Առանց խմբակցության, բայց մանդատով

ապրիլի 5, 2021

ԱԺ-ի «անկախները»

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններով ձևավորված 7-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր 132 պատգամավորները ընդգրկված էին 3 խմբակցություններում: Մոտ 9 ամիս անց՝ 2019-ի սեպտեմբերին խմբակցություններից դուրս եկավ առաջին պատգամավորը՝ Արման Բաբաջանյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ից: 2021-ի առաջին եռամսյակի ավարտին նրանց թիվն արդեն 9-ն է: Մամուլը և հատկապես իրենք իրենց համարում են անկախ, մեծամասնության ներկայացուցիչները հաճախ այլընտրանքային ձևակերպում են առաջարկում՝ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ: Իսկ ԱԺ ղեկավար Արարատ Միրզոյանն էլ մի առիթով հարկ էր համար դահլիճում հայտարարել, թե «Ազգային ժողովում անկախ պատգամավոր չկա: Կան խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ: Սա որքան ֆորմալ, նույնքան էլ կարծում եմ, խորիմաստ ձևակերպում է»:

Ի՞նչ է նախատեսում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը

Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը անկախ պատգամավորի կարգավիճակ չի սահմանում, բայց նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորը իրավունք ունի դուրս գալ խմբակցությունից՝ այդպիսով համարվելով որևէ խմբակցության կազմում չընդգկված պատգամավոր:

Այս պատգամավորները նաև զրկված են ԱԺ մշտական հանձնաժողովներում, միջխորհրդարանական, բարեկամական խմբերում ընդգրկվելու հնարավորություններից, չեն կարող ներկայացվել միջազգային կառույցներում:

Խմբակցություններից դուրս եկած պատգամավորները աշխատանքի ընթացքում զգալով խմբակցություններում ընդգրկված պատգամավորների հետ աշխատանքային անհավասար պայմաններ՝ հանդես են եկել իրավիճակը փոխող օրենսդրական նախաձեռնություններով: Մասնավորապես, ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը և Տիգրան Ուրիխանյանը առաջարկել էին փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում, որով պատգամավորը իրավունք կունենա ոչ միայն դուրս գալ խմբակցությունից, այլև խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ խումբ կազմել, ներկայացված լինել միջազգային խորհրդարանական կառույցներում, բարեկամական խմբերում:

Կառավարությունը վերջին նիստերից մեկում համարել է, որ նման օրինագծի ընդունման անհրաժեշտություն չկա, քանի որ «Միջազգային խորհրդա­րա­նական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմերում և ԱԺ բարեկամական խմբերում պատգամավորի ընդգրկվելու նախաձեռ­նու­թյամբ կարող են հանդես գալ միայն խմբակցությունները՝ իրենց անդամին առաջարկելու նպատակով: Նշված կարգավորումն ինքնանպատակ չէ. նման մոտեցման հիմքում ընկած է Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորման գործում խմբակցությունների կարևոր դերակատարումը հաշվի առնելու տրամաբանություն: Խմբակցությունները այդ առաքելությունն իրականացնում են առաջին հերթին խորհրդարանում՝ իրենց պատգամավորների միջոցով, որոնցից ակնկալում են համատեղ քաղաքական նպատակների իրականացում»:

Բացի այդ, Սերգեյ Բագրատյանն առաջարկել էր փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում և անհատ պատգամավորներին ևս հնարավորություն տալ առաջին ընթերցում անցած օրենքների նախագծերի հետ կապված առաջարկներ ներկայացնել: Պատգամավորի այս առաջակը ևս դրական եզրակացության չէր արժանացել:

Ովքե՞ր են խորհրդարանի «անկախները»

Խորհրդարանի 3 խմբակցություններից ամենաշատ դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցությունից՝ 5 պատգամավոր:

Արտահոսքի պատճառը 44-օրյա պատերազմն էր, որի ավարտից հետո, նրանք, որոշակի պարբերականությամբ հայտարարեցին, որ համաձայն չեն իշխանության վարվող քաղաքականության հետ:

«Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում», -նոյեմբերի 13-ին, եռակողմ հայտարարության ստորագրումից 4 օր անց, հայտարարել էր նախկին «իմքայլական» Վարդան Աթաբեկյանը: Վերջինը «Իմ քայլ»-ում ոչնչով աչքի չի ընկել. ելույթներ չի ունեցել, հարցեր չի հնչեցրել: Խմբակցությունից դուրս գալուց հետո էլ այս պատգամավորը լուռ է:

Նոյեմբերի 16-ին «Իմ քայլից» դուրս գալու մասին հայտարարեց Թագուհի Թովմասյանը, որը պատգամավոր էր ընտրվել Վարդենիսի տարածաշրջանից, իսկ պատերազմից հետո Վարդենիսը դարձել էր սահմանամերձ բնակավայր:

«Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում»,- հայտարարել էր նա:

Դեկտեմբերի 1-ին խմբակցությունից դուրս գալը գրեթե նույն կերպ պատճառաբանեց «Իմ քայլից» Գոռ Գևորգյանը. «Այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը»:

Իշխանության հետ տարաձայնությունների պատճառով մանդատը վայր դրած իմքայլական Տիգրան Կարապետյանին փոխարինած Աննա Գրիգորյանը ևս չմիացավ խմբակցությանը, բայց վերցրեց մանդատը:

«Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև», -ասել էր պատգամավորը:

Այս հունվարին խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը: Պատերազմից հետո նա հայտարարել էր, որ կողմ էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

«Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից», -հայտարարել էր Հովսեփյանը:

Հատկապես «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներն իրենց անտեսված են զգում:

ԱԺ-կառավարություն մի հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլից» հեռացած 3 պատգամավորների հարցերին կառավարության որևէ անդամ չպատասխանեց՝ հորդորելով նրանց հարցերը ուղարկել գրավոր:

Թագուհի Թովմասյանը դրանում միտում տեսավ և ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ անկախ պատգամավորների հարցերին չպատասխանելը ինքը դիտարկում է «դիտավորյալ, քմահաճ» պահվածք, իսկ Գոռ Գևորգյանն ասաց, թե դրսևորվել է հեգնական վերաբերմունք՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների նկատմամբ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռացած պատգամավորները երեքն են՝ Տիգրան Ուրիխանյանը, Սերգեյ Բագրատյանը և Գևորգ Պետրոսյանը: Առաջինը այդ քայլին դիմեց Ուրիխանյանը՝ 2020-ի փետրվարին: Ասաց, որ այս փուլում իր «մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումներին»:

Սերգեյ Բագրատյանը խմբակցությունը լքել էր 2020-ի հունիսին, երբ իրավապահ մարմիններն սկսել էին հետաքրքրվել նրա քաղաքական առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ, ու նրա նկատմամբ հարուցված գործերը քննվում էին դատարանում: Այդ ժամանակ Ծառուկյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը:

Դուրս գալուց հետո տևական ժամանակ Բագրատյանը լուռ էր, հետո բացատրեց իր քայլն այսպես. «Երկար ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումներից, և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել եմ իմ անհամաձայնությունն ու առարկությունները»: «Բարգավաճ Հայաստան»-ում տարօրինակ էին համարել անհամաձայնությունների պատճառով մանդատը վայր չդնելու Բագրատյանի որոշումը: «Ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է», -Բագրատյանին արձագանքել էր ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ից դուրս եկած երրորդ պատգամավորը՝ Գևորգ Պետրոսյանն ասել էր, թե հեռանալու որոշումը մեծ դժվարությամբ է կայացրել: Ասել էր. «Հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով»,-հայտարարել էր Գևորգ Պետրոսյանը է:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չի կարծում, թե Բագրատյանի ու Պետրոսյանի գնալով խմբակցությունը տուժել է: «Եթե որևէ մեկը տուժել է, ապա դա հեռացած պատգամավորներն են», -Parliamentmonitoring.am-ին ասում է Աբովյանը: Նրա խոսքով՝ անկախ պատգամավոր հասկացություն օրենսդրությամբ չկա, և խմբակցություններից դուրս եկած պատգամավորներից յուրաքանչյուրն իր մտքերն ու գաղափարներն է արտահայտում: «Նրանք իրենցից մեծ ուժ չեն ներկայացնում», -ասում է Աբովյանը:

Ընդամենը 1 պատգամավոր է դուրս եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանը: Իր այդ քայլը նա պայմանավորել էր ընդդիմության և իշխանության անգործությամբ և նրանով, որ նոր ձևավորված խորհրդարանը կտրված է հեղափոխական իրակարգից: Նա ասել էր, թե «ընդդիմությունը ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարությունը: Արդյունքում՝ պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով»:

Այս հայտարարությանը նախորդել էր Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հարցի քննարկումը, որի ժամանակ Բաբաջանյանը ԼՀ խմբակցությունից տարբերվող դիրքորոշում էր հայտնել: «Լուսավոր Հայաստանը» Բաբաջանյանից պահանջել էր վերադարձնել պատգամավորական մանդատը, սակայն պատգամավորը չէր կատարել այդ պահանջը և այժմ էլ շարունակում է պատգամավորական գործունեությունը, չնայած մինչև այժմ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատական ատյաններում վիճարկում է իրենց բաժին մանդատի հարցը:

Էդմոն Մարուքյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում պնդեց, որ իրենց դիրքորոշումը մնացել է նույնը՝ անկախ պատգամավորի կարգավիճակ օրենքով սահմանված չէ, հետևաբար, իրենց խմբակցությունից դուրս եկած պատգամավորը պետք է վերադարձներ մանդատը: