Հայհոյելը հանգեցնելու է քրեական պատասխանատվության. «Հայաստանի» նախագիծը չընդունվեց

նոյեմբերի 30, 2021
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով վերացնել Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում հուլիսին կատարված փոփոխությունը, որով վիրավորանքը քրեականացվել էր: Վիրավորանքի, ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն ենթադրող նախագիծն ընդունել էր դեռևս 7-րդ գումարման Ազգայն Ժողովը՝ իշխանական մեծամասնության ակտիվ ջանքերով: 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմությունը փորձում է սրբագրել նախորդի կատարած փոփոխությունը: Նկատենք, որ այս հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքի փոփոխված դրույթները համարելով հակասահմանադրական: Մեկ տողանոց փոփոխությամբ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը: Ընդդիմադիրների հիմնավորմամբ՝ վիրավորանքի քրեականացումը իրավաչափ նպատակ չի հետապնդում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգրքով նույն արարքի համար սահմանված է քաղաքացիաիրավական պատասխանատվություն: Բացի դրանից, ըստ ընդդիմադիրների, այդ դրույթը հակասում է Սահմանադրությանն ու Մարդու իրավունենքների եվրոպական կոնվենցիային: «Այս օրենսդրությունը չի հետապնդել Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակ, այլ ընդամենը փորձել է կալանավորման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես՝ քաղաքական գործիչների նկատմամբ», -նախագիծը ներկայացնելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նախկին իշխանական պատգամավորի կարծիքով՝ վիրավորանքը քրեականացնելով՝ Հայաստանը ժողովրդավարության առումով հետ է շպրտվում ելման դիրքեր: Նա վկայակոչեց «Freedom house» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատականը նախագծի մասին և մեջբերեց զեկույցից․ «Այս նախաձեռնությունը Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է»: «Այս օրենքը մեկ մարդու չվիրավորելու մասին է: Այնպես որ, ես առաջարկում եմ լինել խոհեմ ու Հայաստանը հետ չգլորել», - եզրափակեց Աղվան Վարդանյանը՝ ակնարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Օրինագծի հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախագիծը ներկայացնող պատգամավորին հարցրեց՝ հայհոյանքը քաղաքական պայքարի միջո՞ց է, ընդունելի՞ է որևիցե երկրում: Ի պատասխան Վարդանյանն ասաց, որ ինքը դեմ է հայհոյանքին և հայհոյանքը չի կարող քաղաքական մտածողության նորմ լինել ու հավելեց. «Հայհոյանքը քաղաքական վարքագծի նորմ դարձրել է Ձեր քաղաքական մեծամասնությունը, մեծամասնության ղեկավարը»: Նա Վարդանյանին հիշեցրեց ԱԺ դահլիճում իր թիմակիցների կողմից քաղաքական հակառակորդների հասցեին սեռական բնույթի վիրավորանքներ հասցնելու դեպքերը: «Ես անձամբ մտածում էի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, որով ընդհանրապես հանրային վայրերում, ԱԺ միջանցքներում կանանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանք տվողներին կոչումներ տայինք, ոչ ասունի դիպլոմ սարքեինք, Հանրային հեռուտատեսությամբ էլ նրանց անունները հրապարակեինք», -հավելեց Աղվան Վարդանյանը: ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը հակադարձեց Աղվան Վարդանյանին՝ հիշեցնելով Մեղրիում բողոքի ակցիաները, որոնց ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ծանր վիրավորանքներ հնչեցին: Դավոյանի խոսքով՝ մեկ տարի շարունակ ընդդիմադիրներն իրենց ուղղված վիրավորանքներ են գրում համացանցում և հավելեց. «Ես չեմ տեսել, որ ձեզնից որևէ մեկը սաստեր հայհոյողներին, հակառակը՝ Մեղրիի դեպքերից հետո բոլորդ հրճվում էիք»: Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հստակեցրեց՝ Քրեական օրենսգրքում փոփոխությունը կատարվել է հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնելու և կանխելու համար: Նրա խոսքով՝ հատկապես սոցիալական ցանցերում ծայրահեղ վիրավորանքն այն աստիճանի է հասել, որ մարդիկ վիրավորում, հայհոյում են իրենց ընդդիմախոսներին, ինչը չէին անի դեմառդեմ հանդիպման ժամանակ: «Այս երևույթի դեմ պետք էր պայքարել, որովհետև այն կրիմինագեն նշանակություն ունի, քանի որ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններից շատ ծանր հանցագործություններ են ծագում: Պարոն Վարդանյան, ինչո՞ւ ենք մենք մարդկանց հանցագործ դարձնում, մարդը պետք է հասկանա, որ հայհոյանքը, հազար ներողություն, ավելի հստակ ասեմ՝ «քֆուր» տալը հանգեցնելու է պատասխանատվության», - նկատեց նա՝ ընդգծելով, որ իրենք Քրեական օրենսգրքում վիրավորանքը քրեականացրել են այն պայմանով, որ որոշ ժամանակ հետո հրաժարվեն դրանից: Վարդանյանն ընդգծեց, որ օրինագծի հիմնավորումներից տպավորություն է ստացել, թե այն ՍԴ-ին ուղղվելիք դիմում է և ընդդիմադիր Վարդանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այդ դիմումը ՍԴ ներկայացվի և հանվի ԱԺ քննարկման օրակարգից: Աղվան Վարդանյանը, սակայն, չհամաձայնեց: Երկար քննարկումից հետո ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում նախագիծը հավանության չարժանացավ: Կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն էր տվել նախագծին՝պնդելով, որ նոր կարգավորումը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: