Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք․ Ա․ Խաչատրյան

մարտի 25, 2021

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ

-Պարո՛ն Խաչատրյան, այդպես էլ հայտնի չդարձավ՝ Արցախյան պատերազմի ժամանանակ ռուսական «Իսկանդերը» կրակե՞լ է, թե՞ ոչ, կամ «ՍՈւ-30»-ներն ինչո՞ւ չկիրառվեցին: ԶՈՒԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը պնդում է, որ «Իսկանդերը» կրակել է, իսկ «ՍՈւ-30»-ների դեպքում երեք մեխանիզմներից մեկը բացակայել է: Կարո՞ղ եք ասել՝ ճիշտ ո՞րն է:

-Երկրի և իշխանության համար շատ մեծ խնդիր ստեղծեց Մովսես Հակոբյանը: Նա գեներրալ-գնդապետ է, եղել է ԶՈւԳՇ պետ: «Իսկանդերի» վերաբերյալ ողջ պատմությունը սկսվեց հենց Մովսես Հակոբյանի հայտարարությունից: Այսինքն, երկրի թիվ մեկ պաշտոնյաներից մեկը, որի ամենաառաջին խնդիրը երկրի պաշտպանունակությունն է, սահմանների անձեռնմխելիությունը, կանգնեց և հայտարարեց՝ «Իսկանդերը» կրակել է, չի կրակել, լավ է կրակել, վատ է կրակել: Ադրբեջանն օգտվեց դրանից, դա գրավեց ռուսական կողմի ուշադրությունը, խնդիրներ առաջացան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարություն արեց, հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված հայտարարություն արեց, հետո ինչ-որ ուսումնասիրություններ արվեցին, ՌԴԳՇ-ն հայտարարություն արեց, ևստեղծվեց մի հատ բոլոլա:

Ուզում եմ պարզապես ասել՝ շնորհակալություն, Մովսե՛ս Հակոբյան, դու, որ այդ ամենը ստեղծեցիր մեր երկրի ու քո հայրենիքի հանդեպ, դու, որ կյանքումդ այլևս ոչ մի վնաս չտաս, սա բավարար է: Արդեն չգիտեմ՝ քո աշխատանքի օգո՞ւտն էր շատ, թե՞ վնասը: Ավելի մանրամասն չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է ռուսական զենքին, ապա «Իսկանդերը» այսօր աշխարհում համարվում է թիվ մեկ օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգը:

- Բայց կարծիք կա, որ ՌԴ-ն մեր երկրին այդ տարբերակը չի տվել կամ տվել է, բայց այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ հնարավոր չլինի այն կիրառել Ադրբեջանի դեմ:

- Դրանք ուսումնասիրման ենթակա հարցեր են, որոնք անգամ պետք չէ քննարկել: Իսկ Մովսես Հակոբյանն իրավունք չուներ պատերազմից հետո ռազմական գաղտնիք համարվող տեղեկություն հրապարակել, Կարծում եմ՝ նա այդ ամենն արել է միտումնավոր, քանի որ նա այն անձը չէր, որ իր կատարած քայլերի հետևանքները չգիտակցեր:

րավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է, թե Ադրբեջանը հայ գերիներին վերադարձնելու երեք պայման է ներկայացրել. Հայաստանի զինուժի դուրսբերում Արցախից, հավելյալ տարածքների՝ օրինակ Տիգրանաշենի (Քյարքի) զիջում, և վերահսկողություն Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհինկատմամբ. Դուք գիտե՞ք այս մասին:

- Ես չունեմ նման տեղեկատվություն: Ադրբեջանը կարող է շատ պայմաններ դնել, մենք տեսնում ենք Ալիևի հայտարարություններն ու թշնամական վերաբերմունքը: Ժամանակը կգա, հաստատ Ալիևին իր տեղը կդնենք: Բայց գերիների համար ներկայացրած պայմանը չի նշանակում, որ ինչ-որ մեկն այդ թեմայով կբանակցի նրանց հետ: Ոչ: Գերիների վերադարձը միջազգային նորմերով սահմանված խնդիր է, նրանք պարտավոր են վերադարձնել: Իհարկե, դա նրանց ձեռքում լավ գործիք է ՀՀ ներքաղաքական վիճակը ցնցելու համար, և մեր քաղաքական ուժերի օգնությամբ դա նրանց երբեմն հաջողվում է: Ի վերջո, Ադրբեջանը չի կարող չվերադարձնել մեր գերիներին:

- Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հաստատել է լուրերը, թե ՀՀ-ն արդեն կատարում է զինված ստորաբաժանումները Արցախից հանելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջը և նոր զինակոչիկներ չի ուղարկում: Նա միաժամանակ հավելել էր, թե ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են ծառայել Արցախում, կարող են այնտեղ գրանցում ձեռք բերել:

- Ես չեմ ուզում նման հարցերի պատասխանել: Ազգային անվտանգությանն առնչվող խնդիր է, թե ինչպիսի պաշտպանական համակարգ ենք ունենալու: Եվ հիմա չի կարելի ամպագոռգոռ խոսքեր ասել, թե ինչ ենք անելու կամ ինչ չենք անելու: Այս պահի դրությամբ այդ բոլոր մտքերը պետք է ֆիլտրվեն: Չպետք է ասել այնպիսի մտքեր, որոնք կարող են վնասել մեր պաշտպանողունակությանը, որոնք կարող են վնասել մեր գերիներին:

-Դրա՞ համար Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի պատասխանում Իլհամ Ալիևին, անգամ իրեն ուղղված վիրավորական խոսքերին:

-Այո: Պետք է գործ անել, և շատ բաների մասին պարզապես չխոսել:

-Ինչպիսի՞ վիճակ է Սյունիքում: Կարծիք կա, որ Սյունիքն այլևս անվտանգ չէ:

-Պատերազմից հետո Սյունիքի սահմաններն են դարձել մեր երկրի պետական սահմանները: Եվ եթե ասում ենք, որ Սյունիքն անվտանգ չէ, նույնը վերաբերում է ողջ Հայաստանին: Չի կարելի Սյունիքը բաժանել Հայաստանից: Փառք Աստծո, պատերազմից հետո Սյունիքի սահմանագծին խնդիրներ չեն առաջացել: Սա նշանակում է, որ ՀՀ սահմանապահ ուժերը, բանակային ստորաբաժանումներն այսօր կարողանում են իրավիճակին համապատասխան իրականացնել իրենց առջև դրված խնդիրները: Այս պահին լայն թափով ուժեղացվում են սահմանների վերահսկողական մեխանիզմները՝ սկսած տեսահսկման համակարգերից վերջացրած փշալարեր և այլն: Իհարկե, Սյունիքի բնակիչների մի լուրջ զանգված կորցրել է հողամասերը, տները, և պետությունը պետք է օր առաջ ինչ-որ կերպ փոխհատուցվեն այդ վնասները:

-Իլհամ Ալիևը պահանջում է, որ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար Հայաստանը Մեղրիով միջանցք տրամադրի: Ի՞նչ քննարկումներ կան այս հարցի շուրջ:

-Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր խնդիրը Մեղրիի տարածքով միջանցքի տրամադրումն է, բայց այդ մասին հրադադարի հայտարարության մեջ պայմանավորվածություն չկա: Եվ ես ընդունելի չեմ համարում, որ երբևէ կարելի է այդ միջանցքը տրամադրել, ու գիտեմ, որ ՀՀ-ն դա չի անելու: Այո, ՀՀ-ն պետք է ապաշրջափակի այն ճանապարհները, որոնք Ադրբեջանին հնարավորություն կտան կապվել Նախիջևանի հետ: Դրա համար Հայաստանի տարածքում մենք ունենք առնվազն երեք-չորս հնարավորություն: Ինչ վերաբերում է Մեղրիով միջանցք տալուն, այսօր Ալիևը հոխորտում է և իրեն թույլ է տալիս մատ թափ տալ այն պատճառով, որ նրա այդ ձգտումները չեն իրականացվել:

-Պարո՛ն Խաչատրյան, արտահերթ ընտրությունների արդյունքում պատրա՞ստ եք հեռանալ: Ի վերջո, ձեր թիմը պատերազմում պարտվել է:

-Իհարկե, եթե պատրաստ չլինեինք հեռանալ, արտահերթ ընտրությունների չէինք գնա: Բայց այդ որոշումը պետք է կայացնի ժողովուրդը: Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, քանի որ մեր գործը ազնիվ է ու արդար, չնայած շատ հարցերում, օբյեկտիվ պատճառներով, թերացել ենք: Թող ժողովուրդը մեզ գնահատական տա՝ լա՞վն ենք, թե՞ վատն ենք, բայց ոչ երբեք անձինք կամ քաղաքական խմբավորումներ որոշեն այս երկրի ճակատագիրը: Եթե մի անգամ էլ նման բան եղավ, ու երկրի ճակատագիրը որոշեց բանակը, ինչ-որ քաղաքական խմբավորում, ինչ-որ անձինք, մեծ ռեսուրսներ ունեցող ինչ-որ խմբավորումներ, ուրեմն, մենք պետք է մոռանանք այս պետության մասին և տասնյակ տարիներով նորից հետ գնանք: Ինչ էլ լինի, թող իրավական ճանապարհով լինի: