Արտգործնախարարը եկել էր խորհրդարան․ նիստը փակ էր

փետրվարի 23, 2021

Արտգործնախարար Արա Այվազյանը փետրվարի 23-ին հրավիրվել էր Ազգայն ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Առիթը, ըստ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի, պատերազմից հետո ստեղծված արտաքին քաղաքական նոր իրողություններն էին:

«Շատ կարևոր է, որ մենք հենց արտաքին գործերի նախարարից իմանանք՝ ինչ հարցադրումներ կան այսօր, և ուր ենք գնում», -նիստի մեկնարկին ասաց Միքայել Մելքումյանը:

Մինչև նիստի դռնփակ հատվածը՝ արտգործնախարարը հանդես եկավ ելույթով, ներկայացրեց տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և դրանում Հայաստանի դերակատարությունը:

Նրա խոսքով, Հարավային Կովկասում տեղի է ունենում խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում, և այս գործընթացը դեռ ամբողջությամբ չի բյուրեղացել, դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ իրողություններին և մարտահրավերներին:

Նախարարն ասաց, որ տարածաշրջանում բոլոր առումներով՝ հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար հարցերի լուծման, առանցքային դերակատարում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունը: Այդուհանդերձ, բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, Թուրքիան ևս որոշակի հավակնություններ է ցուցաբերում տարածաշրջանային գործընթացներում: 

«Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը:

Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի բռնազավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը», -ասաց նախարարը:

Հայկական կողմի դիրքորոշումը, ըստ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, այն է, որ կարգավորման գործընթացը պետք է վերսկսի, սակայն մինչ այդ պետք է ձևավորվի վստահության միջավայր: Բայց դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ, Արա Այվազյանի խոսքով, ադրբեջանական կողմը շարունակում է չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվող հումանիտար մասը՝ գերիների, ռազմագերիների վերադարձը՝ դրա համար հարուցելով արհեստական խոչընդոտներ: Արա Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և Հայաստանը ցանկանում է տարածաշրջանում տեսնել ուժեղ համանախագահություն: 

ԵԱՏՄ-ն և հետպատերազմյան Հայաստանը

Խոսելով ԵԱՏՄ-Հայաստան համագործակցության մասին՝ Արա Այվազյանն ասաց, որ համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումների արդյունքում 2020-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով, իսկ միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը՝ ընդամենը 2 տոկոսով: 

«Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին ԵԱՏՄ տնտեսությունը կկրճատվի 3.9 տոկոսով», -կանխատեսումը ներկայացրեց նախարարը՝ շեշտելով, որ ԵԱՏՄ-ի շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ունի:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման հնարավորությանը՝ նախարար Արա Այվազյանը նկատեց, որ եվրասիական տարածաշրջանի վրա կազդի տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը: «Ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժը՝ առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների», -ընդգծեց Արա Այվազյանը:                                              

Տնտեսական հատվածի մասով նախարարին լրացեց Միքայել Մելքումյանը: Ասաց, որ ԵԱՏՄ անդամ երկրների համեմատ՝ ամենամեծ տնտեսական անկումն ունի Հայաստանը՝ 7.5 տոկոս: «Դա շատ ցավալի է, և դրա վերականգնումը շատ բարդ է լինելու: Եթե, ասենք, ԵԱՏՄ անդամ գործընկեր Բելառուսում 2.3 տոկոս անկում է, Ղազախստանում՝ 2.6, Ռուսաստանում՝ 3.1, ապա, ցավոք սրտի, Հայաստանն ունեցավ ամենամեծ անկումը»:

Հայաստանին սպառնացող այս ու այլ շատ խնդիրներ լուծելու համար ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը միայն մեկ ուղի է տեսնում՝ իշխանության փոփոխություն. «Հայաստանին պետք են փոփոխություններ, համակարգային փոփոխություններ», ասաց նա: