«Անձի հագով կարված» ձևակերպման փուլն անցել է. Վահագն Հովակիմյան

հունվարի 27, 2022

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշատական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանի հետ։ 

-Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ Արմեն Սարգսյանի հրաժարականից 3,5 ժամ առաջ է իմացել այդ մասին: Նախօրեին նաև հրապարակում եղավ, որ Արմեն Սարգսյանը եղել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի, որից հետո դատախազությունն այդ հրապարակումն ուղարկել է ԱԱԾ՝ ուսումնասիրության: Հնարավո՞ր է, որ հրաժարականի պատճառը ոչ թե սահմանադրական սահմանափակ լիազորություններն են, այլ հենց այս փաստը:

-Մենք գիտենք, որ նախագահը հրաժարական է ներկայացրել, դրանից մեկ օր հետո լրատվամիջոցը լրագրողական հետաքննության նյութ է հրապարակել, որտեղ բերվում են փաստեր, որ նախագահը ՀՀ քաղաքացի լինելուց բացի, ունեցել է այլ երկրի քաղաքացիություն, ինչը Սահմանադրությամբ արգելված է: Մնացածը կպարզեն իրավապահները, սա նրանց խնդիրն է: Սահմանադրական բարեփոխումները, բնականաբար, այս գործընթացի հետ կապ չունեն: Այս պահին ունենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որն առաջիկայում կսկսի գործել,և նրա գործունեության արդյունքներով էլ պարզ կդառնա՝ այս փուլում մեզ սահմանադրական փոփոխություններ պե՞տք են, թե՞ ոչ:

-Նշվում է, որ Արմեն Սարգսյանի Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացն սկսել է 2018-ի մարտին, նախագահ ընտրվելուց ոչ շատ առաջ: Այսինքն, լինելով այլ երկրի քաղաքացի՝ նա չէր կարող նախագահ ընտրվել: Ստացվո՞ւմ է, որ նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, օրենքները, նույնիսկ վարչապետի նշանակումը, հակաօրինական են:

-Այդպես չի ստացվում, այդպես չի կարող լինել, որովհետև բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ որևէ պաշտոնյա ինչ-որ բանում մեղադրվում է, անգամ դատապարտվում է, բայց դա չի նշանակում, որ այդ պաշտոնյայի նախկին ամբողջ գործունեությունն օրենքից դուրս է հայտարարվում: Ձեր հարցի մեջ արդեն կա դատավճիռ, այսինքն, լրագրողական հետաքննության նյութըորպես ապացուցված փաստ է ներկայացվում,և դրա հիման վրա դատավճիռ է կայացվում: Սպասենք, իրավաբանները գնահատեն: Ես ձեռնպահ կմնամ զուտ լրագրողական հետաքննության հիման վրա նախագահին միանգամից մեղադրելու գործելաոճից:

Իսկ մեկնաբանությունները,թե մարդը սխալ կամ խարդախություն է արել, ուրեմն, հետադարձ ամեն բան օրենքից դուրս է,կապ չունեն մեր օրենսդրության ու իրավակարգավորումների հետ, նման բան չկա: Դա կարող է առանձին մարդկանցցանկությունը լինել, այդ թվում՝ քաղաքական գործիչների՝ քաղաքական գործընթացներում ինչ-որ բան շահելու համար, բայց այդ մոտեցումը մեր օրենսդրության հետ կապ չունի: 

-Արմեն Սարգսյանի 4 տարվա աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: 

-Այս փուլում Արմեն Սարգսյանը դեռևս նախագահ է, և նա, եթե չեմ սխալվում, մինչև հունվարի 31-ը ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու: Այս փուլում ես ձեռնպահ կմնամ նրա գործունեությունը գնահատելուց, դա ճիշտ չէ: Այ, երբ որ նա լինի նախկին նախագահ, կարելի է հետահայաց գործունեությունը գնահատել: 

-Նախագահի թեկնածուների անուններ են շրջանառվում: Կա՞ թեկնածու, որը կարող է բոլոր կողմերի, այդ թվում՝ Սփյուռքի համար ընդունելի լինել, թե՞ իր հեռանալով Արմեն Սարգսյանը փաստի առաջ է կանգնեցնում իշխանությանը: 

-Ինչո՞ւ եք կարծում, որ մենք կադրեր չունենք: Այս փուլում թեկնածու քննարկելը վաղ է, քանի որ նախագահը դեռ պաշտոնավարում է: Եթե Արմեն Սարգսյանը մինչ այդ հետ չվերցնի հրաժարականի դիմումը, փետրվարի 1-ից այդ պաշտոնը կմնա թափուր, և 5-օրյա ժամկետում պետք է թեկնածուներ առաջադրվեն: Քննարկումներն այդ ժամանակ կլինեն: Համոզված եղեք, որ կադրեր շատ կան: Վարչապետն իր ասուլիսում շատ հստակ չափորոշիչ դրեց, թե ինչպիսին պետք է լինի նախագահը: Նա պետք է լինի պատասխանատվությունը կիսող և երկրի զարգացմանը նպաստող:

-«Հայաստան» դաշինքը չի բացառել, որ իրենց թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը: Ինչպե՞ս եք դա գնահատում: 

-Կրկնում եմ՝ երբ նախագահի պաշտոնը թափուր կլինի, այդ ժամանակ պատգամավորների 1/4-ը կարող է թեկնածու առաջադրել: «Հայաստան» դաշինքը 1/4 ունի և կարող է թեկնածու առաջադրել: Դա Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է: Երբ կլինեն թեկնածուներ, այդ ժամանակ կգնահատենք: Ճիշտ չեմ համարում «Կիկոսի մահը» ստեղծագործության բանաձևով գնահատականներ տալը: 

-Նախագահը հայտարարության մեջ իր լիազորությունների պակասից է խոսում, արձանագրում է, որ չի կարողանում ներքին ու արտաքին ոլորտներում որոշումների վրա ազդեցություն ունենալ: Հիմա սահմանադրական փոփոխությունների խորհուրդ է ձևավորվել, արդյո՞ք այդ խորհուրդը դիտարկելու է այն բոլոր խնդիրները, որոնք նախագահն էր մատնանշում:

-Մեր երկրի կառավարումը խորհրդարանական է, իսկ խորհրդարանական կառավարման պայմաններում խորհրդարանն ավելի շատ լիազորություններ ունի, քան, սովորաբար, ունենում է: Երբ նախագահը չունի առաջնային մանդատ, այսինքն,ժողովրդի կողմից չի ընտրված, ինքը չի կարող շատ լիազորություններ ունենալ, ինքնուրույն քաղաքականություն իրականացնել: Դրա մանդատը տալիս է ժողովուրդը, իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրում այդ մանդատը ստանում է խորհրդարանը, ըստ այդմ ձևավորում է իր կառավարությունը, վերջինս էլ իր քաղաքականությունն իրականացնում է: Նախագահն այստեղ ավելի շատ պահապանի դերակատարություն ունի: Մեր Սահմանադրությամբ նախագահն ուղղակի հետևում է Սահմանադրության պահպանմանը: Օրինակ, օրենքները ՍԴ ուղարկելու գործիքն օգտագործելով՝ հետևում է, որ Սահմանադրությունը չխախտվի, օրենսդիրը, ինչ-ինչ բաներից ելնելով, խախտում թույլ չտա: Բնական կյանքին բնորոշ երևույթ է, որ, հնարավոր է, որևէ օրենքում Սահմանադրությանը հակասող դրույթ լինի: Դու կարող է օրենք ընդունել՝ ունենալով զարգացման քո տեսլականը, բայց ինչ-որ մի դետալով այն դուրս գա Սահմանադրությամբ նախատեսված շրջանակներից: Նախագահի դերն այն է, որ հետևի,և Սահմանադրության խախտում տեղի չունենա: 

-Կգնա՞ Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգի՝ հաշվի առնելով, որ վարչապետն էլ, կարծես, չի ողջունում այդ գաղափարը: 

-Ձեր հարցի պատասխանը պետք է տա սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ իր գործունեության արդյունքում: Հենց այդ խորհուրդը պետք է պատասխանի՝ կգնա՞նք սահմանադրական փոփոխությունների, թե ոչ, կամ այդ փոփոխություններն ինչպիսին կլինեն: 

-Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում դրվել է սահմանադրական փոփոխությունների հարցը: Այս գործընթացները փոխկապակցվա՞ծ են:

-Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ, որ Արցախում սահմանադրական բարեփոխումների խնդիր է դրված:

-Նախկինում գործող իշխանությունը հայտարարում էր, որ այս Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի հագով: Հիմա՞ էլ այդ տեսակետին եք: 

-«Անձի հագով կարված» ձևակերպման փուլն անցել է, որովհետև բոլորին հասկանալի էր, որ Սահմանադրության փոփոխությունները Սերժ Սարգսյանն արեց, որպեսզի իր իշխանությունը կարողանա հավերժացնել, բայց չկարողացավ: Ավարտվեց այդ փուլը, բայց մենք ունենք Սահմանադրություն, որը նախատեսում է խորհրդարանական կառավարման մոդել, ու մենք պետք է այդ իրողության հետ հաշվի նստենք: Նաև պետք է հաշվի նստենք 2018 թվականից հետո անցած մեր ուղղու հետ: Գնահատելով այս ընթացքում ի հայտ եկած խնդիրները՝ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կորոշի՝ կա՞ սահմանադրական փոփոխությունների կարիք, այդ փոփոխություններն ինչպիսի՞ն պետք է լինեն: Իմ անձնական մոտեցումն այն է, որ Հայաստանում գոնե մեկ անգամ պետք է լեգիտիմ Սահմանադրություն ընդունվի: Այսինքն, Սահմանադրությունն ընդունվի ազատ, թափանցիկ, արդար հանրաքվեի արդյունքում, որպեսզի զուտ ընդունման գործընթացը որևէ մեկը կասկածի տակ չդնի: Սահմանադրական բոլոր երեք հանրաքվեներն էլընդունման գործընթացի կոնտեքստում վիճարկելի են եղել: Այս շղթան պետք է կտրել, վերջացնել: Ես ասել եմ, որ եթե նույնիսկ մեր Սահմանադրությունում որևէ տառ, ստորակետ պետք չի փոխել, միևնույն է, այն պետք է դնել հանրաքվեի, ազատ, արդար, թափանցիկ հանրաքվեն անցկացնել, որպեսզի բացասական երանգը, այդ խարանը մեր Սահմանադրության վրայից դուրս գա: Նաև դուրս գան այն խոսակցությունները, թե այս մեկի հագով էր, այն մեկի հագով էր և այլն:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե փաստ չէ, որ Հայաստանում տեղի է ունենալու Սահմանադրության փոփոխություն: Հնարավո՞ր է՝ ընդհանրապես Սահմանադրությունը չփոխվի: 

-Սահմանադրական բարեփոխումների խորհրդի գործունեության նպատակը հենց դա է, որ ի վերջո, կասի՝ կարիք կա՞ սահմանադրական բարեփոխումների, թե չկա: Իմ ասածը լիարժեք, անվիճարկելի հանրաքվե անցկացնելու մասին է: