Մեր բանակցային թիմում էլ կլինեն փորձառու և բանիմաց մասնագետներ․ Անուշ Բեղլոյան

դեկտեմբերի 21, 2021

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ։

- Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացում հայկական կողմը գլխավոր բանակցող է նշանակել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Չե՞ք կարծում, որ տեղին է ընդդիմության քննադատությունը, որ նման լուրջ հարցով բանակցությունները պետք էր վստահել փորձառու մասնագետի, հատկապես որ թուրքական կողմից բանակցողը երկար տարիների դիվանագիտական փորձ ունեցող Սերդար Քըլըչն է։

- Պարոն Ռուբինյանն արդեն իսկ ապացուցել է, որ ունի միջազգային դիվանագիտական փորձ՝ աշխատելով խորհրդարանում և արտգործնախարարությունում։ Կարծում եմ՝ մի քիչ սխալ է հարցը տարիքի հետ կապելը։ Պարոն Ռուբինյանն ունի համապատասխան կրթություն, պատրաստվածություն, իսկ բանակցությունների ողջ գործընթացում երկու կողմերից էլ թիմ է աշխատելու։ Մեր բանակցային թիմում էլ կլինեն փորձառու և բանիմաց մասնագետներ։

- Ճի՞շտ են կարծիքները, թե եթե Թուրքիան համաձայնել է Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնել ու բանակցություններ սկսել, ուրեմն, մեր երկիրը համաձայնել է նրա բոլոր նախապայմաններին՝ հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից և ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։

- Ոչ, դա քաղաքական սպեկուլյացիա է, նման որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել։ Որևէ նախապայմանի բավարարման մասին որևէ հայտարարություն չի արվել, որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել, և որևէ պաշտոնյա դրա մասին չի խոսել։ Դա ընդամենը եթե/ապա–ի մակարդակի ենթադրություն է։

- Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ բանակցային գործընթացի մասին բոլոր քայլերը համաձայնեցվելու են Ադրբեջանի հետ, և շեշտել է, որ իրենց նպատակն է կյանքի կոչել հատկապես «Զանգեզուրի նախագիծը»։ «Այդ նախագծերը կյանքի կոչելու համար Թուրքիան ձեռքից եկածը կանի»,–ասել է նա։ ՀՀ-ն ինչպե՞ս կարող է դիմակայել այդ տանդեմին։

- Ոչ, իրենք միջանցք չեն ստանալու, դրա մասին բազմիցս պաշտոնական հայտարարություններ են արվել։ Ինչ վերաբերում է բանակցող կողմերի և երրորդ երկրների հարաբերություններին, ապա դա իրենց գործն է։ Մենք չենք մեկնաբանում նման հարաբերությունները, ինչպես նաև թույլ չենք տա, որ նրանք մեկնաբանեն այլ երկրների հետ մեր հարաբերությունները։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարեց, որ տարածաշրջանի ապաշրջափակման շրջանակում ձեռք է բերվել Հորադիզ-Մեղրի-Նախիջևան-Երասխ երկաթգծի վերաբացման պայմանավորվածություն։ Չե՞ք կարծում, որ ճիշտ էր նախ Իջևան-Ղազախ երկաթգիծը գործարկել, քանի որ այն քանդված չէ և վերականգնելու կարիք չունի։

- Իմ տպավորությամբ՝ կբացվեն բոլոր այն երկաթուղիները, որոնք հնարավոր կլինի գործարկել՝ արագացնելու համար գործընթացը և արդեն սկսել ապաշրջափակումը։

- Իսկ մինչ երկաթուղին կգործարկվի, մտադիր եք օդայի՞ն հաղորդակցությունը բացել։

- Օրերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն չունեմ, բայց երկու հաղորդակցությունների բացումն էլ պետք է տեղի ունենա։

- Հայտնի է, որ Հայաստանի նախկին իշխանությունները 2000-ականներին քանդել և վաճառել են Մեղրիի հարավով անցնող մոտ 40 կմ երկաթգիծը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասում է, որ այն վերականգնելու համար մոտ 200 մլն դոլար է անհրաժեշտ։ Ձեր իշխանությունները պատրաստվո՞ւմ են նախկիններին այդ հարցով պատասխանատվության ենթարկել, որ փոխհատուցեն պատճառած վնասը։

- Բոլոր այն կոմունիկացիաները, որոնք անցնում են երկրների միջազգայնորեն ճանաչված տարածքներով, հանդիսանում են տվյալ երկրների պատասխանատվության ներքո։ Եթե մեր երկիրը համաձայնել է, որ այդ երկաթգիծը պետք է բացվի, ուրեմն, կապահովի համապատասխան ենթակառուցվածքը։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա կան բազմաթիվ քրեական գործեր՝ հարուցված տարբեր դրվագներով։ Ո՞ր մեկը ասեմ։ Բոլոր այդ գործերը եթե հասցվեն ավարտին, ապա որոշ նախկին պաշտոնյաներ շատ երկար ժամանակ շատ տխուր վիճակում են հայտնվելու։

- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից իրենց տեղեկացրել են, որ 44–օրյա պատերազմից հետո հայկական կողմը զորքերը հետ է քաշել դեպի Սյունիք՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթի հիման վրա։ Փաստորեն, Ռուսաստա՞նն է ՀՀ-ին ստիպել Կովսականն ու Սանսարն էլ Ադրբեջանին հանձնել։

- Ես տեղյակ չեմ «Հայաստան» դաշինքի հայտարարությունից։ Ճիշտն ասած, ես արդեն հոգնել եմ նրանց տարատեսակ հայտարարությունները մեկնաբանելուց, սա էլ չեմ մեկնաբանի, բայց համոզված եմ, որ նրանք նորից ինչ-որ բան խառնել են։ Իհարկե, եթե նրանց հայտարարությունը փաստարկված լինի, ես կպատասխանեմ։

- Գեղամ Մանուկյանն ասաց, որ Գլխավոր շտաբից են նման պատասխան ստացել։

- Թող ներկայացնեն այդ նամակը, որովհետև շատ դեպքերում մեր գործընկերների կողմից շատ նամակների ընթերցումը շատ տարօրինակ է լինում։

- Բայց նույն այդ թեմայով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էր հայտարարել, որ այդ հատվածում հայկական կողմը երեք անգամ դիրքերը բարելավել է, բայց ռուսները երեք անգամ էլ ստիպել են ադրբեջանցիներին վերադարձնել։

- Չեմ կարող մեկնաբանել մարզպետի հայտարարությունը։

- Նույն տրամաբանությամբ է մեկնաբանվում նաև այն, որ պատերազմից մեկ տարի անց վերջապես հայկական կողմին հաջողվել է երկու գերի վերցնել, քանի որ նրանք չեն լսել ռուսական կողմին ու գերիներին արագ չեն հանձնել Ադրբեջանին։

- Կարծում եմ, որ դուք այդ հարցերը պետք է ուղղեք պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով։ Պաշտպանության և դիրքերին վերաբերող հարցերում ես վստահում եմ իմ գործընկերների մեկնաբանություններին։