Ալեն Սիմոնյանի հետքայլը. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում

մարտի 17, 2021

Քննիչ հանձնաժողովների կյանքում ոչինչ չի փոխվի

Մարտի 17-ի նիստում Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նախագիծը՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Բագրատյանն առաջարկում էր ԱԺ քննիչ հանձնաժողովին տալ հնարավորություն՝ անվստահություն հայտնելու կառավարության այն անդամին, որն անհարգելի կբացակայի քննիչ հանձնաժողովի նիստերից, չի պատասխանի դրա անդամների հարցերին: Նրա խոսքով՝ փոփոխությունը կհարկադրի, որ կառավարության ներկայացուցիչը մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «ինչը կնպաստի գործող և ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և պաշտոնատար անձանց կողմից աշխատանքների պատշաճ կատարմանը»:

Պատգամավորի այս առաջարկությունը նախապատմություն խորը արմատներ ունի: Նա, որպես մետաղական հանքավայրերի հարցերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի եզրակացությունը ԱԺ ամբիոնից ներկայացնելիս հայտարարեց, որ կառավարության ենթակա կառույցների հետ հարաբերություններում խնդիրներ է ունեցել: Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին հրավիրել էր հանձնաժողովի նիստերին, սակայն վերջինը չէր ներկայացել:

«Քննիչ հանձնաժողովը պաշտոնյային հրավիրելիս կարող է մատնանշել առաջարկվող հոդվածը. եթե դուք չներկայանաք պատշաճ կարգով, կենթարկվեք պատասխանատվության: Այսինքն՝ պաշտոնյային պետք է հրավիրել նիստին պատասխանատվության ենթարկելու իրավունքով, այլապես մեր նախարարները կարող են զբաղվածությունը պատճառաբանելով չներկայանալ նիստին», -ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:

Իմքայլական պատգամավորները ներկայացված նախագծին դեմ էին, կառավարությունն էլ բացասական դիրքորոշում էր հայտնել:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նկատեց, որ քննիչ հանձնաժողովների ձևավորման ժամանակ, ըստ օրենքի, բոլոր խմբակցությունները ներկայացված են լինում դրանց կազմում, հետևաբար, պատգամավորները, անհրաժեշտության դեպքում, կարող են սեփական հայեցողությամբ, առանց քննիչ հանձնաժողովի առաջարկի, գրավոր հարցապնդումներով դիմել կառավարության անդամներին:

«Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնյաների պարագայում, մենք գործ ունենք քաղաքական պատասխանատվության հետ: Ի՞նչ է նշանակում՝ քաղաքացին, ընտրողը պետք է որոշի՝ այդ մարդը, իրոք, նա է, ով պետք է ներկայացնի իրեն կառավարությունում ու այլ մարմնում», -արձագանքեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա ասաց, որ պատգամավորը նիստերի ընթացքում կառավարությանը հարց ուղղելու հնարավորություն ունի, և կառավարության այս կամ այն պաշտոնյայի չներկայանալու մասին պատգամավորը կարող էր այդ նիստերին բարձրաձայնել:

«Դուք նաև կարող էիք ասուլիսներ հրավիրել, այդ վարքագծի մասին բարձրաձայնել, հանրայնացնել, բայց նման միջոցները կիսամիջոց են, որոնք օգուտ չեն բերելու», -նշեց Վարդանյանը՝ այդուհանդերձ ընդունելով, որ քննիչ հանձնաժողովի դերի բարձրացման հարցում խնդիրներ կան:

Սերգեյ Բագրատյանի նախագծին պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց:

ԼՀԿ-ն առաջարկում էր հրապարակային դարձնել հանրային պաշտոնյաների մասին տվյալները

Նույն ճակատագրին արժանացավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը: Նրանք առաջարկում էին փոփոխություն կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում՝ հրապարակային դարձնելով հանրային որոշ պաշտոններում առաջադրվող թեկնածուների բարեվարքության մասին Հանձնաժողովի եզրակացությունները: Դրանք են՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուները, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուները, դատավորների թեկնածուները:

«Յուրաքանչյուրը, ով ցանկանում է հանրային պաշտոնյա լինել, դրանից առաջ պետք է իմանա, որ իր մասին որոշակի տվյալներ պետք է հասանելի լինեն հանրությանը: Բոլորը պետք է տեղյակ լինեն, թե ինչ է իրենից ներկայացնում այն թեկնածուն, որը հավակնում է ստանալ տվյալ պաշտոնը», -նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացնելիս ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Իմ քայլից» Արթուր Դավթյանը նկատեց, որ նշված անձինք ընդամենը թեկնածուներ են, հանրային պաշտոն չեն զբաղեցնում, հետևաբար, արդյո՞ք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հետ հակասություն չունի ներկայացվող առաջարկությունը, քանի որ օրենքով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք ենթակա չեն հրապարակման, օրինակ՝ անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տվյալները:

Անի Սամսոնյանն ասաց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հետ հակասություններ չկան, և եթե անձը պատրաստվում է հանրային պաշտոն զբաղեցնել, պետք է պատրաստ լինի, որ իր մասին կհրապարակվեն նաև անձնական տվյալներ:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով պատրաստվում է դառնալ հանրային պաշտոնյա, եթե ունի բարեվարքության հետ կապված խնդիրներ և մտավախություն, որ դրանք կդառնան հրապարակային, տրամաբանությունն այն է, որ չպետք է զբաղեցնի հանրայն պաշտոն», -հավելեց ԼՀԿ-ական պատգամավորը:

Կառավարությունը դեմ էր նաև այս փոփոխությանը: Դեմ էին «Իմ քայլի» պատգամավորները նույնպես: Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ նման եզրահանգման եկել են միջազգային տարբեր փաստաթղթեր, կոնվենցիաներ և Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն ուսումնասիրելու արդյունքում: Նրա խոսքով՝ բարեվարքության վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը կարող է պարունակել տեղեկությունը, որը, հրապարակման դեպքում, կազդի դատավորների հեղինակության վրա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած նախագծին:

Մինչև 3մլն՝ 5-ի, մինչև 6մլն՝ 10-ի փոխարեն

Փոխարենը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլի» ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»: Այն ուղղակիորեն վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներին:

Այս նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 11-ին՝ 72 կողմ, 30 դեմ և 2 ձեռնպահ ձայնով: Այսօր պարզվեց, որ մեկամսյա քննարկումից հետո Ալեն Սիմոնյանը որոշել է հետքայլ անել՝ նվազեցնելով առաջին ընթերցմամբ ընդունված տուգանքի չափերը՝ զրպարտության և վիրավորանքի համար:

Անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար գործող օրենքով սահմանված է մինչև 1 մլն դրամի չափով փոխհատուցում: Մեկ ամիս առաջ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր այն դարձնել մինչև 5 մլն, իսկ զրպարտության համար սահմանված մինչև 2 մլն դրամը՝ 10 միլիոն: Այսօր 5-ը դարձել էր 3, 10-ը՝ 6 մլն դրամ:

«Գործընկերներով քննարկել և որոշել ենք շեմը այնքան բարձր չանել, ինչպես առաջարկել էի նախկինում: Որոշեցինք մի փոքր զիջում անել», -իր փոփոխությունը հիմնավորեց ԱԺ փոխխոսնակը:

Օրինագծի հարակից զեկուցող Արթուր Դավթյանը նկատեց, որ խոսքը ոչ թե տուգանքի, այլ փոխհատուցման մասին է, իսկ սահմանված չափը վերին շեմն է, և դատարանները կարող են կիրառել նվազագույն չափը:

«Փոխհատուցման չափը ամբողջովին կլուծի՞ այդ խնդիրը, այսինքն՝ դրանից հետո էլ ոչ մեկ ոչ ոքին չի՞ վիրավորի, թե՞ կարող է վիրավորել ու գումար վճարել, վիրավորել ու էլի գումար վճարել»,-հետաքրքրվեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Իհարկե, եթե ցանկություն ունի վիրավորելու, կվիրավորի ու փոխհատուցում կվճարի, եթե պատրաստ է դրա վրա այդքան գումար ծախսել: Բայց հավաստիացնում եմ Ձեզ, որ այն անձինք, ովքեր նման շեմի հասնող գումար չունեն, կդադարեն նման վարքագիծ դրսևորել», -արձագանքեց Դավթյանը:

Կառավարությունը ավելի ցածր շեմ էր առաջարկում: «Մենք առաջարկում ենք այսչափ բարձր չսահմանել, վիրավորանքի դեպքում սահմանափակվել մինչև 2 մլն դրամ փոխհատուցմամբ, իսկ զրպարտության դեպքում՝ մինչև 3 մլն»,-ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Ալեն Սիմոնյանը այս առաջարկին դեմ էր:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: