ԱԺ-ում պետք են փոխադարձ հարգանք և քաղաքակիրթ հարաբերություններ․ Վիգեն Խաչատրյան

հուլիսի 26, 2021

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ

-«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, դա սպասելի՞ էր։

-Իհարկե։ Քոչարյանի նպատակը աշխատանքը չէ, այլ իշխանության գալը։ Խորհրդարանական աշխատանքը նրան հետաքրքիր չէ։ Ինքը փորձում է պաշտպանվել, որովհետև իրավական լուրջ հարվածի տակ է լինելու։ Նա դեռ երկար պետք է ապացուցի, որ ինքը մեղավորություն չունի։ Քաղաքական գործունեությունը իր համար լավ տանիք է, և նա դրանով է զբաղված։ Եթե այդպես չլիներ, մանդատը կվերցներ, կգար խորհրդարան ու կծառայեր պետությանը։

-Վերջին հարցազրույցում նա հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, և արտահերթ ընտրությունները չլուծեցին խնդիրը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճգնաժամը լուծված է։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, ինչո՞ւ է Քոչարյանը նման պնդում անում։

-Ես նույնպես վստահ պնդում եմ, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծված է։

-Լուծված եք համարում, որովհետև չկա՞ն հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, ցույցեր։

-Քաղաքական ճգնաժամ ասելով՝ նրանք պնդում էին, թե իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը և պատերազմից հետո իրավունք չունի հանդես գալ որպես օրինական իշխանություն։ Ընտրությունները, սակայն, ցույց տվեցին, որ իշխանությունը մնում է օրինական, լեգիտիմ, հետևաբար, ճգնաժամի մասին խոսակցություններն անպտուղ են։

-Ի դեպ, Քոչարյանը նաև նոր փաստաթղթի ստորագրում էր կանխատեսել՝ նշելով, որ ստեղծվում է մի իրավիճակ, երբ հերթական փաստաթղթի ստորագրումը կարող է գնահատվել ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն։ Ի՞նչ կարծիքի եք։

-Դա լրիվ իրենց ցանկությունն է, բայց ես վստահ եմ, որ իրականությանը չի համապատասխանում։ Իրենք են ամբողջ սրտով ուզում, որ նման իրավիճակ ստեղծվի։

-Իսկ, ընդհանրապես, ինչպե՞ս եք պատկերացնում «Հայաստան» դաշինքի հետ խորհրդարանական կյանքը, գործակցությունը։

-Ինչպես ընդունված է խորհրդարաններում ընդդիմությունը առաջարկում է առկա խնդիրների ավելի արդյունավետ լուծումներ, և բանավեճում ծնվում է ճշմարտությունը։ Այլ կերպ ես չեմ պատկերացնում։

-Խորհրդարանական ընդդիմությունն, օրինակ, համագործակցության եզրեր չի տեսնում։

-Չեն տեսնում, ուրեմն, չեն համագործակցի, դա իրենց խնդիրն է։

-Երեկ Փաշինյանը շնորհավորեց ընդդիմությանը և հայտարարեց, որ պատրաստ են ատելության խոսքը, վիրավորանքը հանել քաղաքական խոսույթից ու խորհրդարանական գործունեության շրջանակում համագործակցել ընդդիմության հետ։ Դա հնարավո՞ր է՝ հաշվի առնելով այն, որ ընդդիմությունը այդ տրամադրվածությունը նույն կերպ չընկալեց։ Նրանք հիշեցնում են քարոզարշի մուրճը, սպառնալիքները և այլն։

-Ես կարծում եմ՝ հանրության մեծ մասը շատ լավ ընկալել է վարչապետի պաշտոնակատարի այդ հայտարարությունը, տրամադրվածությունը։ Ես էլ եմ ընդունում, որ պետք է գործընկերային հարաբերություններ հաստատել, արժանապատիվ լինել, միմյանց չվիրավորել։ Պետության ղեկավարին հարիր առաջարկ է, և կարծում եմ, որ այդ դիրքորոշմանը մենք հավատարիմ կմնանք։ Դե, հիմա հակառակ կողմը թող ինքը կողմնորոշվի՝ ո՞րն է ճիշտը։

Հանրությունը ևս ընդունում է վարչապետի դիրքորոշումը և գտնում է, որ պետք է փոխադարձ հարգանքի մթնոլորտում քաղաքակիրթ հարաբերություններ հաստատվեն։ Դա, ես կարծում եմ, հանրային պահանջ է։

-Ինչպե՞ս եք պարզել, որ հանրային պահանջ է․ նույն ընդդիմության հասցեին վարչապետի պաշտոնակատարի սպառնալից արտահայտությունները հանրությունը ոգևորությամբ էր ընդունում։

-Դաստիարակված մարդը գիտե, որ չի կարելի հայհոյել, վիրավորել, փոխադարձ հարգանք պետք է դրսևորել։ Դա դաստիարակության խնդիր է։ Դրա համար ուսումնասիրություններ պետք չէ անել։ Ցանկացած կիրթ մարդու համար տհաճ է լսել հայհոյանք։ Պետք է հարգել մարդկանց և բանավեճի ժամանակ դրսևորել արժանապատիվ կեցվածք։ Այդ ամենը քաղաքակրթության, դաստիարակվածության, ինչու ոչ, նաև քրիստոնեության շրջանակում է։

-Պարոն Խաչատրյան, բայց ձեր առաջնորդն ինքը քարոզարշավի ժամանակ իրեն այդպես չէր պահում, օրինակ՝ մուրճով վախեցնելը, սպառնալից արտահայտությունները և այլն։

-Ուշադիր չեք եղել։ Նոյեմբերյան այցից հետո Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ պետք է վերջ տալ հայհոյախառն խոսքին։ Նոր չեն այսհայտարարությունները։ Վերջին հանրահավաքի ժամանակ էլ նա այդ մասին խոսեց՝ նշելով, որ բավական է, պետք չէ լարված մթնոլորտ ստեղծել։

Իսկ եթե ավելի խորը գնանք, հիշեք՝ նոյեմբերի 9-ից հետո ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մասնավորապես, Երևանում․մահափորձ կատարվեց ԱԺ նախագահի նկատմամբ, խուլիգանություն տեղի ունեցավ։ Իշխանությունը դրան համարժեք արձագանքեց, հետո գիտակցեց, որ պետք չէ իջնել այդ մակարդակին ու հետ քաշվեց։ Նորմալ է։ Քաղաքական պայքար է, և կարող են նաև սրացումներ լինել։