Չստացված խորհրդակցություններ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ

մարտի 13, 2021

4 ամսվա ընթացքում հանդիպման 2 առաջարկ՝ վարչապետից, ավելի, քան 2-ը՝ նախագահից. 44-օրյա պատերազմից հետո վարչապետն ու նախագահը խորհրդակցություն-հանդիպումների են հրավիրում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին՝ քննարկելու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղիները: Եթե նախագահի պարագայում դրանց նպատակը հենց խորհրդակցություններն են, ապա վարչապետի դեպքում՝ նախընտրական հուշագրի ստորագրումը, որին այդպես էլ չի հաջողվում հասնել:

Չստացված խորհրդակցություն-1

2020թ. դեկտեմբերի ավարտին վարչապետ-խորհրդարանական ուժեր հանդիպումների քննարկման առարկան արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ղեկավարներին առաջարկել էր գնալ արտահերթ ընտրությունների՝ նախ, սակայն, ստորագրելով հուշագիր, որ մինչև ընտրությունները իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի: Երկու կուսակցություններն էլ մերժել էին Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

ԼՀ-ն ուներ վարչապետի իր թեկնածուն՝ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ-ն հայտարարում էր, որ անդամակցելով «Հայրենիքի փրկության շարժմանը»՝ պաշտպանում է նրա վարչապետի միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին: Այս երկու ուժերն էլ Նիկոլ Փաշինյանից պահանջում էին հրաժարական տալ և արտահերթ ընտրություններն անցկացնել նոր վարչապետի վերահսկողությամբ: Անցած տարեվերջին Փաշինյան-Մարուքյան, Փաշինյան-Ծառուկյան հանդիպումները որևէ արդյունք չտվեցին:

Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների հարցը քննարկել էր նաև արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ: Հանդիպումների արդյունքը «Իմ քայլի» պատգամավորները փետրվարի 7-ին ամփոփեցին Աղվերանում ու հայտարարեցին. «Բնակչության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հասարակական պատվեր չկա։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից»,- նշված էր հայտարարության մեջ: «»

Չստացված խորհրդակցություն-2

Արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների երկրորդ հրավերը Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մարտի 1-ին՝ Հանրապետության հրապարակի հանրահավաքում: Ասաց. «Ես հիմա ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել հետևյալը, որ եթե խորհրդարանական ուժերը, առաջին հերթին խորհրդարանական ուժերը, կընդունեն մեր՝ դեռևս հունվարին, դեկտեմբերի վերջին ձևակերպած առաջարկը, մենք մեր խոսքի տերն ենք և, այո, այդ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այդ մարտահրավերը ես նետում եմ խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ խորհրդարանանական ընտրությունների»:

Փաշինյանի մարտի 1-ի այս հայտարարությունից օրեր առաջ, փետրվարի 25-ին հայտարարությամբ էին հանդես եկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և 44 բարձրաստիճան զինվորականներ: Նրանք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից: Վարչապետն էլ, ի պատասխան, հանրապետության նախագահին էր ներկայացրել միջնորդագիր՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ:  

Ահա Փաշինյան-Գասպարյան այս լարվածությունը թուլացնելու նկատառումով Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե «պատրաստ է ցանկացած կոմպրոմիսի», խոստանում է վարչապետ չառաջադրվել և վարչապետի որևէ թեկնածուի չաջակցել՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի ԳՇ պետին պաշտոնանկ անելու մտադրությունից և ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնի մինչ այդ պաշտոնանկ արված Տիրան Խաչատրյանին:

Մարտի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով Էդմոն Մարուքյանը երկրորդ անգամ հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո հայտարարեց, թե համաձայնության չեն եկել, և տեղի կունենա բանակցությունների երկրորդ փուլ, բայց արդեն վարչապետի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդիպումից հետո:

Այն, ինչ խոստանում է ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն արել է 2018-ին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դեռ չի կայացել: ԲՀԿ-ականներն ասում են, որ հանդիպման մասին որոշում պետք է ընդունի ԲՀԿ քաղխորհուրդը, երբ կլինի քաղխորհրդի նիստը՝ հայտնի չէ:

Ի դեպ, ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մեկ անգամ նախընտրական հուշագիր արդեն ստորագրվել է: Դա եղել է 2018 թվականի հոկտեմբերին՝ դեկտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ: Բովանդակությունը մոտավորապես այն էր, ինչի մասին խոսում է հիմա Նիկոլ Փաշինյանը: Հուշագրում նշվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Ինչպես նաև խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության:

***

Մարտի 13-ին վարչապետին, խորհրդարանական ուժերին, «Հայրենիքի փրկության շարժման» անդամներին հանդիպման է հրավիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Դրան մասնակցելու համաձայնություն է տվել «Իմ քայլը» խմբակցությունը, ԼՀԿ-ն՝ առանց նախապայմանների, ԲՀԿ-ն՝ նախապայմաններով: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կրկնել է «Հայրենիքի փրկության շարժման» պայմանները՝ Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարություն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: