Հանուն պետության այս անգամ վարչապետ չենք առաջադրի․Կ․Սիմոնյան

մարտի 9, 2021

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ

- Պարոն Սիմոնյան, ինչպե՞ս եք գնահատում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածությունների եռօրյա քննարկումները նախորդ շաբաթ ԱԺ-ում:

- ԱԺ կյանքից և հարկատուներից ուղղակի երեք օր վատնեցին անիմաստ բանավեճի վրա, որը պետության համար ոչ մի խնդիր չլուծեց և մեզ որևէ քայլ առաջ չտարավ: Իմ գործընկեր Տարոն Սմոնյանը հաշվել էր, որ մարդիկ ուղիղ յոթ ժամ անդադար խոսել են: Պատկերացնո՞ւմ եք` մի մեծ խմբակցություն յոթ ժամ խոսի մի բանի մասին և որևէ հարց չլուծի:

- Իշխանությունը ցանկանում էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հասկացնել, որ նա գտնվում է նախկին իշխանության ազդեցության ներքո ու գործում է ճիշտ այնպես, ինչպես դատական համակարգը:

- Դա կարելի էր ասել հայտարարություններով, հարցազրույցներով, սոցիալական հարթակներով, պետք չէր երեք օր շարունակ ասել ԱԺ ամբիոնից: Երբ նման գործընթաց եք սկսում ԱԺ ամբիոնից, ձեր գործողություններով հեղինակազրկում եք այն: Մենք այդ ամբիոնից քննարկելու այլ կարևոր խնդիր չունեի՞նք: Օրինակ, Հայաստանում կա՞ փախստականների խնդիր, իրավաբանորեն այդ հարցին պատասխան ունե՞նք, թե՞ այդ մարդիկ ներքին տեղահանվածներ են: Ի վերջո, նրանք ներքին տեղահանվածնե՞ր են, ի՞նչ կարգավիճակ ունեն:

- Կարծում եք՝ նրանց պետք է կարգավիճա՞կ տալ:

- Եթե ուզում ենք որևէ կերպ օգնել, պետք է իրավաբանորեն հիմնավորեք, թե այդ գումարն ուր է գնում: Եթե դա զուտ օգնություն է Արցախի բնակիչներին, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան, պետք է իրավական հատուկ կատեգորիա ստեղծեք:

- Դա պարտադի՞ր է:

- Իհարկե, պետական բյուջեի փողերն ես ծախսում, բա ինչպե՞ս պետք է հիմնավորվի դա: Մենք ունենք նախադեպ, երբ համաճարակի առիթով հատուկ քարտերվ վճարումներ են կատարվել՝ շրջանցելով գնումների ընթացակարգը: Դա մամուլից եկող տեղեկություն է, և COVID-19-ի քննիչ հանձնաժողովը, կարծում եմ, այդ հարցին էլ կպատասխանի:

- Չե՞ք կարծում, որ դատական համակարգում լուրջ խնդիր կա. Այն գործում է նախկն իշխանությամբ կամ նոր իրողություններին՝ կոռումպացված չլինելու, անկախ լինելու պահանջներին չեն հարմարվում:

- Դատական համակարգում խնդիրներ կան, ինչպես քաղաքական համակարգի բոլոր ինստիտուտներում, սա անգամ իրենք չեն հերքում: Բայց պնդել, որ դատական համակարգն ամբողջությամբ կոռումպացված է, ճշմարտությանը չի համապատասխանում: Կան ազնիվ, գերազնիվ մարդիկ, որոնք ծառայում են օրենքին և երկրին: Իսկ եթե կան Ձեր նշած դեպքերը, ապա պետք է ունենանք քրեական գործեր, մեղադրվող մարդիկ, բայց մենք չունենք նման դեպքեր, և ես չեմ կարող այդպիսի եզրակացություն անել: Մյուս կողմից` միգուցե իշխանությունն այդ մասին այդքան շատ է խոսում, որովհետև ի՞նքն է ցանկանում համակարգը վերահսկել: Այսինքն, իշխանությունը երկերեսանի մոտեցում է ցուցաբերում:

- Այնուամենայնիվ, Ձեր տպավորությամբ՝ դատական համակարգն այսօր անկա՞խ է գործում:

- Ոչ, ինչպես տեսնում եք, չկա ազդեցության մեկ կենտրոն: Դատական համակարգի մասին եկեք ընդհանրական չխոսենք, գուցե առանձին դատավորներ կարող են ենթարկվել այս կամ նախկին իշխանությանը, չեմ բացառում:

- Նորմա՞լ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու գործով մեղադրվողները, ԱԺ նախագահի նկատմամբ բռնություն գործադրողները, կառավարության ու ԱԺ շենք մտնողները ազատության մեջ են:

- Եթե դատախազությունը գտնում է, որ կալանքը պարտադիր է տվյալ պարագայում, պետք է դիմի վերադաս դատարաններ: Եթե երեք ատյաններում էլ որոշումն անփոփոխ եղավ, ուրեմն, դա բացառում է սխալը: Եթե այդ մարդիկ մեղավոր են, պետք է պատժվեն դատական ընթացակարգերով:

- Իսկ աշնանը սահմանադրական փոփոխություններ կատարելու և կիսանախագահական համակարգին վերադառնալու իշխանության մտադրությունը ինչպե՞ս եք գնահատում:

- Այս պահին դա հրատապ չէ: Արտահերթ ընտրությունների հարցը թողած` սահմանադրական փոփոխությունների քննարկումը որևէ լուծում չի տա: Սահմանադրական փոփոխությունները լուծելո՞ւ է այս քաղաքական ճգնաժամը: Արտահերթ ընտրություններից հետո նոր իշխանությունը կարող է քննարկել Սահմանադրական փոփոխությունները` հատկապես կառավարման համակարգի փոփոխության հարցը: Նման խնդիրներից մեկն էլ, որին հիմա բախվել ենք, ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն չտալն է: Այս պահին, եթե անգամ բոլոր պատգամավորները վայր դնեն մանդատը, ԱԺ-ն չի լուծարվի, մանդատները կփոխանցվեն հաջորդ ցուցակներին, ու այդպես՝ մինչև սպառվեն ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների ցուցակները:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ սահմանդրական փոփոխություններով ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տրվի, հետո նոր արտահերթ ընտրություններ անցկացվեն, հետո դա բերի վարչապետի հրաժարականի:

- Մենք չգիտենք, թե մի տարի հետո ինչ կլինի: Ինչպես պարոն Մարուքյանն ասաց՝ եթե վարչապետը մարտի 8-ին հրաժարական տա, առաջիկա երկու ամիսներին կունենանք արտահերթ ընտրություններ: Հետաձգելու դեպքում շարունակվելու է ճգնաժամը, պետությունն ավելի մեծ հարվածներ է ստանալու: Դեռ հարց է՝ ձգձգման արդյունքում մենք կկարողանա՞նք վերականգնել պետական ինստիտուտները:

- Ձեր կարծիքով խորհրդարանական երեք ուժերը արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնության կգան:

- Չեմ կարող ասել: Մենք ասել ենք, որ վարչապետի ներկայացրած` վարչապետի թեկնածու չառաջադրելու պահանջն արհեստական է, այն ընդամենը պատրվակ էր ընտրություններ չանցկացնելու համար: Այժմ ասում ենք, որ պատրաստ ենք անգամ այդ հուշագիրը ստորագրել, միայն թե վարչապետը հրաժարական տա, և գնանք ընտրությունների: Հիմա մենք նրանց զրկում ենք այդ պատրվակից:

- Բայց իշխանությունը հստակ հայտարարել է, որ եթե ընդդիմությունը չի ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների, ինքը հատուկ շահագրգռվածություն չի ունենա:

- Դրա համար էլ մենք և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել ենք, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են: Հարցն այնն է, թե ինչու են ուզում սահմանափակել մեր իրավունքները: Բայց եթե այդ սահմանափակումը իրավիճակի հրամայականն է, մենք հանուն պետության այս անգամ վարչապետի թեկնածու չենք առաջադրի: