Վարչապետը կների, նախագահը հրամանագիր կստորագրի

փետրվարի 5, 2018

«Ներման մասին» օրինագիծը, որով հանրապետության նախագահը զրկվում է միանձնյա ներում շնորհելու իրավունքից, քննարկվելու է Ազգային ժողովի փետրվարի 6-ի արտահերթ նիստում: Արտահերթի նախաձեռնությունը կառավարությանն է: Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Վարչապետը՝ որոշում կայացնող

«Ներման մասին» նոր օրենքը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Ներում շնորհելը, ըստ օրինագծի, խրախուսական գործընթաց է, որի միջոցով հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել պատժից։ Ներման խնդրագիր կարող է ներկայացնել բացառապես դատապարտված անձը կամ նրա փաստաբանն ու հարազատները։

Գործելու է Ներման հարցերի քննարկման հանձնաժողով։ Ներման խնդրագրերի տնօրինողը լինելու է վարչապետը։ Ներման խնդրագիրն ստանալու օրվանից Արդարադատության նախարարությունը մեկամսյա ժամկետում կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին:

Վարչապետը, խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով, հնգօրյա ժամկետում այն ուղարկում է Ներման հարցերի հանձնաժողով, որը քսանօրյա ժամկետում վարչապետին է ներկայացնում է եզրակացություն՝ ներման խնդրագրի վերաբերյալ: Բացառիկ դեպքերում վարչապետը կարող է ներում շնորհելու կամ այն մերժելու մասին առաջարկությունը ներկայացնել երկրի Նախագահին՝ առանց Հանձնաժողովի քննարկման և եզրակացության:

Ոչ բացառիկ դեպքերի համար սահմանվում է տասնհինգօրյա ժամկետ, որի ընթացքում վարչապետը հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է հանրապետության նախագահին:

Նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում և Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է Արդարադատության նախարարությունը։
Ներման հարցերի քննարկման հանձնաժողովը ստեղծվում և Հանձնաժողովի աշխատակարգը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:

Վարչապետի կողմից ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահը ստորագրում է հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին: Եթե Հանրապետության Նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, և վարչապետը հնգօրյա ժամկետում այն չի ընդունում և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում է Նախագահին, Նախագահը եռօրյա ժամկետում հրապարակում է հրամանագիրը կամ դիմում է ՍԴ:

Նախագահի առարկությունները ընդունելու դեպքում վարչապետը հնգօրյա ժամկետում խմբագրում է հրամանագրի նախագիծը և այն դարձյալ ներկայացնում հանրապետության նախագահին: Եռօրյա ժամկետում Նախագահի կողմից առարկություններ չներկայացվելու կամ ՍԴ չդիմելու պարագայում ներում շնորհելու մասին Նախագահի հրամանագիրը մտնում ուժի մեջ:

Եթե վարչապետը չցանացավ, դատապարտյալը չի ներվի

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ այս օրինագիծը Նախագահի ինստիտուտը նսեմացնելու միտում ունի: «Ներման խնդրագիր քննարկել-բավարարելը մի եսիմինչ իրավունք չէ, որ այս՝ իբր խորհրդարանական կառավարմամբ երկրում Նախագահից վերցնենք, տանք վարչապետին։ Մենք սուպերվարչապետական երկիր ենք ստեղծում»,-ասաց Մարուքյանը:
Հարակից զեկուցող, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը բացատրեց, որ նախագծի հիմքում Սահմանադրության սկզբունքներն են, Սահմանադրությամբ ամրագրված են մեխանիզմներ առաջարկությունը Նախագահին ներկայացնելու, Նախագահի կողմից առաջարկությունը վերադարձնելու մասին, հետևաբար սահմանադրական նորմերը պահպանվել են։

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Զեյնալյանը, կարծում էր, որ օրինագծի տրամաբանությունը սխալ է։ «Ներումը մարդասիրական ակտ է և ոչ թե խրախուսական։ Խրախուսականը վաղաժամկետ ազատումն է, որը պետք է լինի նաև կանխատեսելի», -ասաց Զեյնալյանը։ Պատգամավորն առաջարկում էր օրինագիծը սկզբունքային փոփոխության ենթարկել և հնարավորություն տալ նախագահին հայեցողաբար ներել որևէ դատապարտյալի՝ ներկայացված միջնորդության հիման վրա կամ առանց դիմումի։

«Ստեղծվելու է մի իրավիճակ, երբ, վարչապետի ցանկության բացակայության դեպքում, Նախագահը իրավաբանորեն չի կարող մասնակցել հարցի լուծմանը»,- նախագծի մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա չբացառեց նաև, որ ներում շնորհելու հարցում կարող է խտրականություն ցուցաբերվել. «Օրինակ՝ եթե մեկը ընտրությունների ժամանակ «ծառայություն» է մատուցել թեկնածուներից մեկի ընտրվելուն, կարող է ներվել, իսկ մյուսը, որ ընդդիմադիր հայացքներ ունի, չներվել»։ Նա առաջարկեց սուբյեկտիվություն չցուցաբերելու համար ներում շնորհելու հստակ չափանիշներ սահմանել։

Արդարադատության փոխնախարարի հիմնավորմամբ՝ օրինագծով հստակ չափանիշներ չեն սահմանվել, քանի որ Սահմանադրությամբ յուրաքանչյուր դատապարտյալ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք չունի։ Փոխարենը, նրա խոսքով՝ համապաստախան պաշտոնատար անձը պարտավոր է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, օրինակ՝ հայցվող ներման խնդրանքի էությունը, կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, կատարած հանցանքի նկատմամբ նրա վերաբերմունքը, պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը, առողջական վիճակը, սոցիալական դրությունը և այլն։