Աստված չանի, որ այս կառավարությունը վերարտադրվի․ Արմեն Եղիազարյան

մայիսի 21, 2021

Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստանի» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հետ

-Օրերս ԿԲ նախագ ահը ԱԺ-ում հայտարարեց տնտեսական ակտիվության դրական միտումների մասին: Կիսո՞ւմ եք այդ լավատեսությունը և, ընդհանրապես, տնտեսական ինչպիսի՞ իրավիճակ է երկրում:

- Եթե ուզում ենք իրական պատկերն ունենալ, բացի պետական մարմինների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցուցանիշներից, պետք է առերեսվենք ժողովրդի վիճակին և տնտեսության խնդիրներին:

Նայենք նվազագույն զամբյուղի պարունակությանն ու տեսնենք, թե ինչպես են մարդիկ կազմակերպում իրենց ծախսերը: Կտեսնենք մեծ անհամապատասխանություն այն ցուցանիշների հետ, որոնք, օրինակ, Կենտրոնական բանկն է հրապարակում կամ այլ կառույցներ: Այսինքն, հիմնվել ինչ-որ տվյալների վրա ու հիպոթետիկ հայտարարություններ անել, ընդունելի չէ: Ես դեմ եմ, որովհետև դրանք պետք է զուգորդված լինեն: Իրականում, այսօր, շուկայում գները աննախադեպ աճել են: Թող հայտարարեն՝ ինչպես և ինչքան պետք է կանխվի գնաճը, և, ի վերջո, արդյո՞ք սոցիալական խավերի զամբյուղի համար ինչ-որ աճ պետությունը նախատեսում է:

Ես դեմ եմ զուտ վիճակագրական թվերի վրա հիմնվելով հայտարարություններ անելուն: Ժողովրդի ծանր դրությունը սոցիալ-տնտեսական վիճակի հստակ ցուցիչն է: Պրակտիկ կյանքում միանգամայն այլ իրականություն է, և մենք չպետք է կտրվենք իրականությունից:

Թվերով վիճակը կարող է լինել շատ իդեալական, բայց շատ տարբեր կյանքից:

-Բայց կառավարության ղեկավարի, նաև՝ առանձին նախարարների հայտարարությունները բավական լավատեսական են:

-Կներեք, բայց ես չեմ կիսում էկոնոմիկայի և մյուս նախարարների հայտարարությունները: Նրանց արտահայտած գաղափարները, արած հայտարարությունները ուղիղ հակառակ են իրավիճակին: Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է հնարավոր խոսել սննդամթերքի, գյուղոլորտի զարգացման մասին, երբ գյուղոլորտը կարգավորող կառույցները կրճատվել են, չունենք մասնագետներ, աջակցության ծրագրերը, հնարավորությունները փակվում են: Դրա փոխարեն մարդկանց հատկացվում են սուբսիդավորվող վարկեր, ծանրաբեռնում են նրանց ավելորդ վարկային ռեսուրսներով: Մինչդեռ կարելի էր ընդամենը գյուղացուն դիզվառելիք, պարարտանյութ, սերմացու սուբսիդավորել: Չի հաշվարկվում նաև մարդկանց վարկունակությունը:

-Հնարավո՞ր է ընտրական գործընթացը ազդի տնտեսության առաջընթացի վրա, ինչպե՞ս:

-Ամեն ինչ կախված է խորհրդարանական ընտրույթունների արդյունքներից: Կունենա՞նք մենք դրանից հետո նոր կառավարություն, թե՞ ոչ: Սա շատ կարևոր է լինելու: Աստված չանի, եթե այս կառավարությունը վերարտադրվի, մենք ցավալի իրականության հետ կառերեսվենք: Հետընթացը անխուսափելի կլինի: Առաջիկայում հուսադրող միակ բանը կարող է լինել կառավարության փոփոխությունը: Պետք է նոր կառավարություն՝ պրոֆեսիոնալ կադրերով: Մեզ համար պարտադիր չի լինի, որ կառավարության բոլոր անդամները անպայման մեր թիմից լինեն: Մենք կառավարությունում կներգրավենք կոնկրետ մասնագետներ՝ անկախ նրանից, թե որ ուժին են հարում, կուսակցակա՞ն են, թե՞ կուսակցական չեն: Այս պահին մեզ պետք է պրոֆեսիոնալ կառավարություն, որը ունակ է դուրս կգա այս վիճակից: Իսկ եթե հանկարծ շարունակվի այնպես, ինչպես հիմա է, մենք կունենանք շատ ցավալի արդյունքներ:

-Նախընտրական քարոզարշավը ոչ պաշտոնապես մեկնարկել է, և քաղաքական ուժերի ներկայացուցիչները արդեն ծրագրերի մասին են խոսում: Օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե մինչև 3 մլն վարկերը պետք է ներել: Դա իրատեսակա՞ն է:

-Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, թե իրենք ինչ հաշվարկների վրա են հիմնվել: Ես չեմ պատկերացնում՝ ինչ ռեսուրսներով է դա հնարավոր անել: Գոնե մենք՝ «Լուսավոր Հայաստանը», ցանկացած առաջարկ, ծրագիր ներկայացնում ենք՝ նշելով, թե ինչ ռեսուրսներով ու միջոցներով է հնարավոր դա անել: Եթե չկա տվյալ ծրագրի իրականացման մեթոդը և ֆինանսավորման աղբյուրը, ուրեմն, դա կմնա սոսկ ցանկություն, իսկ ցանկությունների առումով բոլորս ազատ ենք ու կարող ենք վեհ մտքեր արտահայտել, խոսել, բայց կա՞ն դրա տակ իրականացման լուրջ ռեսուրսներ:

-Այսինքն, ասվածը պոպուլի՞զմ եք համարում:

-Դե իհարկե, պոպուլիզմ է: Գաղափարները, որոնց համար լուծումներ ու միջոցներ չկան, պոպուլիստական հայտարարություններ են:

-Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, որը կարող է փոխել մեր կյանքը:

-Մեր ծրագիրն սկսվում է անվտանգային համակարգի ամրապնդումով և ավարտվում տնտեսական աճի, գիտության, սոցիալական ոլորտների կարգավորումներով: Ամեն ինչ զետեղված է ծրագրում, այն շատ ծավալուն է, մի-երկու խոսքով չէի ուզի ներկայացնել: Մայիսի 23-ին «Լուսավոր Հայաստանի» համաժողովն է լինելու, ծրագիրը կներկայացվի, և բոլորը կտեղեկանան դրա կետերին: