Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում Արմեն Սարգսյանի ներսում․ Վաղարշակ Հակոբյան

հունվարի 24, 2022

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ։

ՀՀ նախագահը կիրակի հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին: Ձեզ կամ, ընդհանրապես, իշխող ուժի համար սպասելի՞ էր նման զարգացումը:

–Խնդիրն սպասել-չսպասելը չէ: Սահմանադրությունը հստակ կարգավորումներ ունի, և ես որևէ խնդիր չեմ տեսնում կա հստակ գործիքակազմ, որ Հանրապետության նախագահի հրաժարականի դեպքում որոշակի ժամկետում ԱԺ նախագահը ժամանականավորապես կատարում է ՀՀ նախագահի պարտավորությունները, այնուհետև ընտրվում է նոր նախագահ: Բայց եկեք շատ չշտապենք, որովհետև յոթօրյա ժամկետ կա, և, ըստ էության, Սահմանադրությունը նաև նախատեսում է, որ նախագահը իր դիմումը կարող է հետ վերցնել:

–Այսինքն՝ իշխող ուժը որոշ հույսեր ունի, որ նախագահը կարող է հետքա՞յլ կատարել:

–Ես չեմ ուզենա այդպես ձևակերպել: Ես ներկայացնում եմ օրենքը ու սահմանված կարգը՝ ինչպես պետք է առաջ գնալ։ Գնահատական չեմ տալիս և բացի այդ, հույսերի խնդիր էլ չկա: Ուղղակի ուզում եմ նշել, որ Սահմանադրությունը հստակ կարգավորում է հարցի հանգուցալուծման ձևը:

–Այո, այդ կարգավորումների մասին տեղյակ ենք, բայց ես ավելի շատ կուզեի փաստի մասին խոսեիք՝ նախագահը հրաժարական է տալիս։ Ի՞նչ է նշանակում այդ քայլը, իշխող ուժը անակնկալի չի՞ եկել այդ քայլից, թե՞, այդուհանդերձ, կուլիսներում քննարկվում էր հարցը:

–Իհարկե, սպասելի էր, որովհետև ցանկացած պաշտոնյա ազատ է իր գործողություններում։ Ինչպես նախագահը, այնպես էլ բոլոր մնացած պաշտոնյաները իքս պահի կարող են հրաժարական տալ: Որևէ խնդիր չեմ տեսնում:

–Նույն տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, վարչապետն էլ կարող է Ձեր ասած իքս պահին հրաժարական տալ, և դա անսպասելի չի կարող լինել:

–Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է մեր քաղաքական ուժը, և մեր ընդհանուր հաղթանակի արդյունքում ու ժողովրդի ընտրության արդյունքում է նա զբաղեցնում այդ պաշտոնը: Պետք չէ այս երկուսը համեմատել, միմյանց հետ բացարձակապես կապ չունեցող հարց եք տալիս: Իսկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ընտրել է նախորդ խորհրդարանը, և քաղաքական թիմ չէր ներկայացնում: Այն մարդիկ, որոնք քաղաքական թիմ չեն ներկայացնում, առնվազն մեր թիմի անդամ չեն, նրանք մանրամասնությամբ հարցերը մեզ հետ չեն քննարկում, ինչպես կքննարկեր ՔՊ անդամը:

–Սահմանադրությամբ նախագահը կուսակցական չի կարող լինել:

–Այո, ես նշում եմ տարբերությունները նախագահի և վարչապետի պաշտոնների: Վարչապետը կարող էր թիմին տեղեկացնել իր հնարավոր հրաժարականի մասին, իսկ նախագահը, քանի որ թիմ չունի, չի ներկայացնում իր ծրագրերի մասին տեղեկություն:

–Հրաժարականի որոշման մասին հայտարարության մեջ Արմեն Սարգսյանը սպասվող փոփոխությունների մասին էր խոսում, ինչին հաջորդեցին կոնսպիրոլոգիական տեսություններ, վարկածներ: Դուք ի՞նչ եք մտածում դրանց մասին:

–Ես չէի ուզենա, որ մեկնաբանենք հեռացող որևէ պաշտոնյայի հրաժարականի տեքստը՝ անկախ նրանից ՀՀ նախագահն է, թե այլ պաշտոնյա։ Ժամանակավրեպ է, և կոռեկտության խնդիր կա: Չէի ուզենա՝ մտնեինք նրա մտքերը մեկնաբանելու դաշտ:

Բայց քաղաքական առումով, ուզում եմ վստահեցնել, որ Սահմանադրության տված գործիքակազմով իշխող քաղաքական ուժը կարող է լիարժեքորեն կառավարել իրավիճակը և հանգուցալուծել խնդիրը:

–Հիմա ՔՊ-ում կա՞ն քննարկումներ թեկնածությունների շուրջ:

–ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածուի քննարկումներ իքս փուլում լինելու են, բայց առայժմ այդ մասին քննարկումները սկսված չեն: Մեր ուժի ներսում նմանատիպ որոշումները կայացվում են լայն ու խորը քննարկումների արդյունքում: Այս հարցը, այո, լինելու է իշխող քաղաքական ուժի քննարկումների օրակարգում։

–Իսկ հանարվո՞ր է՝ նախագահը միայնակ էր մնացել, թիմ չուներ ու այդ պատճառով լքում է պաշտոնը:

–Ես նախագահի հետ չեմ զրուցել այդ հարցի շուրջ, չեմ կարող բնորոշել նրա հույզերը, մտքերը և որոշման շուրջ իր տեսլականը: Բայց ես կարծում եմ, որ կատարվածը նորմալ գործընթաց է, որը տեղավորվում է Սահմանադրության շրջանակում:

–Ընդդիմությունից այսօր հայտարարություն հնչեց, որ նախագահը մշտապես գաղտնի կամ ներքին կարգով աջակցել է Հայաստանի իշխանություններին: Դուք նախագահի կողմից նման աջակցություն տեսե՞լ եք:

–Այսօրվա քաղաքական մեծամասնությունը առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ ու օրենքներով իրեն ընձեռված իշխանությամբ և շատ կոռեկտ է կազմակերպում իր հարաբերությունները բոլոր պաշտոնյաների հետ՝ լինեն նրանք ընտրված կամ նշանակված մեր ժամանակ թե մեզանից առաջ։

Ես կուզենայի, որ դուք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու իշխող քաղաքական մեծամասնության հարաբերությունները դիտարկեք բացառապես օրենքի ու օրենքով սահմանված կարգով համագործակցության շրջանակում:

–Որոշ շրջանակների գնահատմամբ, օտար երկրում հիմնական կապիտալ ունեցող անձը չէր կարող բարձր պաշտոն զբաղեցնել Հայատանում: Ընդհանրապես, նախագահ Սարգսյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում:

–Ես կարծում եմ, որ ՀՀ-ում պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր մարդ իր կապիտալով ու մտքով պետք է կապված լինի Հայաստանի Հանրապետության հետ, որովհետև այլ կերպ այդ մեխանիզմը չի աշխատի: Ես չգիտեմ՝ ինչ կապիտալ ունի Արմեն Սարգսյանը, բայց եթե նա շատ կապիտալ ունի ՀՀ-ից դուրս, սա քննարկման թեմա է՝ ինչու ենք այդ պաշտոնը վստահել մի մարդու, որի կապիտալը Հայաստանից դուրս է: Եթե դա իրականություն է, իհարկե:

–Լավ, ինչո՞ւ այս փուլում նա որոշեց դիմել այդ քայլի։ Հայտարարության մեջ նշվում է, թե նախագահի լիազորությունները սահմանափակ են, ինչո՞ւ հենց այս փուլում նա հասկացավ, որ իր լիազորությունները քիչ են:

–Շատ կարևոր հարց է։ Ի վերջո, նա ընտրվելուց ևս պետք է իմանար իր լիազորությունների սահմանը: Միգուցե կարծում է, որ հիմա քաղաքական ստաբիլությունը նրան թույլ է տալիս հեռանալ, միգուցե այլ պատճառներ կան: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում Արմեն Սարգսյանի ներսում, և ինչպես է նա կառավարում իր հույզերը: