ՀՌՀ տանող ճանապարհը՝ թեժ ու հայհոյալից․ Ռուբիկ Հակոբյանը հանեց թեկնածությունը

հունվարի 26, 2022

Վերջին շրջանում ԱԺ նիստերի դահլիճում սովորական դարձած գոռգոռոցները, հայհոյանքն ու վիրավորանքը՝ պատգամավորների միջև, հունվարի 26-ին տեղափոխվել էին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով: 3 օր՝ հունվարի 24-ից 26-ը, այս հանձնաժողովը քննարկում էր  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը առաջադրելու հարցը: Նրա թեկնածությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը: Քննարկումների 3-րդ օրը Հակոբյանը հանեց իր թեկնածությունը: Դրան նախորդել էին փոխադարձ մեղադրանքները, անվայել խոսքերը՝ թեկնածուի և հանձնաժողովի ՔՊ-ական անդամների ու նախագահի միջև:

Ռուբիկ Հակոբյանը նախկին դաշնակցական է, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, 1-ին, 2-րդ և 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում նախկին հյուպատոս: 5-րդ գումարման Ազգային ժողովում նա ղեկավարում էր «Ժառանգություն» խմբակցությունը: Մինչ այդ նա արդեն հեռացվել էր ՀՅԴ-ից, ավելի ուշ՝ դուրս եկավ նաև «Ժառանգություն»-ից: Այժմ Ռուբիկ Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի համակիրն է, որին մաս է կազմում նաև ՀՅԴ-ն:

Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը, ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը, պաշտպանում էր:

Ուր էր ուզում գնալ Ռուբիկ Հակոբյանը

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն՝  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Կարգավորող պետական մարմնի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով՝ սեռային ներկայացվածությամբ: Վեց անդամն արդեն կան, վերջին երկուսին՝ Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին, «Քաղաքացիական պայմանագրի» առաջադրմամբ ԱԺ-ն ՀՌՀ անդամ ընտեց հունվարի 21-ին: Այսինքն, Հանձնաժողովում սեռային ներկայացվածության առումով հարցը չի լուծվում, և «Հայաստանը» պետք է առաջադրեր կին թեկնածու:

Ռուբիկ Հակոբյանը, սակայն, «Հայաստան»-ի կողմից առաջարկված առաջին թեկնածուն չէր: Որպես ՀՌՀ-անդամի թեկնածու նրանից առաջ խմբակցությունը առաջադրել էր Մանվել Բադալյանի թեկնածությունը, որը, սակայն, մերժվել էր, քանի որ Բադալյանը նախկինում որևէ առնչություն չէր ունեցել հանձնաժողովի գործունեության ոլորտի հետ:

Լրագրողի հետ միջադեպը՝ խոչընդոտ

Ռուբիկ Հակոբյանը պատգամավոր եղած տարիներին մեկ անգամ արդեն հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ բռնություն էր կիրառել լրագրողի նկատմամբ: Այդ դեպքը իշխանական պատգամավորները հիշեցրին, սակայն թեկնածուն դա համարեց «ոչ հաճելի միջադեպ»: Ասաց՝ լրագրողը հայհոյել է, ինքն ապտակել է՝ «առանց հետևանքների»: «Այստեղ չի կարող լինել մի տղամարդ, որին հայհոյեն, և ինքն ասի ներողություն ու հեռանա: Թեթև ապտակել եմ, ես կասեի՝ նույնիսկ դաստիարակչական ապտակ է եղել դա», -հավելեց Հակոբյանը:

Տարիքը՝ առավելություն ու թերություն

67-ամյա թեկնածուն պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ պարբերաբար շեշտում էր, որ իր դիմաց անփորձ երիտասարդներ են նստած, չունեն բավականաչափ իմացություն, և հորդորում էր գնահատել իր տարիքը:

«Ես էլ ձեզ հորդորում եմ հարգել մարդկանց անկախ այն բանից, թե նրանք ինչ տարիքի են ու ինչ սեռի: Ես ձեզ չեմ դիմում՝ հարգելի ծեր պարոն Հակոբյան, խնդրում եմ՝ ինձ էլ իմ ազգանունով դիմել», -չդիմացավ ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

ՔՊ-ից Նարեկ Բաբայանը, անդրադառնալով Ռուբիկ Հակոբյանը քաղաքական գործունեությանը՝ ասել էր, թե նա ընդդիմության շարքերում ներդրված է եղել որպես ական: «Հետևելով Ձեզ՝ բացարձակապես հարգանք չեմ տածում Ձեր քաղաքական գործունեության հանդեպ», - անկեղծացել էր Նարեկ Բաբայանը:

Հակոբյանն էլ վիրավորեց Բաբայանին՝ նրան անվանելով «ընտանիքի մեկ անդամի հետ խորհրդարան բերված քաղաքական օժիտ» և ոչ թե քաղաքական անձ: Նարեկ Բաբայանը, հիշեցնենք, ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է:

Բաբայանին ուղղված վիրավորանքը Ռուբիկ Հակոբյանը կրկնեց նաև հաջորդ նիստում. «Ականներ են բոլոր նրանք, ովքեր քաղաքականության հետ կապված որևէ կապ չունեն և կարողանում են խցկվել Ազգային ժողով որպես կնոջ օժիտ: Ես չեմ հիշում, որ նման քաղաքական գործչի մասին եմ լսել, կարդացել»:

Ո՞ւներ իրավունք

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում Ռուբիկ Հակոբյանի թեկնածության քննարկումը տևեց 3 օր, որովհետև հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, լարվածությունը թուլացնելու համար, հունվարի 24-ին ու 25-ին դադարեցրել էր նիստերը, հետևաբար, նաև ուղիղի հեռարձակումը: Այդպես են վարվում նաև ԱԺ լիագումար նիստում նախագահողերը, երբ, թվում է, իրավիճակը դահլիճում դուրս է գալիս վերահսկողությունից: Հունվարի 26-ին արդեն նիստը վարող Սիսակ Գաբրիելյանը ոչ թե նիստը դադարեցրեց, այլ հորդորեց, որ Ռուբիկ Հակոբյանը դադարեցնի իր ելույթը, և անջատել տվեց խոսափողը: Հետո ասաց, որ նիստի բնականոն ընթացքը ապահովելու համար ընդհատում է Ռուբիկ Հակոբյանի ելույթը: Դա նյարդայնացրեց Հակոբյանին, և վերջինը ձեռքը դեպի Գաբրիելյանը պարզած՝ փորձում էր հասկանալ՝ ինչու իրեն ձայն չեն տալիս՝ շարունակելու ելույթը:

«Մի րոպե, Ձեր ֆեյսբուքյան էջում չեք, դադարեցրեք», -կողքից Հակոբյանին դիմեց ՔՊ-ից Հասմիկ Հակոբյանը:

Երբ Սիսակ Գաբրիելյանը թեկնածուի քվեարկության հարցը դրեց քվեարկության, Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը: «Ձենդ կտրի վեր ընգի տեղդ, էս Կանոնակարգը ես եմ նաև գրել, գիտեմ՝ ինչ է պահանջում կարգը: Իրավունք չունեք ընդհատել ինձ», -դիմելով նիստը նախագահող Սիսակ Գաբրիելյանին, բղավում էր Ռուբիկ Հակոբյանը:

«Եթե ձեր կյանքի նպատակը...», -արձագանքեց Գաբրիելյանը, սակայն Ռուբիկ Հակոբյանը նրան թույլ չտվեց շարունակել խոսքը. «Իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է ու կդաստիարակեմ»:

Գաբրիելյանը անպատասխան չթողեց, հակադարձելով, թե «խուլիգանը» Հակոբյանի ծնողն է: Հնչեցին նաև այնպիսի վիրավորանքներ, ինչպիսին են՝ «անասուն, թքեմ վրեդ, ոչխար, եքա էշ ես»:

Ընդդիմության և իշխանական պատգամավորները փորձեցին հանդարտեցնել վիճող կողմերին, և բանը ձեռնամարտի չհասավ:

«Դուք ձեր դասը կստանաք, դուք պատասխան եք տալու և պատասխան եք տալու ոչ միայն նրա համար, որ խուլիգանություն եք արել, այլ որ գլխատել եք պետությունը, ձեր այս ուսապարկային համույթը պետություն է գլխատել իր լիդերի հետ միասին»,- միջադեպից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը՝ ակնարկելով իշխանությանը: