Բազմիցս նախագահից է կախված եղել ճգնաժամի հանգուցալուծումը, և նա դրսևորել է կրավորական կեցվածք․ Հայկ Մամիջանյան

հունվարի 25, 2022

Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ։

-Նախօրեին հրաժարական տվեց նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրան ընտրել է ձեր իշխանությունը, հրավիրել է Սերժ Սարգսյանըսպասելի՞ էր նրա հրաժարականը։

-Չեմ կարող ասել՝ սպասելի էր, թե ոչ, բայց Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառաբանություններն անհեթեթ են, որովհետև ինքը Սահմանադրության վրա երդում է տվել: Կարծում եմ՝ ինքը կարդացել է այս Սահմանադրությունը և չորս տարի երգելով (ամենայն հարգանքով նախագահի ինստիտուտի հանդեպ) նույն երգը լիազորությունների մասին՝ լուռ հետևել, թե ինչպես է բռնաբարվում Սահմանադրությունը հենց այս դահլիճում։ Ունեցած սուղ լիազորությունների մի մասը զիջել խորհրդարանին, հետո հրաժարականի ժամանակ այսպիսի տեքստ հրապարակել․ ինձ համար անընկալելի է։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ–ի կադր է, Արմեն Սարգսյանը ՀՀԿ–ի օրոք աշխատել է մի քանի ամիս, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ չորս տարի։

-Բայց նա եկել էր Սերժ Սարգսյանի հրավերով և առաջարկով։

-Իր հրաժարականի տեքստում ինքը, կարծես, ակնարկում է, որ երբ գալիս էր այստեղ, ունեինք կայուն և հզոր պետականություն, պետական ինստիտուտներից յուրաքանչյուրը կատարում էր իր գործառույթը, իր համար նույնպես նախատեսված էր որոշակի գործառույթների փաթեթ, որի հիման վրա, հավանաբար, ինքն այն ժամանակ ընդունել է առաջարկը։ Արմեն Աշոտյանը մի անգամ հրապարակավ ներողություն է խնդրել նրա առաջադրման և քվեարկության համար, իսկ Արմեն Սարգսյանի կրավորական կեցվածքն այս տարիներին, երբ որպես վերկուսակցական արբիտր ինքը պետք է ստանձներ այդ դերակատարումը, առնվազն ընկալելի չէ, ու շատ դժվար է նրան «Հանրապետական»–ի կադր անվանելը։

-Հրաժարականի ուղերձում Արմեն Սարգսյանը նշում է, որ նախագահը չունի սահմանադրական անհրաժեշտ լիազորություններ երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ազդելու, ճգնաժամը կանխելու համար՝ «Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք»։ Կիսո՞ւմ եք այս հիմնավորումները։

-Դա անհեթեթություն է։ 2015-ին, լինելով հանրապետական, ես համեստ դերակատարում եմ ունեցել մարզային այցերի, հանդիպումների միջոցով այս Սահմանադրությունը քարոզելու ընթացքում։ Ես կիսում եմ պետականաշինության այն մոտեցումները, որոնք ներառված են Սահմանադրության ոգու մեջ։ Նորից պետք է վերադառնամ Արմեն Սարգսյանի ասածին և նորից պետք է պնդեմ, որ ինքը գիտեր, թե ինչ Սահմանադրությամբ է գալիս։ Ո՛չ, չեմ կիսում այն կարծիքը, որ այս Սահմանադրությունը որևէ հնարավորություն չի տալիս երկրի նախագահին ներգրավվել թե՛արտաքին, թե՛ ներքին որոշակի գործընթացներին։ Բազմիցս եղել են դեպքեր, երբ Արմեն Սարգսյանից կախված է եղել ներքաղաքական այս կամ այն ճգնաժամի հանգուցալուծումը, և նա դրսևորել է խիստ կրավորական կեցվածք։

Ինչ վերաբերում է սահմանադրական «բարեփոխումներին», «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել այդ գործընթացին, որովհետև դա սին, կեղծ գործընթաց է։ Նիկոլ Փաշինյանը մի ասուլիսում ասա, որ դե իրեն դուր չի գալիս, բայց անում են։ Սա ընկալելի չէ։ Մենք շատ կարճ ենք աշխատել պառլամենտական կառավարման տրամաբանությամբ, ընդ որում՝ ամբողջական կիրառմամբ շատ ավելի քիչ ժամանակ ենք աշխատել, և անհնար էր այս ժամանակահատվածում հասկանալ բոլոր խութերն ու խնդիրները։

-Բայց հենց այս Սահմանադրությունը ճակատագրական չդարձա՞վ ՀՀԿ-ի իշխանության համար։

-ՀՀԿ–ի համար ճակատագրական որևէ բան չեմ տեսնում որևէ գործընթացի պարագայում։ Դրա ապացույցը՝ ՀՀԿ-ն 2018-ից 3 տարի անց նորից ներկայացված է պառլամենտում, իսկ այդ երեք տարում մենք եղել ենք ամենաազդեցիկ ընդդիմադիր խաղացողներից մեկը՝ չլինելով պառլամենտում։

Ինչ վերաբերում է Սահմանադրությանը․անցումը պառլամենտական կառավարման եղավ մեր երկրի համար սթրեսային, ճգնաժամային իրավիճակներում, սակայն ամենահանդարտ հանգուցալուծումն ապահովեց մեր երկրի համար: Նույնիսկ զարգացող երկրների համար սահմանադրական բարեփոխումների նվազագույն ցիկլը տասը տարի է։ Ի վերջո, այնպես չէ, որ հանրապետության առջև ծառացած խնդիրների մեղավորը Սահմանադրությունն է կամ կառավարման ձևը։ Մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների մեղավորը ունի անուն՝ Նիկոլ Փաշինյանը, և եթե նույնիսկ կառավարման տարբերակը դարձնենք մոնարխիա, և Նիկոլ Փաշինյանը իրեն կարգի դարերից եկող արքայական հարստության ներկայացուցիչ, դրանից խնդիրները չեն լուծվի։

-Դուք նշում եք՝ ԱԺ-ում ՀՀԿ–ի ներկայության մասին, սակայն ՀՀԿ–ն ընտրություններին չմասնակցեց որպես առանձին ուժ։ Բացի այդ, գրվեց, որ 2018-ի իրադարձություններից հետո մի գիշերում 10 000 հոգի դուրս եկավ կուսակցությունից։

-Անհեթեթություն է։ Նախ 10 000 չէր, այլ ինը, երկրորդ՝ դա մեկ գիշերում չի եղել։ ՀՀԿ-ից դուրս եկած անդամների թիվը իշխանափոխությունից հետո շատ փոքր էր, մի քանի հազարի շրջակայքում էր։ Երկրորդ՝ անցնող տարում ՀՀԿ-ն նախաձեռնել էր իր շարքերի վերագրանցման գործընթաց և մեր իսկ մոտեցումներով, մեր իսկ նախաձեռնությամբ մեծ քանակությամբ կուսակցականների անդամությունը կասեցվել է՝ ելնելով որոշ սկզբունքներից։

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցությանը, ՀՀԿ ղեկավարն առաջին օրվանից հայտարարել էր, որ ընտրությունը Նիկոլ Փաշինյանի թելադրած կեղծ օրակարգ է, և ցանկալի է, որ ընդդիմությունը չմասնակցի դրան։ ՀՀԿ-ն վերջիններից էր, որ իր մասնակցության մասին պաշտոնական դիրքորոշում հայտնեց։ Մենք շարունակում ենք համարել, որ փողոցային պայքարը շատ ավելի լավ լուծում էր այն ժամանակվա համար, քան արտահերթ ընտրությունների գնալը:

–Բայց դուք հիմա ունեք շատ փոքր խմբակցություն խորհրդարանում:

–Ես ողջ կյանքիս ընթացքում գործընթացները գնահատել եմ որակային տեսանկյունից, իսկ մեր խմբակցության աշխատանքի որակի գնահատականը հանրությունը տալիս է:

–Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի այս 4 տարիների աշխատանքը:

Բացառությամբ մի քանի դրսևորումների, ես նկատի ունեմ 5-ից փոքր թիվ, նախագահ Արմեն Սարգսյանը, մեղմ արտահայտվեմ, տեղում չէր:

–Ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց հիմա հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը: Կան տեսակետներ, որ կարևոր իրադարձություններ էին սպասվում, և նա որոշեց, որ չպետք է կապ ունենա այդ որոշումների կայացման հետ:

–Ես չափից շատ եմ հարգում մեր քաղաքացիներին, մեր ընտրողներին, որպեսզի առանց հիմքերի, դավադրապաշտական տեսություններ կառուցեմ: Հաշվի առնելով, որ գործընթացը տեղի է ունեցել ընդամենը երկու օր առաջ, ես ինքս բավարար տեղեկատվություն չունեմ վերլուծություն անելու, ուստի չեմ բարձրաձայնի:

–Շատ է խոսում, որ իշխող ուժը կադրրեր չունի։ Դուք հիմա տեսնո՞ւմ եք նախագահի թեկնածուների․համացանցում արդեն անուններ են շրջանառվում:

–Ես չգիտեմ, թե համացանցում շրջանառվող որ անունների մասին եք խոսում, բայց եթե թույլ տաք, ես ինքնառաջադրվող քաղաքական գործիչների մասին մեկնաբանություններ չանեմ: Ընդդիմադիր երկու խմբակցությունները դեռևս ժամանակ ունեն խորհրդակցելու, քննարկելու և հասկանալու, թե ընդդիմությունն ինչ թեկնածուով հանդես կգա, հանդես կգա՞, թե՞ չի գա: Ինչ վերաբերում է իշխանության թեկնածուին եթե իրենք բերելու են հերթական խամաճիկ, որը կուզուրպացնի իշխանության այս թևը նույնպես, ապա իմ մոտեցումը ակնհայտ է: Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք Նիկոլ Փաշինյանի գովքն են անում սազը ձեռքներին Հանրայինում կամ այլ հեռուստաալիքներում, բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք խուսափողական գնահատականներ են տալիս Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, իրավունք չունեն ստանձնել Սահմանադրության երաշխավորի պաշտոնը: Եթե իշխող խմբակցությունը ունենա այնքան գիտակցություն, իսկ ես գիտեմ, որ այդպես չի լինի, ներկայացնելու արժանի թեկնածու, դա այլ պատմություն է, բայց մենք գիտենք, որ իրենք կգտնեն հերթական խամաճիկ, որը կհամալրի Նիկոլ Փաշինյանի հրամանները հլու-հնազանդ կատարողների ցանկը:

–Նախկինում Ձեր թվարկած հեռուստաընկերությունները Սերժ Սարգսյանի գովքը չէի՞ն անում:

–Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաալիքով ունեցել է մոտավորապես մի 100 անգամ ավելի շատ եթերաժամանակ, քան ես, կամ ՀՀԿ-ի ամենակարկառուն, ամենաբանիմաց պատգամավորները: Եվ ամենակարևորը՝ մեր ժամանակ հարկատուների գումարներով աշխատող հեռուստաալիքներից ադրբեջանական քարոզ չէր վարվում, ադրբեջանական բանակցային թեզեր չէին հնչում, հայկական բնակավայրերն էլ ադրբեջանական չէին ներկայացվում: