց այդ հանդիպումները ամայի տարածքներում տարօրինակ էին։ Էպիզոդիկ մի երկու բան են ասում՝ ո՞նց եք, սենց արեք, հներին փոխեք, կաշառակերությունը վերացրեք։ Նման ստանդարտ զրույցները, նման այցերը, հանդիպումները ինչքանո՞վ են նպաստելու մեր խնդիրների լուծմանը, կասկածելի է։ Մենք լուրջ տնտեսական խնդիրներ ունենք, բայց հանդիպմանը մարդիկ ասում են՝ թավիշը վերացրեք, հոգնել ենք նման թեմաներից, նույն տեքստերը լսելուց։

-Արտախորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, թե վարչապետը պատրաստվում է Սյունիքը հանձնել։ Հիմքեր տեսնո՞ւմ եք դրա համար։

-Այս պահին նման փաստեր չգիտեմ, և օդից նման անպատասխանատու հայտարարություններ անելը շատ հեշտ է:

-Նույն ընդդիմությունը իրենց խոսքով՝ «հուժկու» հանրահավաք է անելու փետրվարի 20-ին: Ի՞նչ սպասումներ ունեք, կլինի՞ նոր օրակարգ։

-Ճիշտն ասած՝ ես ընդդիմության հանրահավաքների ու գործողությունների նկատմամբ բացարձակ հետաքրքրություն չունեմ։ Իրենք իրենց անելիքն ու օրակարգն ունեն։ Ճիշտ կլինի այդ հարցով դիմեք իրենց։ Մենք մեր օրակարգն ունենք, մեր ակնկալիքները դրանից են:

-Ձեր օրակարգային հարցը վարչապետի հրաժարականն էր, որը չեղավ։

-Կարծում եմ՝ ամեն դեպքում պետք է գնանք արտահերթ ընտրությունների։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո արտահերթ ընտրություններ, ինձ թվում է, կլինեն։ Այսօր ներկայացվեցին «Գելլափի» հարցումների տվյալները, որոնց համաձայն հարցվածների 58 տոկոսը սպասում է, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Այսինքն՝ ըստ «Գելլափի», հաստատվեցին, որ արտահերթ ընտրությունները ժողովրդի կողմից պահանջված են։ Թեզը, որ ասում էին՝ պահանջմունք չկա, ճիշտ չէր։ Վարչապետի հրաժարականի հարցը, այո, մեր օրակարգում կար, բայց վարչապետը չդիմեց այդ քայլին։ Բայց ես պնդում եմ, որ այս կառավարությունը չի կարող շարունակել կառավարել, որովհետև սա ճգնաժամային իրավիճակ է, ու կարելի է ասել՝ երկրում կառավարում չի իրականացվում։ Անհապաղ պետք են արտահերթ ընտրություններ, որ գոնե այս ճգնաժամային իրավիճակից դուրս գանք ու սկսենք կառուցողական քայլեր կատարել։ Այս փակուղային իրավիճակը լավ տեղ չի տանի մեր երկրին

-Դուք վկայակոչեցիք հարցումները, բայց նույն այդ հարցումներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընդամենը 2% է հավաքել։

-Իրական գնահատականը ընտրությունների արդյունքն է։ Մեր տվյալներով այդ թիվը բավական մեծ է, բայց ժամանակ կա։ Այնտեղ մեծ տոկոս են կազմում մարդիկ, որոնք ուղղակի հրաժարվել են պատասխանից կամ կողմնորոշված չեն: Ամեն բան կորոշակիանա ընտրությունների ժամանակ, ըստ ծրագրերի: Այնպես որ, այդ թվերը, որ այս պահին նշվում են, իրական չեն։