Չեմ կարծում, թե առանց ՌԴ–ի համաձայնության՝ կարող է լուրջ գործընթաց լինել․ Տիգրան Աբրահամյան

դեկտեմբերի 1, 2021

Հարցազրույց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

- Ինչպե՞ս եք գնահատում Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը և հանդիպումից հետո արված հայտարարության բովանդակությունը:

- Գլխավոր խնդիրն այն է, որ դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը, տարածաշրջանի ապաշրջափակումը, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումներն ուղեկցվում են Ադրբեջանի կողմից ուժի և սպառնալիքների կիրառմամբ: Այսինքն՝ մեծ ճնշումներով, որտեղ ոչ միայն անընդհատ ոտնահարվում է հայկական շահը, այլև խախտվում են անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի պայմանավորվածությունները: Եվ սրան զուգահեռ՝ չկա որևէ հայտարարություն, քայլ, որը կարող էր հետագա գործողություններում կանխել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը: Դա նշանակում է, որ առաջիկայում ողջ գործընթացը կրկին ուղեկցվելու է Ադրբեջանի նմանատիպ գործողություններով, ինչը ՀՀ-ի համար նոր կորուստներ է բերելու:

- Այս հանդիպման ժամանակ կամ հայտարարության մեջ ի՞նչ պետք է լիներ, որ կանխեր Ադրբեջանի հետագա ագրեսիվ քայլերը:

- Նախ Ադրբեջանն իր հայտարարությամբ անցած մեկ տարում իր արած գործողությունները, ագրեսիան ներկայացրեց որպես ոչ նպատակաուղղված սահմանային միջադեպեր: Դա որևէ արձագանքի չարժանացավ: Եվ կա հայտարարության տեքստ, որտեղ որևէ կոշտ նշում չկա, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են ընդհանուր գործընթացի տրամաբանությանն ու անհասկանալի են: Հանդիպման մյուս կարևոր հանգամանքը շաղկապված է դեմարկացիա-դելիմիտացիայի հետ, բայց հայտարարության մեջ չնշվեց ճանապարհային քարտեզը, թե դա ինչպես պետք է իրականանա, ինչ հիմքերի և սկզբունքների շուրջ: Այնուամենայնիվ, նշվում էր, որ մինչև տարեվերջ պետք է համապատասխան մեխանիզմներ ներդրվեն, բայց պարզ չէ, թե ՀՀ-ն ինչ փորձության մեջ է մտնում: Մինչդեռ առաջին հերթին պետք է սահմանվեն այն սկզբունքները, որոնք դրվում են այս գործընթացի հիմքում:

- Դրական չե՞ք համարում այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, թե հանդիպումից հետո տարածաշրջանում բոլոր կապերն ու ճանապարհները կբացվեն:

- Այո, եթե մենք այդ գործընթացի մասին խոսում ենք նորմալ պետության պայմաններում, որտեղ կան աշխատող պետական ինստիտուտներ, որոնք կապահովեն սահմանային, տնտեսական, մաքսային անվտանգությունը և հայկական շահերի իրացումը: Այդ ինստիտուտների բացակայությամբ որքան էլ արտաքուստ լավ բովանդակություն ունեցող կարևոր գործընթացի մասին խոսենք, միևնույն է, ՀՀ-ն շահած դուրս գալու որևէ հնարավորություն չունի: ՀՀ-ում կառավարման համակարգը չի գործում: Այն օղակները, որոնք գործում են, գործում են շատ ցածր արդյունավետությամբ: Իսկ այդպիսի խոշոր նախագծի ապահովումը, հատկապես որ մի կողմում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված Թուրքիան ու Ադրբեջանն են, կարող է իրականացնել մի երկիր, որտեղ 1, 5, 10 տարիների ու տասնամյակների կտրվածքով պլանավորված է քայլերի հաջորդականությունը: Եվ որտեղ պետական կառույցները ցանկացած փուլում կարող են սպասարկել այդ շահերը: Բայց այս պայմաններում նույնիսկ արտաքուստ դրական թվացող ցանկացած նախագիծ մեզ համար կարող է տապալվել և նոր սպառնալիքներ բերել:

- Իսկ այս հանդիպումից հետո հնարավոր համարո՞ւմ եք որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր գերիներին, հատկապես որ Վ.Պուտինը հայտարարեց, թե կողմերին հաջողվել է առաջընթաց արձանագրել մարդասիրական հարցերի ուղղությամբ:

- ՌԴ նախագահի հայտարարությունը վերաբերում էր նույն օրը Ադրբեջանի վերադարձրած երկու գերիներին: Ուշադրություն դարձրեք հայտարարությանը, որտեղ խոսք է գնում նոյեմբերի 9-ի փաստաթղթի կատարման, գերիների վերադարձի մասին, և ուշադրություն դարձրեք Ալիևի հայտարարությունների այն մասին, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ իր պարտավորություններն արդեն կատարել է: Այսինքն, Ադրբեջանը համարում է, որ իր մոտ գտնվողներն այդ փաստաթղթի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, ինչը, բնականաբար, այդպես չէ: Եվ համարել, թե այս հայտարարությամբ գերիների վերադարձի հարց կլուծվի, տրամաբանական չէ:

- Ուրեմն, կարո՞ղ ենք ասել, որ հանդիպումը իրավիճակի լուծմանն ուղղված մեծ քայլ չէր:

- Ըստ էության, այս հանդիպումն ուներ երկու նպատակ. առաջինը՝ կայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում: Իհարկե, այս փուլում դա հաջողվել է, բայց միջնաժամկետ-երկարաժամկետ կտրվածքով հանդիպումն այդ խնդիրը չի լուծում, որովհետև այն գործիքակազմը, որն ուղղված է Ադրբեջանի սանձերը քաշլուն, գործի չի դրվել: Ադրբեջանն այս պահին լուռ է՝ զուտ ռուսական միջնորդությունը հաշվի առնելով, բայց հետագայում նմանատիպ ագրեսիաները չեն բացառվում: Հանդիպման երկրորդ նպատակը ռուսական միջնորդական դերի ընդգծումն էր, որով նաև ամփոփվեց վերջին 1 տարում մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Արցախում իրականացրած գործողությունները: Հանդիպումը նաև մեր հանրության համար կողմերի իրական նպատակների ու ցանկությունների մասին որոշակի արձանագրում արեց: Ասել, թե այս հանդիպումը որևէ նպատակի չի ծառայել, այդպես չէ, սակայն համարել, որ նոր գործընթացների մեկնարկ է տրվել, այդպես էլ չէ: Իրականում իրադարձությունները շարժվում են այն հունով, որը դրված էր հետպատերազմական տրամաբանության մեջ: Եվ, ցավալիորեն, ՀՀ–ի համար կարևոր մի շարք գործընթացներում օրակարգային համարվող հարցերն այդպես էլ ներկայացված չէին:

- Հրադադարի 1 տարվա կապակցությամբ ՌԴ-ն եռակողմ հանդիպում է նախապատրաստում, բայց կարծիք կար, որ այն արագացվեց, երբ պարզ դարձավ, որ Փաշինյան-Ալիև հանդիպում է սպասվում արդեն արևմուտքի միջնորդությամբ, Բրյուսելում, դեկտեմբերի 15-ին:

- Որքան տեղյակ եմ՝ ՌԴ-ում հանդիպումը պետք է տեղի ունենար մինչ մարտական գործողությունները, բայց ինձ անհայտ պատճառներով այն հետաձգվեց: Կարծում եմ, դրա հրատապ առաջ գալը պայմանավորված էր Սյունիքում և Վայոց Ձորում ադրբեջանական վերջին ագրեսիայով: Իսկ ինչ վերաբերում է Բրյուսելի հանդիպմանը, ամեն դեպքում մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում գլխավոր դերակատարը շարունակում է մնալ ՌԴ-ն: Եվ ես չեմ կարծում, որ առանց ռուսական կողմի համաձայնության՝ այնտեղ կարող է ինչ-որ լուրջ գործընթաց մեկնարկել: Բրյուսելյան հանդիպումն ավելի շուտ դիտարկում եմ հումանիտար բնույթի հարցերի առաջ մղման տեսանկյունից: Իսկ եթե լինեն այլ հարցեր, որոնք վերաբերում են դեմարկացիա-դելիմիտացիային, ապաշրջափակմանը, ապա չեմ կարծում, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ՌԴ դիրքորոշումը հաշվի չառնող քայլերի գնալ:

- Չե՞ք կարծում, որ ճիշտ են այն կարծիքները, թե ՌԴ-ն է խոչընդոտում, որ իր վերահսկողությունից դուրս որևէ հարթակում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող որևէ լուրջ լուծում տեղի ունենա:

- Քանի որ Հարավային Կովկասում գլխավոր դերակատարը ՌԴ-ն է, բնականաբար նա էլ ամեն ինչ անում է, որ այդ գործընթացները տեղի ունենան իր կենսական շահերի շրջանակում: Այլ բան է, որ ՀՀ իշխանությունները, հաշվի առնելով ՌԴ-ին դաշնակից լինելու կարգավիճակը, պետք է ամեն ինչ անեն մեր շահերը ՌԴ-ի շահերի հետ ներդաշնակեցնելու և դրանից բխող քաղաքականություն վարելու համար: