«Եթե ես Անապայում հյուրանոց ունեմ, Արթուր Վանեցյանը թող գա, նվիրեմ»․ Գ․ Մելքոնյան

հուլիսի 23, 2021

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ։

- Ձեր հայտարարության համար, թե պատերազմի ժամանակ Արթուր Վանեցյանը իր խմբով փախել է Շուշիից, նա դիմում է դատարան։ Դուք պնդո՞ւմ եք Ձեր ասածը։

- Իրենց գործն է, որտեղ ուզում են, թող դիմեն։ Բայց լրատվամիջոցներն էին այդ մասին խոսում, Ֆեյսբուքն էր լցված լուրերով, թե իրենք Շուշին թողել, փախել են։ Թող հետ դառնան ու այդ օրերի լրատվամիջոցների հրապարակումները կարդան։

- Դուք լրատվամիջոցների՞ց եք վերցրել այդ տեղեկությունը։

- Իհարկե, ես իրենց ճակատում չեմ եղել։ Նույնիսկ տեղեկությունը կար, որ գնացել են իրեն հանդիպեն, որ նոր հանձնարարություն տան, բայց արդեն տեղում չի եղել։ Այդ ամենը լրատվամիջոցներից եմ վերցրել։ Բայց ես դեռ ծանուցագիր չեմ ստացել, հենց ստանամ, կգնամ դատարան։

- Արթուր Վանեցյանը նաև հայտարարել է, թե դուք մեծ կարողություն ունեք՝ բազմաթիվ հանքեր, Անապայում հյուրանոց, ռեստորաններ, դղյակներ։ Որտեղի՞ց ձեզ այդ կարողությունը։

- Եթե ես Անապայում հյուրանոց ունեմ, Վանեցյանը թող գա՝ նվիրեմ իրեն։ Իսկ մյուս դեպքերում թող դիմի դատախազություն, որ ստուգեն։ Ես պատրաստ եմ դրան էլ։

- Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, Ադրբեջանը հարձակվեց Երասխի վրա։

- Երասխում հարձակումներ չեն եղել, եղել է երկարատև փոխհրաձգություն, որն ավարտվել է։ Մենք մեր դիրքերում նստած` պատրաստ ենք պատասխանելու նրանց յուրաքանչյուր քայլի, պատրաստ ենք կրակելու։ Կրակոց եղավ, կկարակենք, հարձակում եղավ, կհարձակվենք։

- Երասխում արդեն անցա՞վ լարվածությունը։

- Երասխում այսօր կրակոցներ չկան, երեկ ամբողջ օրը կրակոցներ չեն եղել։ Ես անձամբ մարզպետի հետ եմ խոսել։

- Իսկ ինչո՞ւ Ադրբեջանն այդ հատվածում էլ լարվածություն ստեղծեց։

- Նրա ողջ նպատաը դեպի Զանգեզուր գնացող ճանապարհը փակելն է։

- Որ մենք չկարողանա՞նք Զանգեզուր գնալ-գալ։

- Այո, բայց այլընտրանքային ասֆալտապատ ճանապարհ ունենք, որը վատ ճանապարհ չէ։ Եթե հանկարծ այդ հատվածը կրակի տակ պահեն, մենք այնտեղով կգնանք-կգանք։

- Կա նաև կարծիք, որ Ադրբեջանն այդպես փորձում է Զանգեզուրի միջանցքի հարցը լուծել։

- Դա ճնշում է, որ մենք զիջումների գնանք, բայց մենք դրան չենք գնում, մեր բանակը կարողանում է մեր սահմանները պաշտպանել։

- Այդ դեպքում ինչո՞ւ չի լուծվում Սյունիքում ու Գեղարքունիկում Ադրբեջանի առաջխաղացման հարցը։ ՀԱՊԿ-ն ըստ էության հրաժարվեց միջամտել։

- ՀԱՊԿ-ն հրաժարվել է, բայց Ռուսաստանը չի հրաժարվել։ Ռուսական զինվորները Վարդենիսում մեր զինվորների հետ կանգնած են։

- Ադրբեջանցիները պետք է հե՞տ գնան, թե դեմարկացիա-դելիմիտացիայի արդյունքում կմնան հենց այդ հատվածներում։

- Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետև բանակցությունները դեռ գնում են։

- Ինչի՞ շուրջ՝ դեմարկացիա-դելիմիտացիայի՞, թե՞ նոյեմբերի 9-ի հայտարարության շուրջ։

- Նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը դեռ չեն իրագործվել՝ գերիների խնդիրը դեռ մնում է։ Եթե գերիներին չվերադարձնեն, մենք որևէ քայլի չենք գնա։

- «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով Դուք գնում եք խորհրդարան։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր խորհրդարանական աշխատանքը։

- Շատ ծանր։ Գիշեր-ցերեկ պիտի աշխատենք, որ ամեն ինչ կարգին լինի, թե՛ օրենքների ընդունման, թե՛ որևէ այլ հարցում։

- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարում են, որ ԱԺ-ում դժոխք կդարձնեն ձեր կյանքը։ Կարողանալո՞ւ եք նրանց դիմակայել։

- Ոչ մի բան էլ չի լինելու։ Այդ նույն մարդիկ «17+»-ի փողոց փակողներն են։ Ի՞նչ եղավ այդ ժամանակ։ Սուսուփուս թողեցին՝ գնացին, որովհետև, աջակիցներ չունեին։ Թող գան ԱԺ, մենք ոչ մի խնդիր չունենք։ Ինչ պիտի անեն, որ դժոխք դարձնեն։ Թող գան, դժոխք դարձնեն, մենք սպասում են։ Եթե նրանք ուզում են, որ մեր երկիրը առաջ գնա, ուրեմն, պետք է կարողանանք միասին ազգանպաստ օրենքներ ընդունել։

- «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում ասել է, թե «այո, նախապատրաստվում է մի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց  Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ինչը կնշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա»։ Նիկոլ Փաշինյանը նման փաստաթո՞ւղթ է ստորագրելու։

- Ես չգիտեմ, բայց կարող է ինքը նախապես գիտի՞, տեղեկությո՞ւն ունի, թե ինչ է լինելու։ Թող ասի, մենք էլ իմանանք։ Ինքը կա՞պ ունի այն մարդկանց հետ, որոնք պետք է այդ հարցերը դնեն մեր առջև։ Եթե ունի, դա արդեն ուրիշ խնդիր է։

- ԵՄ-ն առաջիկա 5 տարիների համար Հայաստանին բավականին մեծ՝ 2,6 մլրդ եվրո է հատկացնելու տարբեր ծրագրերի համար։ Կարծիք կա, որ այդպիսով Եվրոպան փորձում է Հայաստանում ազդեցություն ունենալ, ինչը հակասում է ՌԴ շահերին, և դա ՌԴ-ին նյարդայնացնում է։ Ունե՞ք նման տպավորություն։

- Որ նյարդայնանում են, դա փաստ է։ Թող իրենք 3 մլրդ գումար ներդնեն Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Որևէ խնդիր չկա։

- Իսկ ՌԴ-ն ինչո՞ւ ներդրում չի անում, չէ՞ որ Հայաստանն այդ երկրի ռազմավարական գործընկերն է։

- Քանի որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, մենք ամեն ինչը պետք է նրանց նվե՞ր տանք։ Այո, մենք ռազմավարական գործընկեր ենք, և միշտ նրանց նվիրված ենք եղել։ Եվ նրանք ուզում են, որ մենք միշտ նվիրված մնանք, անկախ հանգամանքից, որ 100 տարի առաջ մեր հողերը թուրքին են նվիրել, և հիմա նորից նույն պատմությունը կրկնվում է։

- ՌՔոչարյանը նույնպես կարծիք է հայտնել, որ ԵՄ կողմից այդ ֆինանսավորումը դեմ է ՌԴ-ի շահերին։

- Եթե Եվրոպան ուզում է մեզ օգնել և ձեռք է մեկնում, ՌԴ-ն ինչո՞ւ է դրան դեմ, ես չեմ հասկանում։

- Ձեր կարծիքով Հայաստանը պե՞տք է դիվեսիֆիկացնի իր արտաքին կապերն այնպես, որ Արևմուտքի հետ էլ հարաբերությունները սերտացնի։

- Արտահերթ ընտրություններին նրանց դիտորդներն էլ տեսան, որ մենք ժողովրդավարական պետություն ենք։ Մեր երկրում վերացվեց կոռուպցիան։ ԵՄ դեսպաններ այստեղ են, ամեն ինչ նրանց աչքի առաջ է կատարվում։ Կարծում եմ, որ դրա համար էլ նրանք ցանկանում են ձեռք մեկնել մեր երկրին, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ, որ մեր տնտեսությունը զարգանա։

- Մյուս կողմից՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ-ի մասնակցությամբ Հայաստանի բանակում տեղի են ունենում բարեփոխումներ։ ՀՀ-ի նման անվտանգային խնդիր ունեցող երկրի համար ճի՞շտ է ռազմական ուղղությամբ միայն մի երկրի հետ համագործակցելը։

- Մեր ռազմավարական դաշնակիցը ՌԴ-ն է, և մենք միշտ զենք-զինամթերքը ՌԴ-ից ենք ձեռք բերել։ Հիմա նորից այդ նույն բանը կրկնվում է։ Ուրիշ տեղից էլ կարող ենք զենք-զինտեխնիկա վերցնել։

- Կարո՞ղ ենք Արևմուտքից, օրինակ, Ֆրանսիայից վերցնել։ Այդ երկիրը պարբերաբար մեզ աջակցության առաջարկ է անում։

- Այդ ամենը մոտ ապագայում երևալու է։