Հարկային բեռի ավելացում՝ հանուն բյուջեի

փետրվարի 16, 2018

Փետրվարի 16-ի արտահերթ նիստում 35 կողմ, 38 դեմ ձայնով Ազգային ժողովը մերժեց Ելք խմբակցության Հարկային օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագիծը: Կողմ էին քվեարկել «Ելք» և «Ծառուկյան», դեմ՝ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն չէր ստացել, բայց հեղինակները, օգտվելով ԱԺ կանոնակարգի օրենքի ընձեռած հնարավորությունից՝ հանդես եկան արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրահավաքին միացավ «Ծառուկյան» խմբակցությունը. հավաքվեց 29 ստորագրություն:

Իջեցնել հարկային դրուքաչափերը, փողը թողնել քաղաքացիներին

«Ելք» խմբակցությունն առաջարկում էր իջեցնել ակցիզային ու եկամտային հարկերի դրույքաչափերը և սահմանել մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը գործող դրույքաչափերը, որպեսզի գնաճը կանխվի: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն բարձրացել են ծխախոտի, ալկոհոլի, բենզինի և սեղմած գազի ակցիզային հարկերն ու աշխատավարձերից պահվող եկամտահարկի դրույքաչափերը, դիզվառելիքը ներառվել է ավելացրած արժեքի հարկման դաշտ: Այս փոփոխությունները հանգեցրել են գների բարձրացման:

«Հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսգիրքը 200%-ով բարձրացրեց ակցիզային հարկը լիցքավորման գազի համար՝ 8300 դրամը դարձավ 25.000, 60%-ով բարձրացրեց բենզինի ակցիզային հարկը՝ 25.000 դրամից հասցնելով 40 հազար դրամի: Հունվարի հենց առաջին տասնօրյակում ՏՄՊՊՀ հայտարարեց, որ բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի 15%-ով թանկացումը պայմանավորված է ակցիզային հարկի բարձրացմամբ: Դա անուղղակի հարկ է, որը ոչ թե տնտեսվարող սուբյեկտն է վճարում, այլ քաղաքացին: Դա ըստ էության գնի վրա դրված հավելաճ է»,- նախագիծը ներկայացնելիս հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդունում էր կառավարության հիմնավորումը, թե Հայաստանում թանկացումների վրա ազդել է նաև միջազգային շուկայում առկա գնաճը, բայց հավելեց, որ մեր երկրում թանկացումները ունեն նաև քաղաքական պատճառ՝ «ընտրակաշառքի հետհավաքման արդյունք է»: «Ամեն տարի ընտրություններից հետո թանկացում է լինում, անցած տարի էլ երկու ընտրություն է եղել: Իսկ գնաճը ոչ թե 2,6, ինչպես պաշտոնապես ներկայացվում է, այլ առնվազն 21,9 % է եղել: Սպառման հիմնական ապրանքների զամբյուղում ընդգրկված 24 ապրանքներից 14-ը թանկացել են, 6-ի դեպքում նվազում կա, 4-ի դեպքում փոփոխություն չի եղել: Այս դեպքում կառավարությունն ինչպե՞ս է 2,6% ստացել»,-հարցնում էր պատգամավորը:

Փաշինյանն առաջարկում էր իջեցնել հարկերի դրույքաչափերն ու բարձրացման արդյունքում ակնկալվող 35-45 մլրդ դրամը թողնել քաղաքացիներին, որպեսզի սոցիալական ճգնաժամն ավելի չխորանա:

Հարկային դրույքաչափերի փոփոխությունը թանկացման չի բերի

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ`հարկային դրույքաչափերի բարձրացումըման մատուցվող ծառայությունների գների վրա չի ազդելը: Ասաց`սեղմած գազը թանկացել է, բայց ուղևորափոխադրումների սակագները չեն բարձրացել: Բենզինի գներն էլ են բարձրացել, բայց դրանով որևէ ծառայություն չի մատուցվում.- «Դիզվառելի՞ք: Այո, խնդիր ունենք: Գյուղացիական տնտեսությունների վրա կազդի, դրա համար էլ կառավարությունը փոխհատուցման մեխանիզմներ է մշակում: Մեկ ամսվա ընթացքում հարկային փոփոխությունների մասին դատողություն անելը ճիշտ չեմ համարում, իսկ ակցիզային հարկի իջեցումը բյուջեում 16 մլրդ դրամի ճեղքվածք կառաջացնի, մինչդեռ բարձրացումը լուրջ ազդեցություն չի թողնում: 2018թ. համար այս փոփոխությունները 10 մլրդ դրամ են արժենալու, իսկ մենք 102 մլրդով ենք ավելացրել եկամուտներ»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը:

«Ելք»- ից Էդմոն Մարուքյանը նկատեց, որ դիզվառելիքի թանկացումը ազդելու է ոչ միայն գյուղատնտեսության վրա, դրա հետևանքով արդեն 20%-ով բարձրացրել է նաև բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ծառայությունների արժեքը: Խոսրով Հարությունյանը չբացառեց, որ այս դեպքում սեփականատերերը թերևս համաձայնության են եկել թանկացման հարցում:

«BMW-ի ֆառերի գինը նվազել է, սպառողական առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղը՝ հաց, կաթ, կարտոֆիլ, թանկացել»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցությյան անդամ Նաիրա Զոհրաբյանը: «BMW-ի ֆառ առաջին անհրաժեշտության կենսապահովման զամբյուղում չկա, դե, չեն ուտում մեր քաղաքացիները: Կաթի, կարագի, մսի շուկաներում միջազգային գները իջել են, ուստի ՀՀ-ում այդ շուկաների «տիրակալներին» կանչեք ու հարցրեք՝ ո՞նց է լինում, որ ուրիշ երկրներում գինն իջնում է, մեզ մոտ բարձրանում, ինչպե՞ս է լինում, որ ՌԴ-ում բենզինի գինն աճում է 8, մեզ մոտ՝ 30%- ով: Թող բենզինի «դոն կառլեոնեները» բացատրեն»,- ասաց Զոհրաբյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով` երկրի սոցիալական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է բարելավել հաշվառման ինստիտուտը: «Խոսքը վերաբերում է վիճակագրական ճշգրիտ տվյալների, իրական եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվառմանը»,- ասաց պատգամավորը:

«Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում առաջացել էին բյուջետային կորուստներ, դրա համար էլ կառավարությունը գնաց ակցիզային հարկի բեռի ավելացման, որը բյուջե լրացուցիչ 32 մլրդ դրամ եկամուտ է բերելու»,- հայտարարեց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: «Եթե մենք բարեփոխումների արդյունքում ունեինք բյուջետային կորուստներ, ի՞նչ պետք է անեինք, պետք է այդ կորուստները որեւէ հարկատեսակի հարկային բեռի ավելացմամբ փոխհատուցեինք: Մենք գնացինք էլեմենտար ճանապարհով. կապիտալն ու շահույթը չպետք է հարկենք, պետք է հարկենք սպառումը: Կամ պետք է ԱԱՀ-ն ավելացնենք, կամ ակցիզային հարկի բեռը: Ակցիզային հարկի բարձրացումը չարիքի փոքրագույնն է, և բիզնես մթնոլորտը աշխուժացնելու համար Կառավարությունը միտումնավոր գնաց այդ ճանապարհով»,- բացատրեց Դավիթ Անանյանը: