Հայաստանի 5-րդ պաշտպանին կողմ քվեարկեց միայն իշխանությունը

հունվարի 24, 2022

Հունվարի 24-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ և միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 68 ձայնով Քրիստինե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։

«Մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը զարգացման բավականին տպավորիչ ճանապարհ է անցել։ Եվ շատերը կհամաձայնեն, որ այն այսօր, իսկապես, կայացած հաստատություն է, որն իրականացնում է ՄԻ պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի պարտականությունը»,- իր ելույթում ասաց Քրիստինե Գրիգորյանը։

Այդ պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նա միակ թեկնածուն էր, քանի որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրումներ չէին արել։

Շարունակելով ելույթը՝ Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, որ օմբուդսմենի ինստիտուտը արդյունավետորեն կատարում է ՄԻ պաշտպանությանը և ժողովրդավարական հավասարակշռության պահպանմանն ուղղված իր առաքելությունը։ Նշեց, որ ընտրվելու դեպքում հետ չի վերցնի գործող ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումները։

ՄԻՊ թեկնածուն համաձայն դեմ էր այն տեսակետներին, թե ՄԻ պաշտպանի ինստիտուտը հակադիր և ընդդիմադիր է պետական հաստատություններին «Սահմանադրությամբ ու օրենքով պաշտպանի ինստիտուտը լրացնում է պետական մարմինների համակարգը, և չպետք է ընկալվի պետությունից օտարացած, պետության դեմ դուրս եկած մարմին»։

Ծրագրային առաջնահերթությունների պահով էլ շեշտեց, որ իր գործունեության կարևոր բաղադրիչն է լինելու Ադրբեջանի կողմից գերեվարվածներին առևտրի առարկա դարձնելու հարցը, ինչպես նաև՝ իրավապահ համակարգում և զինված ուժերում Մի պաշտպանության առավել իմաստալից երաշխիքների ստեղծումը։ «Ինչ վերաբերում է Ոստիկանության համակարգին, ապա օմբուդսմենի ուշադրության կենտրոնում պետք է լինի խաղաղ հավաքների ժամանակ մարդու հիմնարար իրավունքներն իրացնելու համար պայմաններ ստեղծող գործելակերպերի ապահովումը»,- ընդգծեց նա։

Օրինակա՞ն էին Նիկոլ Փաշինյանի գործողությունները

Քրիստինե Գրիգորյանին հարցեր ուղղելու համար հերթագրվել էին մոտ երեք տասնյակ պատգամավորներ՝ մեծամասնությունը՝ ընդդիմադիր խմբակցություններից։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը հարցրեց՝ թրաֆիքինգի դրսևորում չէ՞, երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե ինքն է որոշում՝ որ նախարարը որքան աշխատի։ «Չեմ կիսում, որ դա թրաֆիքինգ է։ Թրաֆիքինգ հասկացությունը մասնագիտական գրականության մեջ հստակ է»,- պատասխանեց թեկնածուն:

Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր, թե Գրիգորյանն ինչ կարծիք ունի հայհոյանքի քրեականացման մասին այն դեպքում, երբ վիրավորանքն էլ կարող է այդպիսին համարվել։ Թեկնածուն պատասխանեց, որ հայհոյանիքի քրեականացման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը, ՄԻ պաշտպանի դիմումի հիման վրա, դեռ պետք է քննարկվի ՍԴ-ում, և առաջարկեց սպասել բարձր դատարանի որոշմանը։

«ՀՀ-ում կարելի՞ է կամ օրինակա՞ն է դատարան շրջափակելը։ Կարելի՞ է կամ օրինակա՞ն է դատավորին դատարանի շենքի պատուհանից ցած նետելը։ ԱԺ շենք շրջափակելը, պատգամավորների հեռախոսահամարներ հրապարակելը՝ նրանց կամաարտահայտության վրա ազդելու նպատակով։ Ինչպես նաև՝ երկարաժամկետ խոչընդոտել ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժին, մտնել պետական պահպանության հիմնարկ և որոշել սեփական գործողություններն այնտեղ, ինչպես, օրինակ, Ռադիոտանը»,- հարցրեց արդեն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ակնարկելով հեղափոխության օրերին և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ այդ իրադարձություններին գնահատականներ շատ են տրվել, բայց կարևորն այն հարցն է, թե ինչ անել վիճակը շտկելու համար։

Աննա Գրիգորյանին հետաքրքրում էր՝ մեր երկրում կա՞ն քաղբանտարկյալներ։ «ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում և արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այս արձանագրման հետ ես համաձայն եմ»,- պատասխանեց նա։

Արթուր Ղազինյանը խնդրեց գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս», «15-20 դոլար կաշառքներ» արտահայտություններին: «Կարծում եմ՝ ատելության խոսքի, հարգանքի և քաղաքական բանավեճի նշաձողը բոլորիս ձեռքում է, և բոլորս պետք է այդ նշաձողը բարձր պահենք։ Կարծում եմ, որ որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,- ասաց ՄԻՊ թեկնածուն:

Շնորհակալություն և շնորհավորանք

Ի տարբերություն ընդդիմադիր պատգամավորների՝ՔՊ–ականները շնորհակալություն էին հայտնում թեկնածուին պատասխանների համար։

Իսկ Վահագն Ալեքսանյանը շնորհավորեց բոլորին, որ, իր ներկայացմամբ, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ պաշտպան են ընտրում նախորդի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու բերումով։ Նա հիշեցրեց, որ ՀՀ առաջին 3 պաշտպանները հայտարարել են, որ պաշտոնավարման ընթացքում տարատեսակ ճնշումների են ենթարկվել։ «Ոմանք ասել են, որ այդ ճնշումներն են եղել պատճառը, որ հրաժարական են տվել։ Արդյո՞ք ՄԻ պաշտպանին անհրաժեշտ են հավելյալ օրենսդրական երաշխիքներ, թե՞ դրանք կան, բայց նախկինում չեն աշխատել պետական համակարգի ոչ առողջ լինելու պատճառով»,- հարցրեց պատգամավորը։ «Պաշտպանի ազատ գործունեության երաշխիքները սահմանված են Սահմանադրությամբ և ՄԻ պաշտպանի մասին օրենքում, և պաշտպանի հաստատությունը ունի ողջ երաշխիքային համակազմը։ Չշտապեմ ասել, բայց այս փուլում չեմ տեսնում որևէ լրացուցիչ երաշխիքի անհրաժեշտություն»,- պատասխանեց Գրիգորյանը։

Անուշ Բեղլոյանը չթաքցրեց ուրախությունըհենց Քրիստինե Գրիգորյանն է ՄԻ պաշտպանի իր թեկնածուն, քանի որ երկար տարիներ ծանոթ են եղել։ Իսկ Թագուհի Ղազարյանին հետաքրքրում էր, թե Ներքին գործերի նախարարության ստեղծումը, որը շուտով իրականություն կդառնա, ինչպիսի խնդիրներ կարող է լուծել ՄԻՊ տեսանկյունից։ «ՆԳՆ-ի ձևավորման նպատակը ժողովրդավարական հասարակարգին բնորոշ՝ այդ համակարգի նկատմամբ քաղաքացիական և պատգամավորական վերահսկողություն ունենալն է։ Ես համոզված եմ, որ ՆԳՆ ձևավորումը լրացուցիչ երաշխիք է լինելու, որ իրավունքների խախտումները կանխարգելվեն, հասցեագրվեն և արժանանան կոնկրետ արձագանքի՝ պաշտոնանկության և այլ պատասխանատվության»,-պատասխանեց Քրիստինե Գրիգորյանը։

Քննադատություն և գովաբանություն ՄԻՊ թեկնածուին

Մոտ երկու տասնյակ ելույթներում ընդդիմադիրները քննադատում, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները գովաբանում էին Քրիստինե Գրիգորյանին։

«Ձեզ այստեղ մանդատ են տվել` իշխանության պաշտպանը լինելու և ոչ թե ընդհանրական առումով, այլ հենց ՆՓաշինյանի իշխանության», - հայտարարեց Աննա Մկրտչյանը:

«Մենք խոսում ենք մի ինստիտուտի մասին, որն այսօր աշխարհին Հայաստանը ներկայացնում է բավականին բարձր մակարդակով։ ՀՀ ՄԻՊ գրասենյակը ՄԱԿ-ում ունի ամենաբարձր նշաձողը։ Սա կարևոր մարտահրավեր է նոր թեկնածուի համար, որպեսզի առնվազն պահպանի այս նշաձողը»,- ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհին Թովմասյանը։

«Տիկի՛ն Գրիգորյան, Ձեզ պետք է հիասթափեցնեմ։ Դուք ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չունեք հասնելու գործող ՄԻ պաշտպանի կողմից սահմանված բարձր նշաձողին։ Դա ձեզ համար անհասանելի բարձունք է։ Առնվազն մասնագիտական հանրույթը Ձեզ չի ճանաչում, Դուք չեք վայելում հարգանք, մասնագիտական ճանաչում»,- հայտարարեց Արթուր Ղազինյանը՝ «Հայաստան» խմբակցությունից։

«Հարգանքից ու հեղինակությունից խոսում է մի մարդ, որը 15 անգամ մերժվել է որևէ պաշտոնի համար, հարգանքից ու հեղինակությունից խոսում է մի մարդ, որը ընդհանրապես չի կարողանում լեզու գտնել իր գործընկերների հետ», - հակադարձեց ՔՊ–ից Վաղարշակ Հակոբյանը:

«Մենք առաջադրել ենք Քրիստինե Գրիգորյանին՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` պրոֆեսիոնալիզմ, բարոյական, մարդկային բարձր որակներ, աշխատելու և կոմպրոմիսներ որոնելու ունակություն», - հավելեց Վլադիմիր Վարդանյանը:

Վահագն Ալեքսանյանն էլ մի դրվագ հիշեցրեց Արման Թաթոյանի գործունեությունից «Նրա բարձագույն պլանկան եղել ու մնում է Սարի թաղի դեպքերի շուրջ արած հայտարարությունը։ Երբ խաղաղ ցուցարարների վրա մեծ ուժ կիրառվեց, նրանց վրա լուսաձայնային հատուկ միջոցներով կրակոցներ արձակվեցին, 18 տարեկան մի տղա կորցրեց աչքը, ի՞նչ ասաց Արման Թաթոյանը։ Հետևյալը` եթե երթն ուներ խաղաղ նպատակ, ապա ինչո՞ւ էր այն ընթանում Սարի թաղի նեղ փողոցներով գիշերով: Փառահե՞ղ է, չէ՞»:

«Փորձելու եմ շատ թիրախային լինել՝ ախտորոշված խնդիր, լուծման առաջարկ, հետևողականություն, անխոնջ աշխատանք։ Հույս ունեմ, որ օրենսդրի հետ համագործակցությունը միայն պետք է օգնի, որ այդ աշխատանքը, իրոք, իրավունքների վերականգնմանն ուղղվի։ Ես տրամադրված եմ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելու ՄԻ պաշտպանի կարևոր առաքելությունը, շարունակելու պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կայացումը»,- եզրափակիչ խոսքում հայտարարեց Քրիստինե Գրիգորյանը։