Դարձ ի շրջանս յուր․ պաշտոնյային վիրավորողն ու զրպարտողը կարող է դատվել

փետրվարի 20, 2021

Գլխավոր դատախազությունն առաջարկում է քրեականացնել վիրավորանքն ու զրպարտանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցիչներին՝ պետական ու տեղական մարմինների ծառայողներին, հանրային ծառայության մեջ գտնվող անձանց։ Եթե վիրավորանք-զրպարտանքը ԶԼՄ-ով կամ հրապարակավ չէ, խնդիրը լուծվում է տուգանքով՝ 100 հազարից 500 հազար դրամի չափով։ Եթե վիրավորանք-զրպարտանքը հասցվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով, առաջարկվում է սահմանել 500 հազարից 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

«Հանրային կյանքում մարդկային հարաբերությունների որակի նվազումն իր ազդեցությունն է թողել նաև հանրային իշխանության նկատմամբ հարգանքի վրա, ինչի վկայությունն այն է, որ հաճախակիացել են դեպքերը (հաճախ նաև համացանցի միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով), երբ հանրային ծառայության մեջ գտնվող անձին, այդ թվում՝ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձին վիրավորում կամ զրպարտում են: Ընդ որում, դադրսևորվում է հրապարակայնորեն և ամենակարևորը՝ ուղղակիորեն փոխկապակցված է լինում տվյալ անձի կարգավիճակի հետ: Այսինքն, անձին վիրավորում կամ զրպարտում են ոչ թե նրան դիտարկելով որպես իրավահարաբերությունների մասնավոր սուբյեկտ, այլ որպես հանրային ծառայության մեջ գտնվող անձ, որը կատարում է իր ծառայողական պարտականությունները»,- նշված է նախագծի հիմնավորումներում

Լրագրողական կազմակերպությունները քննադատում են

Իշխանության ներկայացուցիչներին վիրավորելն ու զրպարտելը դարձյալ քրեականացնելու այս նախաձեռնությունը միանգամից արժանացավ քաղաքական-հասարակական շրջանակների քննադատությանը: Մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, թե «այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանություն ներիներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ներիգործունեությունը»։

Նրանք հիասթափված էին, որ 2018թ. հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունը հետադիմական նախաձեռնություններով անընդունելի սահմանափակումներ են նախատեսում արտահայտվելու ազատության համար։ Գործող իշխանությանն այս կազմակերպությունները հիշեցրել են, որ եվրոպական կառույցների պահանջով է 2010թօրենսդրությունից հեռացվել վիրավորանքին ու զրպարտությանը վերաբերող պաշտոնատար անձանց հավելյալ պաշտպանությունը:

«Մենք ամենևին էլ մտադիր չենք պաշտպանել վիրավորողներին և զրպարտողներին։ Սակայն անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ իշխանության ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, հանրային դեմքերը պարտավոր են առավել հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած քննադատության նկատմամբ և պետք է գիտակցեն, որ իրենց գործառույթներն իրականացնելիս գտնվում են հանրության և ԶԼՄ-ների խոշորացույցի ներքո։ Ավելին, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային որոշման՝ լրագրողական ազատության բաղկացուցիչ մաս է կազմում որոշակի չափազանցությունների և նույնիսկ սադրանքի դիմելը»,- հայտարարել էին ՀԿ-ները՝ իշխանությունից պահանջելով հրաժարվել այդ նախագծից:

Նախագիծը դեռ փոփոխությունների կենթարկվի

Քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքի ու զրպարտելու համար նախատեսված տուգանքները հնգապատկելու նախագիծը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց փետրվարի 11-ին։ Հեղինակը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էր։ Քննարկմանը, այն ժամանակ դեռևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե կողմ է, որ վիրավորանքն ընդհանրապես քրեականացվի։ Որոշակի իրավիճակներ օրինակ բերելով՝ դրա անհրաժեշտության մասին խոսել էր նաև «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը: Նույն խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանն էլ հակադարձել էր, թե զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացումը Հայաստանի նվաճումն է, որից հետքայլ չի կարելի անել:

Իմ քայլական այս պատգամավորներն այսօր չեն մեկնաբանում Գլխավոր դատախազության նախագիծը: Խորհրդարանում, ընդհանուր առմամբ, քչերն են համաձայնում խոսել այդ նախաձեռնությունից՝ մեկնաբանելով, թե դա ընդամենը հանրային քննարկման է ներկայացվել, և հայտնի չէ, թե ինչ փոփոխությունների կենթարկվի: Կամ առհասարակ կներկայացվի՞ խորհրդարան, թե՞ ոչ:

Իսկ նախագծի հիմնավորումներում նշվում է, թե «այս գաղափարը չի նույնանում ՔՕ-ից ապաքրեականացված՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելու ինստիտուտի հետ, քանի որ իրավական պաշտպանության ենթակա անձանց ավելի լայն շրջանակ է ներառված»:

«Իմքայլից» Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ գործող կարգավորումներով նույնպես որոշ պաշտոնյաներին՝ դատախազներին, դատավորներին, զինծառայողներին, ՄԻ պաշտպանին վիրավորելն ու զրպարտելը ենթադրում է քրեական պատասխանատվություն: Այս նախաձեռնությամբ այդ սուբյեկտներին պարզապես ավելացնում են հանրային ծառայողներին՝ վարչապետին, նախարարներին, պատգամավորներին և այլոց: Պատգամավորը հավելեց, որ դեմ է ազատազրկման դրույթին, որը նախատեսված է, եթե վիրավորանքն ու զրպարտանքը տեղի են ունեցել լրատվամիջոցներով:

Ընդդիմությունը դեռ չի քննարկել, բայց դեմ է

Խորհրդարանական ընդդիմությունը դեռ չի հասցրել ծանոթանալ այդ նախագծին, պարզապես մամուլից տեղեկացել է, որ իշխանությունը ցանկանում է քրեականացնել վիրավորելն ու զրպարտելը: Այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը չի կարծում, որ դա այսօր Հայաստանի առաջ ծառացած խնդիրներից առաջնայինն է: «Ընդհանրապես դա խնդիր է, որը ներմուծեց այսօրվա իշխանությունն իր հայհոյախառն բառամթերքով: Այդպես մտան քաղաքականություն ու հիմա ուզում են դրա դեմ պայքարել: Պետք էր ուղղակի այդպես չանել»,- ասում է պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան»-ում նախագիծը դեռ չի քննարկվել, և խմբակցության անդամ Շաքե Իսայանը parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ներկայացրեց միայն իր դիրքորոշումը։ Նա կարծում է, որ նախագծի հասցեատերը լրատվամիջոցներն են, և դա շարունակությունն է լրատվամիջոցներին սպառնացող այն «մահակների», որոնք վերջին շրջանում առաջարկում էիշխանությունը: «Տեղյակ եմ, որ նախագիծը դեմ է ՀՀ ստանձնած բոլոր պարտավորություններին, որոնք առնչվում են խոսքի ազատությանը: Վստահաբար, մենք չենք գտնի որևէ եվրոպական երկիր, որտեղ իշխանությանը զրպարտելը կամ վիրավորելը քրեական է, իսկ քաղաքացիներինը՝ ոչ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: