82 կողմ․ խորհրդարանը կձևավորվի համամասնական ընտրակարգով

ապրիլի 1, 2021

82 կողմ․ խորհրդարանը կձևավորվի համամասնական ընտրակարգով

Եթե նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունները, ապա հունիսի 20-ին խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով:

Ազգային ժողովն ապրիլի1-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանի, Վահագն Հովակիմյանի և խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանի ու Սերգեյ Բագրատյանի ներկայացրած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախ՝ համամասնականը

«Իմ քայլը» խմբակցությունը մարտի 9-ին խորհրդարանում շրջանառության մեջ էր դրել ԸՕ-ում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող ծավալուն նախագիծը, բայց քանի որ արտահերթ ընտրություններին 3 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, որոշվեց դրանից առանձնացնել և արտահերթ կարգով քննարկել միայն մեկ փոփոխություն՝ ամբողջական անցում համամասնական ընտրակարգին, և որոշ կարգավորումներ՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ:

Առաջին ընթերցումից հետո հեղինակներն ընդունել էին նախագահի աշխատակազմի առարկությունները, որոնք վերաբերում էին համաճարակով պայմանավորված կարգավորումներին. դրանք ամբողջությամբ հանվեցին: Պատգամավորները որևէ առաջարկ չէին ներկայացրել: Այսպիսով, ԸՕ-ում փոփոխությունների ու լրացումների այս նախագիծը վերաբերում էր միայն ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելուն:

Նախագիծն ընդունվեց 82 կողմ ձայներով: Կողմ քվեարկեցին միայն «Իմքայլի» պատգամավորներն ու նախագծին միացած Արման Բաբաջանյանը և Սերգեյ Բագրատյանը: «Լուսավոր Հայաստան»խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց, իսկ ԲՀԿ-ն չմասնակցեց նաև քննարկմանն ընդհանրապես:

Ո՞վ է ստում

Նախագիծը ներկայացնելիս՝ Վահագն Հովակիմյանն ընդգծեց, որ ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ խորհրդարանական երեք քաղաքական ուժերն ի սկզբանե ունեցել են լայն համախոհություն: Նա հիշեցրեց, որ 2018թ. աշնանը, երբ կառավարությունը ռեյտինգային ընտրակարգը մերժելու և ամբողջությամբ համամասնականին անցնելու նախագիծ էր ներկայացրել, նույն ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կողմ էին քվեարկել, բայց ՀՀԿ-ն տապալեց դրա ընդունումը:

Վահագն Հովակիմյանը հավելեց, որ ռեյտինգայինից հրաժարվելը 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններում, որպես նախընտրական խոստում, արտացոլված էր այս խորհրդարանի երեք ուժերի նախընտրական ծրագրերում: «Իսկ վերջին մեկ ամսում հանրության տարբեր շերտերից անընդհատ դա էր բարձրաձայնվում: Այսինքն, կա հստակ հանրային պահանջ և լայն համախոհություն, որ այս փուլում պետք է այս փոփոխությունն ընդունենք»,- հայտարարեց Վահագն Հովակիմյանը:

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «սուտ տեղեկությունները» որակեց Վահագն Հովակիմյանի խոսքերն ու ասաց, որ իրենց նախընտրական ծրագրերում երբևէ նման նպատակ չի եղել, և իր տեղեկություններով՝ նման խոստում չի տվել նաև ԲՀԿ-ն: «2018թ., այո, կողմ ենք քվեարկել, բայց միշտ պնդել ենք, որ սխալ է տարածքներն անտեսելը և միայն համամասնական ընտրակարգ սահմանելը: Մենք բաց համամասնական ցուցակի տարբերակն ենք առաջարկել, որը չեք ընդունել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Վերջինս նաև շեշտեց, թե իշխանությունը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել նախագծի մի տարբերակ, իսկ քննարկում է մեկ այլ տարբերակ: Վահագն Հովակիմյանը հակադարձեց՝ քննարկվող տարբերակը մեծ նախագծի ընդամենը մի մասն է, հետևաբար, այն նույնպես ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Նա հիշեցրեց, որ եվրոպական այդ կառույցը 2018թ. դրական կարծիք էր տվել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցում առաջարկող նախագծին:

Ինչ վերաբերում է ԼՀ-ի նախընտրական ծրագրում այդ ընտրակարգի վերաբերյալ խոստմանը, Վահագն Հովակիմյանն ասաց, որ գոյություն ունեն տեսանյութեր, որոնք վկայում են այդ մասին: Շատ չանցած՝ ֆեյսբուքյում տարբեր օգտատերեր հրապարակեցին տեսանյութեր, որտեղ Էդմոն Մարուքյանն ասում էր, թե «առաջնային հարցը, որ թիրախավորում ենք, ռեյտինգային ընտրակարգն է, որը պետք է հանվի»:

«Որքանո՞վ է ճիշտ խաղի ընթացքում խաղի կանոններ փոխելը, որքանո՞վ է ձեր կողմից հարգվում կոնսեսուսը քաղաքական ուժերի միջև: Այսինքն, ձեր ուզած օրը ձեր ուզած օրենսգրքով ընտրություն անե՞նք: Էլ ի՞նչ եք ուզում անենք, որ ձեզ համար լավ լինի»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:

«Խաղի կանոն չի փոխվում, ընդամենը ընտրակարգն է պարզեցվում է: Բաց համամասնականն էլ է տարբերակ, որը մենք կարող ենք հաջորդ ընտրություններին քննարկել, այսօր դրանով ընտրություն կազմակերպելն անիրատեսական է: Ինչ վերաբերում է հարցին, թե խաղի ընթացքում խաղի կանոն ենք փոխում, ապա 2018թ. փոփոխությունները, որին դուք կողմ քվեարկեցիք, ընտրություններից 48 օր առաջ էր ներկայացվել, այսօր ընդամենը 80 օր առաջ է»,- պատասխանեեց Վահագն Հովակիմյանը:

26 տարի ձգված էպոպեան մոտեցավ ավարտին

Նախագծի քննարկման ընթացքում առաջարկվող փոփոխությունը քննադատում էին որ միայն ԼՀ-ի, այլ նաև «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները: Գոռ Գևորգյանը հայտարարեց, թե ընտրությունների գնում են՝ նպատակ ունենալով հասնել հասարակության համախմբվածությանն ու միաբանությանը: «Հասարակության մեջ առկա խորը անջրպետը, ատելության մթնոլորտը, պարբերաբար հորդացող լուտանքը հազիվ թե հնարավորություն տան մեզ բոլորիս համոզվելու, որ այս ընտրությունները կարող են լուծել քաղաքական ճգնաժամի խնդիրը»,- հայտարարեց նա:

«Համախմբման մասին խոսեցին մարդիկ, որոնք արագ լքեցին իրենց խորհրդարան բերած թիմը: Գոռ Գևորգյանը մոռանում է, որ առաջինը ինքն է խախտել համախմբման, միասնականության և թիմային գաղափարախոսությունը, սակայն ամեն օր խոսում է վեհ արժեքներից: Այս խորհրդարանում պետք է լինեն այն մարդիկ, ովքեր հավատարիմ կմնան և չեն լքի թիմը, երբ իրենց անձնական շահերը չեն համապատասխանի»,- «Իմ քայլից» հակադարձեց Արփի Դավոյանը:

«Ես մտավախություն ունեմ, որ մենք կտրվելու ենք մարզերից, և սա լինելու է մայրաքաղաքային խորհրդարան, որտեղ մեծապես լինելու են ներկայացված այն մարդիկ, որոնք քաղաքականապես ավելի հաճելի են քաղաքական թիմին»,- ասաց «Իմ քայլից» դուրս եկած Թագուհի Թովմասյանը:

«Այո, այս ընտրակարգը կարված էր ՀՀԿ-ի իշխանության համար: Սա «տասոֆշիկների» ընտրական համակարգ է, կներեք փողոցային բառի համար: Եվ այս չարիքը պետք է օր առաջ չեղարկվի»,- հավելեց Արուսյակ Ջուլհակյանը:

Արման Բաբաջանյանն էլ մտահոգված էր, որ ընտրություններին ընդառաջ դատական համակարգը բարեփոխված չէ. «2 տարի ունեիք՝ դատական համակարգն առողջացնելու: Այսպիսի դատական համակարգով գնալ ընտրությունների, ուղղակի արկածախնդրություն է և մեր երկրի քաղաքացիների նկատմամբ՝ անազնվություն»:

ԸՕ-ի փոփոխությունների վրա շուրջ մեկ տարի աշխատած Համազասպ Դանիելյանն էլ հայտարարեց, թե ընտրակարգի «26 տարի տևած այս էպոպեան այսօր մոտենում է իր տրամաբանական ավարտին»: Նա պատմական էքսկուրս կատարեց և հիշեցրեց, որ 1995թ., երբ այսօրվա պատգամավորները դեռ դպրոց չէին գնում, ներդրվեց պարզ համամասնական ընտրակարգը. «Բայց 2000-ականներին, երբ իշխանությանն ակնհայտ էր, որ այդ ընտրակարգով հնարավոր չէ ունենալ մեծամասնություն, սկսվեց երկար պատմություն այն մասին, թե ինչու է կարևոր մեծամասնական ընտրակարգը»:

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ տարիներ շարունակ տարբեր գաղափարախոսության կուսակցություններ կողմ են եղել համամասնական ընտրակարգին, բայց այսօր չեն աջակցում այս նախաձեռնությանը: «Իհարկե, ցավալի է և պարադոքսալ, որ ընդդիմությունը միշտ կողմ է եղել այս փոփոխությանը, բայց այսօր չի աջակցում: Գովելի է, սակայն, որ իշխանությունը կամք ունի այն հասցնելու տրամաբանական ավարտին»,- եզրափակեց պատգամավորը: