Բացառում եմ, որ ժողովուրդը սխալվի, և Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության․ Ն․ Բաղդասրայան

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ
- Ունե՞ք մտահոգություն, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի չընտրվելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի արտահերթ ընտրությունների նշանակման հրամանագիրը:
- Վարչապետը ներկայացրեց, որ գործընթացը համաձայնեցված է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ու նախագահի հետ, ուստի, ոչ, նման մտահոգություն չունեմ: Կարծում եմ, որ բոլորը՝ քաղաքացիները, արտախորհրդարանական ու խորհրդարանական ուժերը, նաև՝ իշխանությունը շահագրգռված են, որ Հայաստանում անցկացվեն նոր ընտրություններ: Իհարկե, կար նաև կարծիք, որ պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորել:
- Նախագահը ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու կողմնակից էր:
- Նման բան մեր երկրում չի կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ նախատեսված չէ: Նախագահը պետք է լավ տիրապետի Սահմանադրությանը, իսկ Սահմանադրությամբ այլ վարչապետ չէր կարող ընտրվել, որովհետև «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում մեծամասնություն է ու, Նիկոլ Փաշինյանից բացի, այլ թեկնածուի չէր ընտրի: Պատճառները չթվարկեմ:
- Իշխանությանը քննադատում են, թե ընտրություններից առաջ օրենքները համապատասխանեցնում եք ձեր շահերին: Օրինակ, վերջին արտահերթ նիստում ընդունված փոփոխությունները, երբ խստացրեցիք նախընտրական հանդիպումները խոչընդոտելու համար սահմանված պատիժը:
- Քավ լիցի: Որոշակիացվում են Քրեական օրենսգրքում առկա հանցակազմերը, որպեսզի եթե որևէ անհատ, քաղաքական ուժ, խմբավորում փորձի խաթարել ընտրական պրոցեսը, օրենքով հստակ սահմանվի, որ դա հանցագործություն է: Պատժի խստացումն էլ վերաբերում է միջին և ծանր հանցագործություններին: Մեր օրենսդրությունը միջին հանցագործությունների համար նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում, ավելացվել է 1 տարի, որպեսզի այն համարվի ծանր հանցագործութուն և, դրանով պայմանավորված, իրականացվեն օպերատիվ հետախուզական աշխատանքներ:
- Այդ խստացումներն անում եք, որպեսզի զգուշանա՞ն ընտրական հավաքները խոչընդոտելուց:
- Իհարկե, Քրեական օրենսգիրքն ունի ինչպես պատժիչ, այնպես էլ կանխարգելիչ նշանակություն:
- Ինչպե՞ս եք ընդունում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններ. նա հակասահմանադրական է համարում առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
- Ես չեմ ուզում մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ամեն դեպքում, ցանկացած քաղաքական գործիչ, որն այսօր մտածում է պետության մասին, պիտի իր անձնական շահը ստորադասի պետականին: Քաղաքական ուժերը պետք է ունենան իրենց տեսլականը, բայց հարցերում, որոնք վերաբերում են պետության անվտանգությանն ու ապագային, պետք է լինեն փոխզիջում և միասնական օրակարգ: Այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում վարչապետի այցի ժամանակ, դուրս էր միասնական օրակարգից, անգամ նախկինում նման բան չի եղել:
- Եթե այդքան խիստ եք գնահատում Սյունիքում տեղի ունեցածը, ապա ինչո՞ւ դատարանները բաց թողեցին այդ դեպքերի մասնակիցներին:
- Ես ցավով եմ վերաբերում այդ երևույթին` ձերբակալման օրինաչափության կամ խափանման միջոցի հարցը քննարկելու ժամանակ դատավորը չի կարող կայացնել որոշում, թե հանցագործություն տեղի չի ունեցել: Դատավորները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից: Նրանք անչափ վտանգավոր քայլ են կատարել: Պատկերացրեք իրավիճակ, երբ հանցագործության վայրում ձերբակալվում է կասկածյալը, բայց այդ անձն իր իրավունքները պաշտպանելու համար դիմում է դատարան և ասում, որ իր ձերբակալությունը օրինաչափ չէ, ու դատավորը, այդ հարցը քննարկելու փոխարեն, ասում է՝ անձի արարքում հանցակազմ չկա: Հետագայում, եթե քննիչը ձեռք է բերում այդ մարդուն մեղադրանք առաջադրելու այլ հիմքեր, դատավորի որոշումը արգելափակվում է: Այդպես նրանք կարող են բաց թողնել հացագործություն կատարած ցանկացած անձի: Այսինքն, դատավորների՝ այդ աստիճան միջամտությունը արդարադատությանը, ոտնձգություն է քաղաքացիների նկատմամբ:
-Ուրեմն, նման դատական համակարգով և առանց վեթինգի՝ ինչպե՞ս եք գնում ընտրությունների. չէ՞ որ ընտրակեղծիքների մեխանիզմներին տիրապետող անձինք կարող են նույնը կրկնել, և դատարանները նույն ձևով նրանց ազատ կարձակեն:
- Ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանում վեթինգն անհրաժեշտ է: Ես մեր քաղաքական ուժին էլ ասել եմ, որ վեթինգը ոչ թե պետք է կրի ժամանակավոր, այլ մշտական բնույթ, մինչև մենք կունենանք այնպիս արդարադատություն, որը վստահելի կլինի ինչպես իշխանության, այդպես էլ ընդդիմության համար: Եվ, իրոք, մեր բացթողումն է, որ ի սկզբանե վեթինգ չի արվել: Դատական համակարգում պետք է մշտապես գործի մի մարմին, որը վեթինգի կենթարկի դատավորներին: Եվ դա ոչ միայն ընտրական գործընթացներին է վերաբերում, այլև պետության զարգացմանն ընդհանրապես: Առանց արդար դատական համակարգի՝ չեն կարող տնտեսությունն ու քաղաքականությունը զարգանալ: Այսօր մենք չունենք արդար դատական համակարգ:
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկանին մեկ տարի առաջ 2017թ. զանգվածային ընտրակաշառք բաժանելու մեղադրանք առաջադրվեց, նա կալանավորվեց, հետո ազատ արձակվեց և այդպես էլ չպատժվեց: Հիմա նա նորից ընտրությունների է մասնակցում. ի՞նչ երաշխիք, որ նույն ընտրակեղծիքները թույլ չի տա:
- Ես կողմ չեմ, որ Հայաստանում խափանման միջոցները լայնորեն կիրառվեն, ինչպես նախորդ իշխանության ժամանակ էր: Գործի քննությունը շարունակվում է:
- Նույնը վերաբերում է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ավելին, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական համարեց նրա մեղադրանքի հիմքում ընկած ՔՕ 300.1 հոդվածը, և նա համարվեց արդարացված:
- Ռուսերեն մի խոսք կա` поживем`увидем: Ես չեմ ծանոթացել նրա քրեական գործի նյութերին, բայց լսել եմ փաստաբաններին ու կարծում եմ, որ որևէ արգելք չկա նրա մեղադրանքները վերաորակելու: Նա արդարացված չի համարվում: Ինչ վերաբերում է հարցին, որ նա մասնակցելու է ընտրություններին, ապա պետության հզորությունը նաև այն է, որ հարյուր տոկոսով ապահովի մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքները:
- Բացառո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը նորից գա իշխանության, և դատաիրավական համակարգի սլաքը ուղղի ձեր դեմ:
- Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդն ունի լավ հիշողություն, և դա կպահպանվի առաջիկա մի քանի տասնամյակներում: Ես բացառում եմ, որ մեր ժողովուրդն այդ հարցում սխալվի: