Իշխանափոխությունից մինչև միջուկային զենքի կիրառում․ ԱԺ լսումներ դեմարկացիայի և դելիմիտացիայի շուրջ

նոյեմբերի 26, 2021

«Այսօր դեմարկացիայի և դելիմիտացիայի համար նախադրյալներ չկան», - Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար ՍեյրանՕհանյանը։

«Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 25-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել՝ Ադրբեջանի հետ հնարավոր սահմանազատման և սահմանագծման թեմայով։ Լսումներին մասնակցում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևավորած «Հայաստան» դաշինքին մաս կազմող ուժերն ու նրանց հետ համագործակցող կառույցները։ Թեև հրավիրվել էին, բայց խորհրդարանական լսումներին չէին մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։

Դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար պայմաններ չկան

Հիմնական բանախոս Սեյրան Օհանյանի ներկայացմամբ, դելիմիտացիայի ու դեմարկացիայի միջազգային փորձի համաձայն, այդ գործընթացի լեգիտիմության կարևորագույն չափանիշներն են միջազգային օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և բոլոր սահմանների անխախտելիությունը, որը կարող է փոխվել միայն խաղաղ ճանապարհով՝ կողմերի համաձայնությամբ։ «Անհրաժեշտ պայման է, որ հակառակորդ պետությունները դառնան խաղաղ ապրելու պատրաստ հարևան պետություններ։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում այդ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան»,- հայտարարեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմըմինչև 44-օրյա պատերազմը և պատերազմի ընթացքում, բացահայտ խախտելով զինված հակամարտության օրենքներն ու միջազգային մարդասիրական նորմերը, օկուպացնելով Արցախի ու Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ ամրանում էր իր համար շահավետ դիրքերում։ Բանախոսի ներկայացմամբ՝ 44–օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը, «չգիտակցելով, որ հետագայում պետք է ինչ-որ պահի նաև սահմանների ճշտում իրականացվի, անտեսելով մեր աշխարհագրական առավելությունները՝ մարտական գործողությունները կանգնեցնելուց հետո, առանց հիմքի, ԱՀ-ն ՀՀ-ին միացնող կարևոր ռազմավարական տարածքներն ու ճանապարհները հանձնեց հակառակորդին»։

7-րդ գումարման ԱԺ-ում ՔՊ խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, Սոչիում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և դա լինելու է ճակատագրական հանդիպում։ Նախկին պատգամավորը հետաքրքրվեց՝ այդ առիթով ի՞նչ պլաններ ունի խորհրդարանական ընդդիմությունը։ ՍՕհանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» դաշինքն արդեն ազգային դիմադրության պայքար է սկսել, և այդ շարժումն ուղղված է «ոչ հայանպաստ զարգացումները կանխելու և իշխանություններին հեռացնելու գործին»։

«Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ղեկավար Արամ Սարգսյանն էլ հարցրեց՝ արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը ժամանակ չի սպառում, քանի որ Սոչիի հանդիպմանը հաշված ժամեր են մնացել, և, միգուցե, ՆՓաշինյանն այնտեղ ինչ-որ փաստաթուղթ ստորագրի։ «Ուշացումների մի քանի պահ է եղել՝ և՛ նոյեմբերի 9-10-ին, և՛«Հայրենիքի փրկության» շարժման գործողությունների ժամանակ, և՛ ընտրություններից առաջ ու հետո։ Իսկ հիմա մենք ծրագրավորված գործողություն ենք ծավալելև ծրագրերի մասին հանրությանը կհայտնենք»,- պատասխանեց Սեյրան Օհանյանը։

«Մենք իշխանության դեմ պայքարը սկսել ենք 1-2 տարի առաջ»,- «Հայաստան» խմբակցությունից հավելեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Կա նաև ԱԺ հայտարարության նախագիծ

Իշխան Սաղաթելյանը ընթերցեց նաև «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որն արդեն խորհրդարանում շրջանառության մեջ է դրված։ Նախագիծը դատապարտում է Արցախ և Հայաստան Ադրբեջանի ներխուժման, տարածքների բռնազավթման և գերեվարված անձանց իրավունքների կոպտագույն խախտման իրողությունները։

Հայտարարությամբ ՀՀ կառավարությունից պահանջվում է զերծ մնալ որևէ բանակցությունից կամ բանավոր համաձայնությունից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը։ Պահանջում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցը չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր տարածքում ինքնորոշվելու իրավունքի երաշխավորված իրացումից։ Հայտարարությունը նաև միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի հանցագործություններն ու նրանց պատասխանատվության ենթարկել։

Միավորվել իշխանությունների հեռացման պահանջով

Լսումների ժամանակ հնչեցին մոտ երեք տասնյակ ելույթներ, որոնք հիմնականում քննադատում էին գործող իշխանությանն ու նրան հեռացնելու կոչ անում։

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը վերլուծել է 44– օրյա պատերազմի պատճառները։ Ըստ նրա՝ վերջին 10 տարիներին Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ կառուցել է ռազմական կառավարման համակարգ, որը գերազանցում էր ՀՀ և ԱՀ կարողությունները։ Նրանց խոցման միջոցները 5-10 անգամ ավելի բարձր ճշգրտություն ունեին։ Եվ հենց դա է եղել պատճառը, որ թշնամին ճեղքել է հարավային ճակատն ու հասել Շուշի։ «Մենք նաև գիտենք, թե ինչ անենք, որ հասնենք նրանց ու 5 տարում գերազանցենք։ Դա իրականացնելու համար մեզ պետք է ռազմական այնպիսի ղեկավար, որը չի աշխատի փակ, իմիտացիոն, խնդիրները թաքցնելու ռեժիմով։ Մեր բանակն այսօր չի կարող մեզ պաշտպանել։ Վերջին 15 տարում ռազմական մասնագիտության հեղինակության շարունակական անկում է եղել, վերջին պատերազմը դա աղետալի է դարձրել։ Բանակը բարոյալքված է, մարդիկ 30 հոգով գերի են հանձնվում, դիրքը չեն պաշտպանում։ Պետք է շրջել այդ իրավիճակը»,- հայտարարեց նա։

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ՝ միայն ստորագրումը բավարար չէ, որ որևէ միջազգային փաստաթուղթ իրավական ուժ ստանա և իրագործվի։ Ստորագրումից հետո անհրաժեշտ է ևս երկու քայլ՝ պետք է, որ փաստաթուղթը քննի նաև Սահմանադրական դատարանը, և վավերացնի ԱԺ-ն։ Իսկ եթե այս երեք քայլերը չեն իրականացվել, ապա դրա իրագործումը հակասում է Սահմանադրությանը։ «100 տարի առաջ ստորագրված միջազգային պայմանագրերն առ այսօր քննարկվում են, վիճարկվում են, թե որքանով է պահպանված դրանց ստորագրման կարգը։ Դուք ի՞նչ երաշխիք ունեք, որ դա չի լինելու արդեն մեկ տարի հետո այս պայմանագրերի առնչությամբ»,- ասաց նա։

«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, սահմանազատման առնչությամբ հայտարարության տեքստից հանել ընդդիմադիր ենթատեքստը և հետամուտ լինել, որ այն ընդունվի: Փաստաթղթին ծանոթանալուց հետոնա հուսով էր, որ եթե այն հաստատվի, ապա «ապահովագրված ենք բազմաթիվ վտանգներից»։

Լեզվաբան, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը առաջարկեց ԱԺ հայտարարության նախագծում փոփոխություն մտցնել ու դիմել ոչ թե բարեկամ երկրների խորհրդարաններին, այլ՝ միջազգային իրավունքի նորմերին հավատարիմ երկրներին, քանի որ այս դեպքում բարեկամը ճիշտ բառ չէ: Նա նաև առաջարկեց մինչև Սոչիում Ալիևի, Պուտինի և Փաշինյանի հանդիպումը՝ հավաքվել հրապարակում:

Գրականագետ Սերժ Սրապիոնյանի համոզմամբ՝ դեմարկացիան ու դելիմիտացիան չեն կարող ՀՀ օգտին լինել։ Եթե այդ գործընթացը սկսվի, մենք տարածքներ կնվիրենք Ադրբեջանին։ «Մի ելք կա՝ սրանց հեռացումը, և մի ճանապարհ կա՝ միավորումը»,- հայտարարեց նա։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ դեմարկացիան ու դելիմիտացիան երկար տարիներ տևող և շատ դժվար գործընթաց են, ՀՀ-ն Վրաստանի հետ դելիմիտացիա ունի, բայց դեռ դեմարկացիա չի կարող իրականացնել։ «Ու մենք վտանգի առաջ ենք` եթե չկա սահման, չկա ՀՀ, որովհետև հայտնի չէ՝ որտեղ է այն սկսվում ու վերջանում։ Ու անընդհատ մենք տալու ենք»,- ասաց նա։ Հ
Բագրատյանը նաև հիշեցրեց միջուկային զենք ունենալու վերաբերյալ Թուրքիայի ցանկությունները «Էսօր մեր վիճակը սարսափելի է, վաղն ավելի վատ է լինելու։ Մենք պիտի փոխենք էս իշխանությունը։ Այսօր ինքը զենք ուներ, ես չեմ թաքցրել, տանեիր թափոնները շաղ տայիր սահմանին, ասեիր՝ դե՛, անցի՛ր գիծը։ Ինձ հարյուր անգամ միջազգային հարթակում քննադատեցին։ Բա ի՞նչ եք ուզում, եկեք պաշտպանեք մեզ։ Ո՞վ ա մեզ մի հատ փամփուշտ տալիս»։

Ամփոփելով լսումները՝ ՀՅԴ–ից Իշխան Սաղաթելյանն ասաց, որ պետք է միավորվել, ձևավորել իրական դիմադրություն, իշխանափոխության համազգային պահանջ և հասնել գործող իշխանության հեռացմանը։