Մենք ցույց տվեցինք, թե ինչպես պետք է աշխատի ՀԱՊԿ-ը․ Ալեքսեյ Սանդիկով

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ
-Հունվարի 11-ին ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով սահմանի արևելյան հատվածում տեղային մարտեր եղան, հայկական կողմն ունեցավ 3 զոհ ու վիրավորներ: Ին՞չ էր, Ձեր կարծիքով, կատարվածը:
-Հասկանալի է, որ ադրբեջանական կողմը հերթական սադրանքն էր ձեռնարկել: Հիմա պետք է հասկանալ այդ սադրանքի պատճառները: Հնարավոր է, որ պատճառներից մեկը Հայաստանի արագ արձագանքն էր՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու հարցին։ Սա Ադրբեջանին վրդովեցրել է, և դրանից ելնելով, գուցե, այդ երկիրը փորձ է արել նորից լարել իրավիճակը:
Ինֆորմացիային ես տիրապետում եմ այնքան, որքան լրատվական դաշտը: Դրանից ավելի ինֆորմացիա չունեմ և չեմ կարող խորքային պատասխան տալ: Կարող եմ ընդամենը վարկածներ առաջ քաշել:
-Այսինքն, իշխող խմբակցության ներսում քննարկումներ չե՞ն եղել, իրավիճակի մասին տեղեկություններ չե՞ն փոխանցվել պատգամավորներին:
-Չէ՛, այս շաբաթ խմբակցության հետ հանդիպումներ չեն եղել, ոլորտային հանձնաժողովները առանձին նիստեր են անում եկող շաբաթ մեկնարկող ԱԺ նիստերին ընդառաջ:
-Իշխանությանը քննադատում են, որ Ղազախստանի մասով ՀԱՊԿ-ն աշխատեցրեց իր մեխանիզմները․ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր ասել՝ «պատմության մեջ առաջին անգամ»։ Բայց երբ վտանգ է սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այդ կառույցը լռում է: Արդյո՞ք քննադատությունն արդարացված չէ։
-Իհարկե, դժվար է զուգահեռներ անցկացնելը, որովհետև Ղազախստանում տեռորիստական խմբավորումներ էին աշխատում և ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվում: Դրա մասին խոսել էր նաև Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ 2020-ի արցախյան պատերազմում մեր տարածաշրջանը նույնպես առերեսվել էր տեռորիստական խմբավորումների ներթափանցմանը: ՀԱՊԿ դիրքորոշումը արցախյան հիմնախնդրին և հայ-ադրբեջանական կոնֆլիկտին՝ այդ կառույցի գոյության ընթացքում, կարծում եմ, սկզբունքորեն չի փոխվել:Հնարավոր է, որ դրա պատճառներից մեկն այն է, որ ՀԱՊԿ անդամ երկրները, առանձին վերցրած, ունեն շատ ավելի խորը հարաբերություններ Արդբեջանի հետ, քան Հայաստանի: Չի բացառվում, որ այդ բազմակողմ հարաբերությունները ինչ-որ չափով խանգարում են ՀԱՊԿ-ի անմիջական ներգրավվածությանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտին՝ լուծման համատեքստում: Թերևս այս հակամարտությունում միջնորդի դերը առավելապես ստանձնել է Ռուսաստանը, որի միջնորդությամբ էլ հենց ստորագրվեց եռակողմ հայտարարությունը: Այլ հարց է, թե հետագա էսկալացիաները որքանով են օգնում կամ խանգարում եռակողմ փաստաթղթի դրույթների իրագործմանը:
-Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը թերանում է իր միջնորդական առաքելությունը կատարելու մեջ։
Այնպես չէ, որ իրավիճակը կամ սև է, կամ սպիտակ: Գոյություն ունի բարդ տարածաշրջանային կոնֆլիկտ, որը վերջին երեսուն տարում տարբեր էսկալացիոն ձևերով է արտահայտվել: Այս պարագայում ասել, թե այս կամ այն երկիրը թերի է կատարում իր միջնորդական առաքելությունը, ճիշտ չէ: Առավել ևս, ոչ մի այլ երկիր առնվազն չի երաշխավորել ու իր վրա չի վերցրել միջնորդի պարտավորություն ու լիարժեք չի կատարել այն:
Իհարկե, ջանքեր շատ են գործադրվում: Այլ բան է, որ արդյունքը դեռևս չի արդարացնում մեր սպասումները գերիների վերադարձի, սահմանագծման ու սահմանազատման, զորքերի հայելային հետքաշման կամ Արցախի կարգավիճակի լուծման մասով: Խնդիրներն այնքան խորն ու բազմազան են, որ միանշանակ գնահատական տալը կարծում եմ, սխալ է:
-Փաստ է, որ Ադբեջանը պարբերաբար ոտնձգություններ է թույլ տալիս Հայաստանի սահմանների նկատմամբ, և փաստ է, որ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չի արձագանքում այդ ամենին: Պետք չէ՞ մտածել անվտանգության կառույցը փոխելու մասին:
-Ինֆորմացիոն տիրույթում նման առաջարկներ ու վարկածներ հնչեցնում են արևմտամետ հայացքներ ունեցող հասարակական, քաղաքական գործիչները: Ես չեմ կիսում այդ կարծիքը: Ձեր նշած փաստերից բացի, ակնհայտ է նաև, որ մենք Ադրբեջանի հետ չունենք սահմանագծված ու սահմանազատված պետական սահման: Պետք է նախևառաջ հասկանալ՝ ինչ փաստաթղթերի հիման վրա է իրականացվելու սահմանազատում ու սահմանագծում: Այսինքն, մինչև չունենանք հստակ պետական սահման, ցանկացած կողմ կարող է հօգուտ իրեն օգտագործել սահմանի խախտման փաստը:
Չէի ուզենա զուգահեռ տանել Ղազախստանում ստեղծված իրավիճակի հետ։ Օրինակ, Ղրղզստանում էլ տարբեր սահմանային միջադեպեր են տեղի ունենում, և մինչև այսօր ԽՍՀՄ նախկին պետությունները չունեն առանձնացված, սահմանագծված պետական սահման, ինչը, տեսականորեն, ցանկացած տարածաշրջանում կարող է բերել սահմանային միջադեպերի:
Մեզ մոտ պատմականորեն է այդ իրավիճակը սրված, ինչը զգայուն է դարձնում հակամարտության լուծման ճանապարհները:
-Դուք սահմանային վերջին լարումը չեք ուզում կապել Ղազախստանի դեպքերին ՀԱՊԿ-ի արձագանքի հետ, բայց ադրբեջանական կողմըինչ ուզել է, ստացել է հայկական կողմից: Օրինակ, դեկտեմբերի 14-ին Բրյուսելում երկաթուղու հարցն էլ լուծվեց, կարծես: Այդ դեպքում, ի՞նչն է ստիպում Ադրբեջանին գնալ սահմանային էսկալացիայի:
-Չեմ կարող մեկնաբանել Ադրբեջանի գործողությունները, առավել ևս այն ջանասիրությամբ, որով մեր շատ հայկական լրատվամիջոցներ են ներկայացնում այդ երկրի այս կամ այն քայլերը, դիրքորոշումները: Անկեղծ ասած, անհասկանալի են ադրբեջանական գործողությունների այդքան ակտիվ լուսաբանումները հայկական տեղեկատվական դաշտում:
-Բայց չէ՞ որ դրանք առնչվում են մեզ. հունվարի 11-ի կրակոցների հետևանքով երեք զոհ է եղել սահմանին:
-Այո, ճիշտ եք առնչվում են։ Երեք զոհ ունենք, բայց շատ բաներ էլ կատարվում են հայկական ներքին կյանքում, ինչը հատուկ ջանասիրությամբ լրագրողները չեն նկատում։
Իսկ Ղազախստանի դեպքերի մասին պետք է ասել, որ Հայաստանը ՀԱՊԿ գործընկերներին ցույց տվեց, թե ինչ արագությամբ պետք է աշխատի ՀԱՊԿ-ն։ Հայաստանը, կարծում եմ, քաղաքականապես ճիշտ ու կշռադատված որոշում է կայացրել։ Եթե Հայաստանը չարձագանքեր ու ՀԱՊԿ մեխանիզմները չկիրառեր, կնշանակեր ևս մեկ անգամ տապալել ՀԱՊԿ աշխատանքները, ինչը կնպաստեր, որ ՀԱՊԿ-ն, որպես անվտանգային համակարգ, գոյություն չունենար: Եթե մենք շահագրգռված ենք մնալ այդ քաղաքական ու անվտանգային ինտեգրացիոն մարմնում, ապա պետք է կատարենք գործողություններ, որպեսզի կառույցն աշխատի:
Սա փաստացի ՀԱՊԿ ֆորմատով առաջին ոչ ուսումնական առաքելությունն էր, և կարծում եմ՝ քաղաքական, միջազգային դիվանագիտական առումով մեզ համար շատ կարևոր էր, որ հենց Հայաստանի նախագահությամբ էր դա արվում: Մենք ցույց տվեցինք, թե ինչպես պետք է աշխատի ՀԱՊԿ-ն:Տարածաշրջանային հարցերի լուծման համատեքստում դամեզ համար լրացուցիչ միավորներ կապահովի:
-Բայց ՀԱՊԿ մեխանիզմները մեր սահմանները պաշտպանելու համար չգործադրվեցին: Ինչպե՞ս հասկանալ:
-Ոգևորության մասին խոսք լինել չի կարող, ես համադրեցի փաստերը և ներկայացրի իրավիճակը: ՀԱՊԿ կազմում կան երկրներ, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, դա շատ հարցերում խանգարում է հենց ՀԱՊԿ-ի լիարժեք ներգրավմանը այդ խնդրի լուծմանը:
-Արևմտյան վերլուծական որոշ խոշոր կենտրոններ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի այդ քայլը որակեցին Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների սպասարկում:
-Կարծիքների նման հակամարտությունը նորություն չէ։ Այդ բախումը եղել է, կա և դեռ շատ երկար կլինի: Աշխարհաքաղաքական վեկտորների բախում կա, և դրան շատ նորմալ կարելի է նայել: Զարմանալի կլիներ, եթե հակադիր վեկտորները այդ հարցում համակարծիք լինեին։