Առողջապահության նախարարի հրաժարականի պահանջը ժամանակավրեպ է․ Սրբուհի Գրիգորյան

հունիսի 3, 2021

Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ

-Տիկի՛ն Գրիգորյան, հրապարակվեցին սարսափելի կադրեր՝ դիահերձարանի նկուղում պոլիէթիլենային տոպրակներում հայ զինծառայողների մասունքներով: Դուք ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք, ինչպե՞ս եք դրան վերաբերում, և արդյո՞ք առողջապահության նախարարի պաշտոնակատարի ներողությունը համարժեք արձագանք էր:

-Մեր պետությունը շատ բարդ ճանապարհներով է անցնում: Ես ականատես եմ եղել և՛ 90-ականների պատերազմին, և՛ ապրիլյան պատերազմին, նաև այս օրերը ապրեցինք: Յուրաքանչյուրիս համար զոհված ազատամարտիկը սուրբ է: Այդ կադրերը երբ տեսա, ինձ թվաց դարձյալ ապատեղեկատվություն է, որովհետև մարդու հավատալը չի գալիս, որ հայրենիքի համար նահատակված զինվորների աճյունները նման պայմաններում կարող են պահվել: Միայն պաշտոնյայի ներողությունը ոչ մի սփոփանք և ոչ մի արժեք այս պարագայում չի կարող ունենալ, որովհետև դա ուղղակի խայտառակություն է:

-Չպե՞տք էայդ դեպքին հաջորդեին բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ. օրինակ՝ առողջապահության նախարարի պաշտոնակատարի:

-Դե, հիմա մենք գնում ենք ընտրության, և տեսել ենք այս իշխանության կարողությունները: Հրաժարական պահանջելը ժամանակավրեպ է: Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացին ճիշտ կօգտագործի իրեն հատկացված մի քանի րոպեի իշխանությունը՝ գնալ ընտրության և կատարել ճիշտ ընտրություն: Եթե ճիշտ ընտրություն կատարվի, նման խնդիրներ չենք ունենաւ:

-Արդյո՞ք կատարվածը պետական համակարգի անգործության, անկառավարելիության հետևանք է:

-Մենք ի սկզբանե քննադատել ենք այս կառավարության վարած կադրային քաղաքականությունը, և ինչպես ցույց տվեց ժամանակը, հարյուր տոկոսով ճիշտ էինք, որովհետև բազմաթիվ խնդիրներ կային բազմաթիվ ոլորտներում: Սա անկարող, ոչ մի ոլորտում չհաջողած կառավարություն է:

-Դուք «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակում եք: Նախընտրական քարոզարշավը, թեպետ պաշտոնապես մեկնարկում է հունիսի 7-ից, բայց արդեն սկսվել է: Առաջադրվել է 26 քաղաքական ուժ, ինչպե՞ս է այդքանի մեջ ներկայանում ձեր ուժը:

-Մեզ ներկայացնելու առումով երբևէ խնդիր չենք ունեցել: Մենք երևի այն երիտասարդ կուսակցություններից ենք, որ շատ մեծ հաջողություններ արձանագրեց կարճ ժամանակում, ինչի մասին վկայում է քաղաքացիների գնահատանքը:

-Ի՞նչ հաջողությունների մասին է խոսքը:

-«Լուսավոր Հայաստանը» ստեղծվել է մի քանի տարի առաջ, և ունեցանք պատգամավորներ, մտանք խորհրդարանում, ինչպես նաև ինտենսիվ աշխատում ենք խորհրդարանից դուրս, միջազգային հարթակներում:

-Ինչպե՞ս եք պայքարելու ընտրակաշառքի դեմ, դրանց մասին արդեն խոսում են:

-Մենք կառավարությանը կոչ ենք արել ապահովել արդար ընտրություն, որովհետև դա կարող է անել միայն իշխանությունը: Ընդդիմությունը կարող է տեղամասերում ունենալ հանձնաժողովի անդամներ, բայց չի կարող ընտրական գործընթաց ապահովել:

Ես, կոնկրետ, համակարգում եմ Սիսիանի տարածաշրջանի ընտրատեղամասերում մեր ներկայացուցիչներին, բոլորին ճանաչում եմ անձամբ, բոլորին հորդորել եմ վեր դասել օրենքը ամեն ինչից:

Ռեսուրսներով մենք ամենափոքրն ենք: Մեզ տարբեր ձևերով փորձում են կապել սրա-նրա հետ, բայց այդպես չէ: Քարոզարշավում ամենաքիչ դրամական ռեսուրսներ ծախսող կուսակցություններից ենք, բայց ամեն ինչ անում ենք, որ հաջողենք:

Հիմա քաղաքացիները իրենց քվեով պետք է գնահատեն, որպեսզի շարունակենք աշխատել, որպեսզի նաև մերժենք քաղաքականության մեջ վրեժը: Այն երկու բևեռներն անընդհատ ատելության խոսք են տարածում: Այս պայմաններում մենք լինելու ենք մի ուժ, որը միասնություն է բերելու:

-Երկու բևեռներ ասելով նկատի ունեք նախկիններին և ներկաների՞ն:

-Այո: Իրենք են հայտարարում, թե այս ընտրություններում կա երկու բևեռ՝ հին-նոր: Դրա համար մեր կարգախոսը հետևյալն է՝ «այլընտրանք կա», որպեսզի քաղաքացին ոչ թե ընտրություն կատարի այն երկուսի միջև, որոնք ձախողել են իրենց կառավարումը, այլ ընտրի թարմ ուժին, որը կարող է գալ ու զարգացում բերել երկրին:

-26 քաղաքական ուժ կա առաջադրված: Դուք այս ընտրությունները մրցակցային համարո՞ւմ եք:

-Աննախադեպ ընտրություններ են լինելու՝ հաշվի առնելով ներքին լարվածությունը, սահմանների հետ կապված խնդիրը, բայց պետք է անենք առավելագույնը, որպեսզի կարողանանք մեր ծրագրերը ներկայացնել քաղաքացիներին: «Լուսավոր Հայաստանի» առավելությունն այն է, որ մենք ծրագրերով ենք գնում մարզեր: Շատերն ասում են՝ քաղաքացուն չի հետաքրքրում ծրագիրը, բայց ես կարող եմ ասել, որ այդպես չէ: Եթե չհետաքրքրեր, «Լուսավոր Հայաստանը» չէր կարող հաջողություն ունենալ: Ի վերջո, մենք ծրագրերով, խնդիրների լուծման ճանապարհներ մատնանշելով ենք գնալու ընտրություններին: