Անվտանգության խորհուրդ՝ առանց ԱԺ, ՍԴ նախագահների ու գլխավոր դատախազի

փետրվարի 5, 2018

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում փետրվարի 5-ին ներկայացվեց Սահմանադրությունից և կառավարման համակարգի փոփոխությունից բխող հերթական օրինագիծը՝ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին»: ԱԺ նախագահը խորհրդում ընդգրկված չէ, քանի որ խորհուրդը, ըստ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի, «մինի կառավարություն է»:

Նախագծի մասին

Նախագծով ամրագրվում են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները, սահմանվում է խորհրդի կազմը, կարգավորվում են ԱԽ գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:

Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը: Այն, վարչապետի առաջարկությամբ, կարող է քննարկել Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության ենթակա այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

ԱԽ անդամներ են` վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, ԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրում է վարչապետը՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Ըստ նախագծի՝ Անվտանգության խորհուրդը լսում և ի գիտություն է ընդունում պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ:

Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ Անվտանգության խորհրդի առնվազն 4 անդամների ձայներով:

Անվտանգության խորհրդի քարտուղարին նշանակում և ազատում է վարչապետը: Նա նաև հաստատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունը և հաստիքացուցակը:
Օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, այսինքն՝ ապրիլի 9-ից:

Ինչո՞ւ ԱԺ նախագահը Անվտանգության խորհրդում ընդգրկված չէ

«ԱԱԽ-ն նոր օրինագծով գործադիրի՝ կառավարության մարմին է, հետևաբար, դրա գործառույթները գործադիր իշխանությունն է իրականացում»,-ԱԺ կազմում ԱԺ նախագահին չընդգրկելը այսպես հիմնավորեց պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:

Ծառուկյան խմբակցության պաատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ի հակադրություն Թովմասյանի հիմնավորման, հիշեցրեց, որ Հայաստանը անցել է խորհրդարանական կառավարման ու այս պարագայում հատկապես ԱԺ նախագահի մասնակցությունը խորհրդի աշխատանքներին, թվոում է, պիտի տրամաբանական լիներ: Ըստ նրա՝ ԱԺ նախագահը պետք է ընդգրկված լիներ խորհրդում, քանի որ հենց ԱԺ-ին է վերապահված պատերազմի մասին հայտարարությամբ հանդես գալու իրավունքը: Հանձնաժողոովի նախագահ Հրայր Թովմասյանը դարձյալ հղում արեց Սահմանադրությանը. «Կառավարությունը մշակում և իրականացնում է ներքին-արտաքին քաղաքականությունը, որի մեջ է մտած նաև պաշտպանության ոլորտը։ Կոպիտ ասած, անվտանգության խորհուրդը մինի կառավարություն է ավելի նեղ մասնագետներով, որը որոշում է հիմնական ուղղությունները։ Այս մարմնում, բացի գործադիր իշխանության համակարգի մարմիններից, որևէ այլ մարմնի ներկայացուցչի ներգրավումը կլինի հակասահմանադրական իշխանության տարանջատման սկզբունքի տեսանկյունից», -բացատրեց նա:

Թովմասյանի խոսքով՝ հենց այս պատճառով է, որ խորհրդի կազմում ընդգրկված չեն նաև գլխավոր դատախազը և ՍԴ նախագահը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ հակասահմանադրական է խորհրդի կազմում առաջին փոխվարչապետի ընդգրկումը, քանի որ առաջին փոխվարչապետի պաշտոն Սահմանադրությամբ չկա: «Սահմանադրության 147-րդ հոդվածը հստակ ամրագրում է, թե կառավարության կազմն ու կառուցվածքն ինչպիսին է, որը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: «Առաջին փոխվարչապետը» հակասահմանադրական ձևակերպում է։ Չի կարող Սահմանադրությունից դուրս այլ ձևակերպմամբ լինել փոխվարչապետ։ Առաջարկում եմ առաջին բառը հանել և դնել փոխվարչապետ»,- հայտարարեց պատգամավորը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց՝ Սահմանադրության հետ օրինագիծը խնդիրներ չունի։
«Օրենքի կարգով մենք կարող են փոխվարչապետին տալ լիազորություններ և «առաջին» ասելով՝ վարչապետին փոխարինելու լիազորությունը օրենքի ուժով մեկին ենք տալիս, այլ բան չենք սահմանում»: