Օրենսդրական փոփոխություններ՝ «սուպերվարչապետի» համար

փետրվարի 10, 2018

Փետրվարի 8-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ առաջին արտահերթ նիստի օրակարգում 7 նախագծեր էին: Դրանցից 2-ը՝ «Ներման մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագծերը պայմանավորված են 2015թ. դեկտեմբերի 15-ին ընդունված Սահմանադրության կարգավորումներով: Հենց այս նախագծերի առիթով էլ նիստերի դահլիճում բուռն քննարկում ծավալվեց խորհրդարանական կառավարման համակարգի կառավարության ու վարչապետի լիազորությունների շուրջ: Ոչ իշխանական պատգամավորների կարծիքով այս երկու նախագծերը Հայաստանը դարձնում են «սուպերվարչապետական» երկիր:

ՀՀ նախագահը՝ առանց ներելու իրավունքի

«Ներման մասին» նախագծով ներում շնորհելու լիազորությունը նախագահից անցնում է վարչապետին: Գործող Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախագահն է որոշում՝ ում ներում շնորհել, իսկ նոր Սահմանադրությունը վերապահումով է այդ լիազորությունը տալիս նախագահին և ամրագրում, որ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: Բացի սա՝ կառավարությունն է ներկայացնում այն մարդկանց անունները, ում պետք է ներում շնորհել:

Ներում շնորհելու խնդրագիրը նախ ուսումնասիրում է վարչապետի ստեղծած Ներման հարցերի քննարկման հանձնաժողովը, որի եզրակացությունը վարչապետի համար ընդամենը խորհրդատվական բնույթ ունի։ Նախագահն էլ իր հերթին կարող է հրաժարվել կառավարության ներկայացրած մարդկանց ներում շնորհելուց, բայց եթե գործադիրը չընդունեց նախագահի այդ որոշումը և այն հետ ուղարկեց, նախագահն այդ առարկությունը կարող է վիճարկել Սահմանադրական դատարանում կամ ի վերջո ստորագրել:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ նախագահի ինստիտուտը նսեմացնելու գործընթաց է սկսվել։ «Իմաստը ո՞րն էր նախագահի ինստիտուտ ստեղծելու։ Կա վարչապետ, ամեն ինչ կենտրոնացված է նրա ձեռքում։ Տպավարություն է, որ սկսվել է նախագահի ինստիտուտի համալիր նսեմացման գործընթաց։ Եվ դրա շրջանակներում ներման ինստիտուտը նախագահի ձեռքից վեցրնում են», - հայտարարեց նա։ Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն դեֆակտո արդեն որոշել է, որ Սերժ Սարգսյանը առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու: «Դա կարող է ՀՀ-ում կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը»,- ասաց Փաշինյանը: Խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն էլ հայտարարեց, որ «Ելք»-ը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ «իշխանության գերկենտրոնացումը վարչապետի շուրջ, և վարչապետի լիազորությունների ընդլայնումն աղետալի է լինելու Հայաստանի համար ու համատեղելի չէ ժողովրդավարության հետ»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ խմբակցությունը որոշել է «Ներման մասին» նախագծին քվեարկել ազատ, քանի որ կարծում են՝ նախագիծը «սահմանադրականության հետ բավականին խնդիրներ ունի»:

«Ներման մասին» նախագիծը ընդունվեց 67 կողմ, 18 դեմ և 5 ձեռնպահ ձայնով:

Վերահսկե՞լ, թե՞ անդամակցել

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագծով սահմանվում են խորհրդի գործառույթներն ու կազմը: Առանցքային դրույթը, որն ամենաշատը քննարկվեց դահլիճում, վերաբերում էր խորհրդի կազմին. Հանրապետության և Ազգային ժողովի նախագահները դրանում ընդգրկված չեն: 2015թ. Սահմանադրության պահանջով՝ 2018թ. ապրիլից գործող նոր Անվտանգության խորհուրդը 14-ի փոխարեն ունենալու է 10 անդամ՝ վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

«Նույն տրամաբանությունն է. գնում ենք սուպերվարչապետական մոդելի, ԱԽ-ից դուրս ենք թողնում ԱԺ և ՀՀ նախագահներին» ,- հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը: «ԱԽ-ն ֆորսմաժորային իրավիճակների համար է, օրենքը բերողները չեն մասնակցել ԱԽ նիստերին և չեն պատկերացնում այդ մարմինն ինչ է ներկայացնում իրենից»,-ելույթում ասաց «Ելք»-ի անդամ Արամ Սարգսյանը: Նրա կարծիքով՝ երկրի նոր նշանակված նախագահին պետք չէ զրկել ԱԽ նիստերին մասնակցությունից: «Երկրի նախագահն էնտեղ նստած՝ քննարկում են անվտանգությանը, պաշտպանությանը վերաբերող կոնկրետ հարց, ու այդ մարդը չի՞ մասնակցում: Բա էլ ինչու՞ ենք բերել այդ մարդուն: Կարծում եմ, որ ՀՀ և ԱԺ նախագահներն ու վարչապետը երկրի դեմքն են, նրանք նույն ճանաչումն ունեն, ինչպես երկրի դրոշն ու զինանշանը: Եվ պետք չէ այդ մարդկանց զրկել պատասխանատվությունից»,- հայտարարեց պատգամավորը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ն պատերազմ և խաղաղություն հայտարարող մարմին է, և «եթե ՀՀ-ն թևակոխում է պառլամենտական պետության ժամանակաշրջան, ապա պառլամենտի առաջ որևէ փակ դուռ չպետք է լինի»: Այսուհանդերձ, ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, քանի որ կարծում են, որ երկիրը պետք է ունենա Անվտանգության խորհուրդ:

Մինչ ընդդդիմությունը բողոքում էր ԱԺ-ի դերի նվազեցումից, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փորձում էր բացատրել, որ ԱԺ-ն շարունակում է մնալ բարձրագույն մարմին. «Խնդրում եմ սահմանադրությամբ մեզ տրված կարգավիճակը չիջեցնել, մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին և ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության գործունեության նկատմամբ: Մենք չենք կարող մաս կազմել այն գործունեությանը, որը պետք է վերահսկենք: Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»,- հայտարարեց նա:«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագիծն ընդունվեց 89 կողմ, 7 դեմ ձայնով: