ԱԺ մեծամասնությունն ընդդիմության նախագիծը քննարկեց, բայց չընդունեց

մայիսի 21, 2021

Մայիսի 20-ին, շաբաթը չլրացած, Ադրբեջանի զինուժի ՀՀ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով Ազգային ժողովը երկրորդ արտահերթ նիստը հրավիրեց: Այս անգամ նույնպես նախաձեռնությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններինն էր, կրկին խորհրդարանական մեծամասնությունն աջակցել էր նիստի կայացմանը:

Առիթը, սակայն, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ մասնակիորեն գաղտնազերծած մի փաստաթղթի աշխատանքային տարբերակն էր, որը, ըստ նրա, մեր երկրի համար կունենա աղետալի հետևանքներ: Այդ տեքստի համաձայն հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացա և դեմարկացիա անելու համար պետք է ստեղծվի եռակողմ հանձնաժողով: Երկու օր շարունակ ընդդիմադիր շրջանակները հայտարարում էին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել մի գաղտնի փաստաթուղթ, որի արդյունքում Ադրբեջանին նոր տարածքներ է զիջելու:

Մինչ ԱԺ նիստը՝ Նիկոլ Փաշիինյանն այդ տեքստին անդրադարձել էր կառավարության նիստի ժամանակ և հայտարարել, որ քննարկվում է մի փաստաթուղթ, որը 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից, և ինքը ստորագրելու է այն:

ԱԺ-ն պետք է վավերացնի

Ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել՝ ընդունելու ԱԺ հայտարարության մի նախագիծ, որի համաձայն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է օրինական լինել և ուժ ունենալ բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում: Հայտարարության նախագիծը հեղինակել էր ԼՀ խմբակցությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր ենթակա է վավերացման:

«Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի ՀՀ պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր տեղի է ունենում»,- նշված է հայտարարության մեջ:

Եվ վերջում կոչ է արվում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ազգի ապագային:

Նախագիծը ներկայացնելով՝ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մի շարք հարցեր բարձրացրեց`արդյո՞ք հրապարակածն այն փաստաթուղթն է, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել: Կամ` հնարավոր չէ՞ այդ ստորագրումը հետաձգել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը, որպեսզի նոր, լեգիտիմ ընտրված իշխանությունը բանակցի ու ստորագրի այն: Արդյո՞ք այդ փաստաթուղթն ունի չգաղտնազերծված հավելված և Արցախին նույնպես առնչվում է: Եվ վերջապես` ինչո՞ւ է Նիկոլ Փաշնյանը բանակցում մի փաստաթղթի շուրջ, որը հանրությանը հայտնի է դառնում տեղեկատվական միջոցներից, ինչո՞ւ այդ փաստաթղթի մասին գոնե խորհրդարանական ուժերը տեղյակ չեն պահվում:

Կոռեկտ չէր հրապարակելը

Նիստին կեսից միացավ նաև Նիկոլ Փաշինյանն ու ծավալուն ելույթ ունեցավ: Ասաց, որ հրապարակված տեքստը ճշգրիտ փաստաթուղթ է, աշխատանքային տարբերակ է և չունի որևէ գաղտնի հավելված: Ինքը պարզապես կոռեկտ չի համարել հրապարակել որևէ նախնական տեքստ, քանի որ մինչև վերջնական տեսքի բերելն այն կարող է բազմաթիվ փոփոխությունների ենթարկվել: «Այնպես չէ, որ պատրաստ չեմ հրապարակել, բայց ամոթ է, էլ մեզ հետ ոչ մեկը ոչ մի բան չի խոսի, կասեն՝ անլուրջ մոտեցում է: Դե, թող Միշիկը ինտերներտում դներ, թե ԼՂ հարցով ինչ էին բանակցում 30 տարի, ասեր, որ հայրիկը որոշել է առանց նախապայմանների վերադարձնել յոթ շրջանները»- հավելեց նա և պնդեց, որ ընդդիմությունն այն ձեռք է բերել ադրբեջանական կողմից:

Ասաց՝ քննարկվող փաստաթուղթը ԱԺ վավերացմանը ներկայացնելու հարցը թող իրավաբանները որոշեն:

Խոսելով ներքաղաքական գործընթացների մասին`ընդգծեց, որ անցած օրերին տեղի ունեցածը համարում է «ասք այն մասին, որ ընդդմություն հորջորջվող որոշ շրջանակներ ամեն ինչ անում են, որ հանկարծ Ադրբեջքանի զորքը չլքի ՀՀ տարածքը»:

Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր այն միտքը, թե Ադրբեջանը ներխուժելով ՀՀ տարածք ամենանեղ հատվածում`ցանկանում էր ռազմական բախում հրահրել և դա տեղափոխել մեր երկրի խորքը: Բայց կառավարությունը քայլեր է ձեռնարկել իրադրությունը հսկողությունից բաց չթողնելու և դիվանագիտական եղանակով հարցը կարգավորելու համար: Այդ ուղղությամբ կառավարության գործողությունները Նիկոլ Փաշինյանը համարեց թիմային ու հաջողված: Իսկ այդ քայլերի վերջին արդյունքն էլ այնն է, որ Եվրախորհրդարանն ընդունել է հայ ռազմագերիներին վերադարձնելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու վերաբերյալ բանաձև:

Ինչ վերաբերում է սահմանին ստեղծված իրավիճակին, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ադրբեջանցիները պետք է լքեն ՀՀ տարածքն առանց նախապայմանների: Բայց քանի որ չունենք դելիմտացված ու դեմարկացված սահման, հաջորդ պահին կարող է նորից նման իրավիճակ առաջանալ: Այդ պատճառով էլ եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկ է եղել:

Նիկոլ Փաշինյանն անդրադաձավ այն լուրերին, թե պատրաստ է անկլավային վեց գյուղեր հանձնել Ադրբեջանին և հիշեցրեց, որ մենք էլ այդ երկրում ունենք նման գյուղեր, օրինակ, Արծվաշենը: Բայց չհստակեցրեց` արդյո՞ք դրանց փոխանակման հարց քննարկվում է:

Պատասխանելով հարցին, թե ինչու այդ փաստաթղթի ստորագրումը չի տեղափոխվում ընտրություններից հետո` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա կնշանակի, թե կառավարությունը համարում է, որ երկրում իշխանություն չկա, և ադրբեջանցիներին հետ քշելու հարցով չպետք է զբաղվի:

Նա ասաց, որ Հայաստանն անցնում է դժոխային ճանապարհով, բայց իրենց առջև դրել են մեր ժողովրդի համար խաղաղ դարաշրջան բացելու խնդիրը: «Բայց պատրանքներ չունենաք, որովհետև դա միայն մեզանից չէ կախված: Ես տեսնում եմ, որ այսօր կա դրա հնարավորությունը, պարզապես քաղաքական կամք է պետք: Պետք է գնալ նաև ԼՂ հարցի կարգավորմանը: Պետք է գնանք երկխոսության, կոմունիկացաների բացմանը»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

«Մենք այս փաստաթղթի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ դեռ չենք սկսել, որովհետև մինչև այդ, կա շատ կարևոր նախապայման՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը»,- սա էլ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Չեն հավատում

«Պարո՛ն վարչապետ, Ձեզ չեմ հավատում, որովհետև չտրվեցին պատասխաններ: Երկու օր է՝ Տավուշի գյուղերի, անկլավների փոխանակման մասին են խոսում, պատասխան չի տրվում: Հանրությունը չի հավատում Ձեզ, քանի որ 44 օրյա պատերազմի ժամանակ ասում էիք՝ չենք ստորագրելու, բայց ստորագրեցիք: Եվ դուք՝ իշխանություններ ու Միշիկ, արժանի եք միմյանց»,- ելույթում ասաց ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը խնդիրը կապեց ՀԱՊԿ-ի հետ և ասաց, որ Ադրբեջանի զինված խմբավորումներին հետ քշելու հարցով այդ կառույցի ու Ռուսաստանի «ամոթալի պահվածքից հետո դեմարկացիայի խնդրով եռակողմ հանձնաժողովն անթույլատրելի է»:

Աննա Գրիգորյանն էլ հարցրեց, թե եթե հրապարակված փաստաթուղթը 100 տոկոսով մեր շահերի կողմն է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում, ապա ինչո՞ւ այն մինչեւ այժմ չենք ստորագրել: «Վարչապետը խոսում է խաղաղ զարգացման դարաշրջանի մասին: Իսկ ինչո՞ւ այդ մասին չէիր խոսում 2018թ., երբ մենք հաղթած էինք: Երբ դու ծնկի ես եկել, դու չես կարող խաղաղություն ուզել, դու խաղաղություն մուրում ես»,-ասաց նա:

«Եթե մտածում եք, որ այդ դելիմիտացիան թույլ կտա, որ ադրբեջանական զորքը դուրս գա, ապա դա շանտաժ է: Իսկ ով ենթարկվում է շանտաժի, նրան հա էլ շանտաժ են անելու»,- ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտարարեց, թե հրապարակված տեքստը հոգեխանգարմունքի էր հասցրել բոլորին: Նա բոլորին`անկախ քաղաքական հայացքներից, խնդրեց չարտատպել և չշահարկել ՀՀ անվտանգությանն առնչվող, ՀՀ քաղաքացիների հոգեկան անդորը խաթարող թեմաները:

Արտահերթ նիստը տևեց մինչև ուշ գիշեր, բայց հայտարարության նախագիծը չընդունվեց` խորհրդարանական մեծամասնությունը չմասնակցեց քվեարկությանը: