Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի․ կլինեն նոր ընտրություններ

հունվարի 25, 2022

«Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ»,- նշված է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում:

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնից իր հրաժարականի հայտարարությունն արեց հունվարի 23-ին՝ կիրակի օրը, արտերկրից։ Նա իր հրաժարականը բացատրել էր այն պատճառաբանությամբ, թե Հայաստանում գործող կառավարման համակարգում նախագահը չունի «անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»։

Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը ներկայացրել էր Ազգային ժողովին, քանի որ նա նախագահ էր ընտրվել հենց խորհրդարանի կողմից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հաջորդ իսկ օրը այդ դիմումն ընթերցեց ԱԺ լիագումար նիստի ժամանակ։

ՀՀ 4-րդ նախագահի 3-րդ հրաժարականը

Արմեն Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահն էր, բայց առաջին նախագահն էր, որին ընտրել էր խորհրդարանը։ Նա նաև ՀՀ 2-րդ նախագահն է, որը հրաժարական է տալիս՝ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո։ Բայց սա Ա․Սարգսյանի քաղաքական կյանքում 3-րդ հրաժարականն է՝ առաջինը 1996թ․ էր՝ վարչապետի պաշտոնից, երկրորդը 2018թ․՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Ա․Սարգսյանը նախագահ էր ընտրվել 2018թ․ մարտի 2-ին, հեղափոխությունից ընդամենը 20 օր առաջ։ Նրան նախագահ էր առաջադրել այն ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Հանրապետական» կուսակցությունը։

Այն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» խմբակցությունը կասկածի տակ էր դնում արդեն ընտրված նախագահ Ա․Սարգսյանի լեգիտիմությունը՝ պահանջելով, որ նա Մեծ Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք ներկայացնի այն մասին, որ 2011թ․ դեկտեմբրի 2-ից հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և հանդիսանում է միայն Հայաստանի քաղաքացի:

«Ձեր թեկնածության լեգիտիմության հարցն է քննարկվում, և Դուք մի պարզ գործողություն չեք անում՝ Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանը էսինչ թվի էսինչ օրը դիմել է Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար, դիմումը բավարարվել է, ուստի, էսինչ օրվանից նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Եվ եթե էս պայմաններում չի արվում էդ գործողությունը, մենակ մի եզրակացություն կա, որ էդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի»,- մարտի 1-ին Ա․Սարգսյանի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարել էր Ն․Փաշինյանը:

Բայց մինչ վարչապետ ընտրվելը, արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Ն․Փաշինյանը հանդիպել էր Ա․Սարգսյանի հետ և իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել, թե «պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011թ․ դեկտեմբերին»։

Ա․Սարգսյանը, սակայն, չհրապարակեց այդ փաստաթուղթը, որ հանրություն էլ դրանում համոզվեր։

Առաջին փուլով միգուցե չընտրվի

Ինչ վերաբերում է Ա․Սարգսյանի հրաժարականի հայտարարությանը հաջորդող քայլերին, ապա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Դժվար թե Ա․Սարգսյանը հետ վերցնի իր հրաժարականի դիմումը։ Եվ եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: «Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- հունվարի 24-ի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն, մինչ նոր նախագահի ընտրվելը հանրապետության նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահը: 126-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն։

Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ 26-27 պատգամավոր: Այսինքն, ոչ միայն խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, այլև ընդդիմությունն է կարող նախագահի թեկնածու առաջադրել, քանի որ ունի 35 պատգամավոր։ ՀՀ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը՝ տվյալ դեպքում նվազագույնը 80 ձայն:

Առաջին փուլում, հնարավոր է, նախագահ չընտրվի, քանի որ ոչ մեծամասնությունը, ոչ էլ ընդդիմությունը չունեն 81 ձայն։ Այդ դեպքում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: 2-րդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը կամ 65 ձայն: Երկրորդ փուլում արդեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող է նախագահ ընտրել։

Բայց եթե 2-րդ անգամ էլ նախագահ չի ընտրվում, անցկացվում է ընտրության 3-րդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: 3-րդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ նվազագույնը 54 ձայն:

Եթե մեկ գործընթացով նախագահ չի ընտրվում, ապա 10–օրյա ժամկետում անցկացվում է նոր ընտրություն:

Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ 10-րդ օրը:
ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։ 

Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Նույն անձը կարող է պաշտոնավարել միայն մեկ ժամկետ։