Իշխանությունը մերժում է ընդդիմությանը՝ «տակտիկական մոտեցումներից» ելնելով

փետրվարի 21, 2022

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում մերժեց «Հայաստան» դաշինքի ներկայացրած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ:

Սա խորհրդարանական ընդդիմության երկրորդ հայտարարության նախագիծն էր, որը խորհրդարանական մեծամասնությունը մերժեց։ Առաջինը Հայաստանի Հանրապետության սահմանազատման և սահմանագծման խնդիրների մասին էր:

Շուշիի հռչակագիրը, որը Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը 2021-ի հունիսին ստորագրել էին Շուշիում, վերջերս վավերացվել էր երկու երկրների խորհրդարաններում: Այդ հռչակագրով, ինչպես հայտարարել էին երկու երկրների նախագահները, բարձրագույն մակարդակի է հասցվում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը նաև ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն՝ ռազմարդյունաբերության ոլորտում:

Հայտարարության նախագիծը ներկայացնելիս «Հայատան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ասաց, որ այդ հռչակագրով ամրագրվել են երկու երկրների ծավալապաշտական նկրտումները: «Այս հռչակագրով արձանագրվեց, որ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, Արցախին և ընդհանրապես, մեր երկու հայկական միավորումների գոյությանը: Այս հռչակագրին հնարավոր է արձագանքել Հայաստանի Ազգային ժողովի մակարդակով, քանի որ այդպես մենք ընդունում ենք, որ մարտահրավեր է նետված Հայաստանի Հանրապետությանը և ցույց ենք տալիս, որ ունենք կարմիր գծեր ու անվտանգային հարցերում այդ կարմիր գծերից չենք զիջելու», -հայտարարեց Թևանյանը:

Ընդդիմադիր խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծում մասնավորապես, նշվում է. «Այդ հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակում:

Թեև հռչակագրում նշված է, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի, այդուհանդերձ, դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի, հայ ժողովրդի դեմ: Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակները՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների:

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձևակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»:

Հաշվի առնելով բոլոր վտանգները, հայտարարության նախագծով ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է, որ «Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»:

«Եթե Արցախում որոշեն պատասխան տալ այն սադրանքներին, որոնք պարբերաբար իրականացնում է ադրբեջանական կողմը, Թուրքիան ու Ադրբեջանը համաձայն այս հռչակագրի, անմիջապես կարող են հարձակվել Արցախի ու Հայաստանի վրա: Այս հռչակագրով դրված է Հայաստանն ու Արցախը վերացնելու ծրագիր: Եթե չենք արձագանքում այս ամենին, նշանակում է, որ մենք ընդունում ենք Շուշիի հռչակագիրը», -իրենց նախաձեռնությունը հիմնավորեց Անդրանիկ Թևանյանը:

ՔՊ-ն «Հայաստանի» նախագծին դեմ է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի միանա հայտարարության նախագծին՝ հայտարարեց հարակից զեկուցող ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը։

Որպես հիմնավորում՝ Գուրգեն Արսենյանը վկայակոչեց 2021-ին ՀՀ ԱԳՆ-ի տարածած երկու հայտարարությունները՝ հունիսի 15-ին  և հունիսի 17-ին ։ Դրանք դատապարտում էին Շուշիի հռչակագիրը և անընդունելի համարում այն։ «Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների», -մասնավորապես նշել էր ՀՀ ԱԳՆ-ն՝ հունիսի 17-ի հայտարարության մեջ:

Արսենյանը նկատեց, որ ընդդիմության հայտարարության նախագծի տեքստը ԱԳՆ-ի հայտարարությունների գրեթե ամբողջական կրկնությունն է: «Տրամաբանական չէ հիմնավորումը, որ Հայաստանի խորհրդարանը պետք է արձագանքի այդ հռչակագրին, քանի որ ՀՀ խորհրդարանը և արտաքին գործերի նախարարությունը վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն», -հավելեց Գուրգեն Արսենյանը:

Նա հիշեցրեց կառավարության՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու նպատակը, որի իրագործմանն է ուղղված իշխող ուժի արտաքին քաղաքականությունը: Մերժելով հայտարարության նախագիծը՝ իշխանական խմբակցությունը միաժամանակ ողջունեց միջազգային կազմակերպություններում գործունեությունը վերսկսելու ընդդիմության դիրքորոշումը:

«Ի վերջո, Շուշիի հռչակագիրը Հայաստանի համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ», փորձեց հասկանալ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Պատասխանելով ընդդիմադիր գործընկերոջը՝ Գուրգեն Արսենյանը նախ նկատեց, որ Ադրբեջանը և Թուրքիան ունեն իրենց նպատակները, որոնք կարող են չհամընկնել ՀՀ նպատակների հետ ու հավելեց.

«Խորհրդարանական ընտրություններում մենք Հայաստանի ժողովրդին առաջարկել ենք մեր տեսլականը, որ մենք գնում ենք երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու ճանապարհով, և ՀՀ ժողովուրդը մեզ տվել է այդ ծրագիրը իրականացնելու հնարավորություն: Այդ խաղաղությունը հաստատելու ճանապարհին մենք՝ որպես ՀՀ իշխանություն, ունենք մեր տակտիկական մոտեցումները և այդ մոտեցումներից ելնելով՝ իրականացնում ենք այն գործընթացները, որոնք իրականացնում ենք»:

«Մեկ նախադասության մեջ հինգ անգամ «խաղաղություն» բառն ասելով խաղաղության չեն հասնում», -Արսենյանին արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նրան հետաքրքրում էր՝ եթե ՀՀ խորհրդարանի այս հայտարարության նախագիծը կարող է խաթարել խաղաղության հաստատման գործընթացը, նույն տրամաբանությամբ չի՞ խաթարում Շուշիի հռչակագիրը խաղաղության օրակարգի հաստատմանը: Ի պատասխան Արսենյանն ասաց՝ որևէ բան, բացի խորհրդարաններում այդ հռչակագրի վավերացումից, տեղի չի ունեցել: Նրա խոսքով, ՀՀ ԱԳՆ-ն այդ հռչակագրին պատասխան տվել է՝ համարելով դա անընդունելի, և դրանից հետո ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել:

«Մենք ինչ-որ ճանապարհ պետք է անցնենք, որպեսզի կարողանանք մեր հարևանների հետ անցնենք ավելի բաց ու կոշտ քննարկումների: Բայց այս պահին բաց և կոշտ քննարկումների գործընթացը միայն ավելացնում է լարվածությունը Հայաստանի Հանրապետության համար», -ընդգծեց Արսենյանը:

«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը պատկերավոր վերծանեց ՔՊ-ի դիրքորոշումը. «Նրանք ասում են՝ հանկարծ չջղայնացնենք, չներվայնացնենք թուրք-ադրբեջանական տանդեմին, մի անգամ արձագանքել ենք ԱԳՆ-ով, էլ էս հարցը պետք չի բարձրացնել: Մենք խորհրդարանական երկիր ենք, և եթե ՔՊ-ն որոշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղում, կներեք, մենք էդպես չենք կարծում»:

«Սթափվեք, եթե դուք սխալ քվեարկեցիք և չմիացաք հայտարարությանը, դուք ուղղակի առիթ եք տալու, որ ողջ հայությունը գա էն եզրակացության, որ դուք սպասարկում եք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ամբողջությամբ իրականացնում եք նրանց պայմանները», -ի պատասխան ՔՊ-ի դիրքորոշման հայտարարեց դաշնակցական Արմեն Ռուստամյանը:

Նա նույնիսկ, ուղղություն ցույց տվեց՝ «վավերացրեք Շուշիի հռչակագիրը, վերջանա, գնա»: Նույն միտքը շարադրեց նաև ընդդիմադիր Աննա Գրիգորյանը:

«Մենք անում ենք էնպես, ոնց որ համարում ենք ճիշտ, հասկացա՞ք։ Ոնց համարում ենք օգտակար մեր երկրի համար։ Մենք սպասարկում ենք մեր երկրի պետական շահը, իսկ գործող իշխանության պատկերացումներով, ՀՀ պետական շահը ՀՀ բնակիչների անվտանգության սպասարկումը, անվտանգային համակարգերի հաստատումն է», -ընդդիմադիրներին արձագանքեց նախագծի հարակից զեկուցող Գուրգեն Արսենյանը: