Փոփոխված ԸՕ-ով ընտրությունների համար ողջամիտ ժամկետներ են պետք․ Հ․Տիգրանյան

մարտի 18, 2021

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ

-Տիկին Տիգրանյան, իշխանությունը մտադրություն ունի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել փոփոխվա՞ծ Ընտրական օրենսգրքով:

- Բնականաբար, այդ նպատակով էլ փոփոխությունների նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ և ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Հավանաբար, այս ամիս կստանանք կարծիքը: Նախագիծը, ճիշտ է, մեր խմբակցությունն է դրել շրջանառության մեջ, բայց եղել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են եղել նաև մյուս խմբակցությունների պատգամավորները:

- «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողներին ասել է, որ իրենց համար շատ կարևոր՝ բաց համամասնական ցուցակներ սահմանելու առաջարկությունը չեք ներառել նախագծում:

-Մենք ունենք համախոհություն տարածքային ցուցակները հանելու և ընտրությունները միայն համամասնական ցուցակներով կազմակերպելու հարցում: Մենք առաջարկել ենք համամասնական փակ ցուցակը, իրենք՝ բաց ցուցակը, որ քվեարկեն ցուցակի կոնկրետ թեկնածուի օգտին: Մեր հիմնավորումն այն է, որ բաց ցուցակը շատ չի տարբերվում ռեյտինգային ցուցակից, այսինքն, մարդը նորից սկսելու է ընտրություն կատարել ոչ թե կուսակցությունների, այլ անձանց միջև: Մենք փորձում ենք բացառել անձերի միջև ընտրությունը՝ գալով ամբողջությամբ համամասնական ցուցակի գաղափարին:

- ԼՀԿ ղեկավարն ասում է, որ փակ համամասնականի դեպքում կստացվի մայրաքաղաքային ցուցակ:

- Նման բան չկա: Նախ՝ «Կուսակցությունների մասին» օրենքով ցուցակի առաջին երեսնյակը ձևավորվելու է կուսակցության համագումարի կողմից: Այսինքն, կուսակցությունը ժողովրդավար ճանապարհով է ցուցակ կազմելու: Եվ եթե ընտրողն ընդունում է կուսակցության գաղափարախոսությունը, էական չէ, թե ում միջոցով է ցանկանում այն իրականություն դարձնել: Իսկ փակ ցուցակը չի նշանակում, որ այն գաղտնի է, հետևաբար, որևէ նշանակություն չունի՝ Երևանո՞ւմ, Գյումրիո՞ւմ, թե՞ որևէ գյուղական համայնքում են ընտրում:

- Թե՛ ԼՀԿ-ն, թե՛ ընդդիմադիր մյուս ուժերը պահանջում են, որ ընտրություններն անցկացվեն ամենաուշը հունիս ամսին, մինչդեռ ԸՕ փոփոխություններ նախաձեռնելով՝ դուք հետաձգում եք ընտրությունները մինչև աշուն: Այդպե՞ս է:

- Մենք որևէ ժամկետ չենք նշել: Եթե ընտրությունների ենք գնում ԸՕ փոփոխություններով, պետք են ողջամիտ ժամկետներ, որպեսզի ԿԸՀ-ն կազմակերպչական աշխատանքներ և այլ գործառույթներ իրականացնի: Առանց շտապողականության, նորմալ համապետական ընտրություններ անելու համար Էդմոն Մարուքյանի նշած ժամկետներն իրատեսական չեն: Նույն Վենետիկի հանձնաժողովն ունի ընտրությունների լավագույն փորձի սկզբունքները, ու ըստ դրանց՝ եթե փոխում ես խաղի կանոններ, ընտրությունների պետք է գնաս դրանից նվազագույնը 6 ամիս, լավագույն դեպքում՝ 1 տարի հետո: Ես չգիտեմ, թե ինչով են պայմանավորված պարոն Մարուքյանի շտապողականությունը և իրարամերժ հայտարարությունները, թե եթե ընտրությունները հունիսին չանցկացվեն, իրենք վարչապետի թեկնածու կառաջադրեն: Բացի այդ, ըստ էության,այդպիսով պայման է թելադրվում, և խախտվում է իրենց հայտարարության տրամաբանությունը, թե արտահերթի ենք գնում: Եթե կողմ եք արտահերթ ընտրություններին, ապա հունիսին, թե օգոստոսին՝ որևէ պարագայում չպետք է խոսվի վարչապետի թեկնածու առաջադրելու մասին:

- Ընդդիմադիր ուժերն ասում են շուտ լինեն արտահերթ ընտրությունները, որ երկիրը շուտ դուրս գա քաղաքական ճգնաժամից:

-Ընդդիմադիր ուժերը թող շատ չնեղվեն քաղաքական ճգնաժամից, որովհետև իրենցից ով որքան կարողացել, ազդել է դրա խորացման վրա: Մեզ նույնպես հաճելի չէ, որ մարդիկ հոգնել են քաղաքական այս վայրիվերումներից, և շահագրգռված ենք, որ հարցը հանգուցալուծում ստանա: Վատագույն դեպքում՝ եթե միակ տարբերակը ընտրությունները շուտ անցկացնելն է, ուրեմն, ստիպված պետք է գործող ԸՕ-ով գնանք, ինչն ամենևին ցանկալի չէ: Իսկ ներկայացվածը հրաշալի նախագիծ է:

- Ինչո՞վ է հրաշալի:

- Եթե որևէ քաղաքական ուժ ծանոթանա այդ նախագծին, և խորհրդարանում ունենա քվեարկելու հնարավորություն, չի կարող ո՛չ դեմ և ո՛չ էլ ձեռնպահ քվեարկել, այսինքն, այդքան ազատականացված են այդ նոր կարգավորումները: Ընդ որում, նախագիծը մշակվել է ոչ թե իշխող ուժի տեսանկյունից, այլ տեսլականից, թե ընդհանրապես ՀՀ-ում ինչպիսի ընտրություններ ենք պատկերացնում:

- Հնարավորինս ազատական լինելու համար ի՞նչ կարգավորումներ եք սահմանել:

- Հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգը, հանվել է բոնուսային համակարգը, 1 տոկոսով իջեցվել է անցողիկ շեմը, խստացվել է վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորությունը, իսկ օգտագործման դեպքում՝ պատասխանատվությունը և այլն:

- Այնուամենայնիվ, ընդդիմությունն ասում է, որ կօգտատործեք վարչական ռեսուրս ու կկեղծեք ընտրությունները, քանի որ ձեր վարկանիշը խիստ նվազել է:

- Այս զարգացումների արդյունքում, գուցե, հիասթափություն, վստահության շեմի որոշակի նվազում կա, բայց վստահ ենք, որ մեր վարկանիշն այնքան է, որ գոնե անցողիկ շեմը կհաղթահարենք: Հետևաբար, ովքեր ժամանակին վարչական ռեսուրս են օգտագործել և տիրապետում են ընտրակեղծարարության գործիքակազմին, պարզապես, չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է լինել իշխանության ու չօգտագործել այդ սև գործիքները: Դրա համար են նման հայտարարություններ անում, բայց մենք իշխանության վերարտադրումը չենք համարում մեր գերնպատակը:

- Այնուամենայնիվ, կուսակցությունների մեծ մասը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, և նրանց միացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

-Քաղաքական նոնսենս է լեգիտիմ իշխանության ղեկավարի հրաժարականն այն դեպքում, երբ խորհրդարանում մնում է նրա թիմը: Իսկ ում առաջադրում են որպես վարչապետի համերաշխության թեկնածու, հանրության մեջ անհամերաշխություն է մտցրել: Եվ նրա մասնակցած ընտրություններն էլ արժանահավատությամբ աչքի չեն ընկել, հետևաբար, չկատարած հանցանքի մեջ մեղադրելը նշանակում է առանց փաստերի կրակել օդում: Եվ վատ է, որ առաջին նախագահը միացավ այդ քարոզարշավին:

- Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հայտարարության մեջ նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և անձեռնմխելիություն ստանալով՝ ապաստան գտնի արտերկրում:

- Ես պարզապես ափսոսում եմ, որ նա նման հայտարարություն է արել: