Սամվել Բաբայանը 44-օրյայի քննիչ հանձնաժողովի կազմում՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն

փետրվարի 21, 2022

«Շատ կարևոր է, որ մեր եզրակացությունը հնարավորինս անթերի լինի»,- արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդված համաձայն, պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն ԱԺ իրավասու՝ Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը։

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի ուսումնասիրության առարկան լինելու են 44-օրյա պատերազմի նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կորուստներն ու մի շարք այլ հանգամանքներ, ինչպես նաև՝ բանակցային ողջ գործընթացը։

Ովքե՞ր են մասնակցելու

Հանձնաժողովի նիստերն անցնելու են դռնփակ։ Լրագրողների համար բաց էր և հեռարձակվում էր միայն երկրորդ նիստի առաջին հատվածը, որի ժամանակ Անդրանիկ Քոչարյանն ընդամենը ներկայացնում էր այն միջավայրը, որտեղ պետք է աշխատեն։

Հանձնաժողովի հիմնական աշխատավայրը լինելու է ԱԺ 330-րդ սենյակը։ Բայց, Քոչարյանի ներկայացմամբ, քանի որ հանձնաժողովի ուսումնասիրման առարկան շատ մեծ է ու ընդգրկուն, Պաշտպանության նախարարությունում և այլ գերատեսչություններում նույնպես կունենան իրենց աջակցող համակարգեր։

Հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ աշխատանքներին՝ որպես հրավիրյալներ, անկախ խորհրդատուների կարգավիճակով կմասնակցեն պատերազմի զոհերի ծնողների պատվիրակված ներկայացուցիչներ Արտակ Գասպարյանն ու Գարիկ Մխիթարյանը։ Նրանք արդեն դահլիճում էին։ «Շատ կարևոր է նրանց ներկայությունն այն գիտակցումով, որ մեզ հետևում են 3800 զոհվածների հարազատներն ու մեր հասարակությունն ընդհանրապես»,- մեկնաբանեց Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Ազատական» կուսակցության նախագահ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն ու «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։ Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, անհրաժեշտության դեպքում, շատ այլ մարդկանց են հրավիրելու, որ իրենց աշխատանքը անթերի լինի, և «որևէ մեկի մոտ հարց չառաջանա, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում»։

Սամվել Բաբայանն ու Նորայր Նորիկյանը նիստերին կմասնակցեն որպես փորձագետ․ Քոչարյանի «փորձագետ» բառի հետ, սակայն, Սամվել Բաբայանը համաձայն չէր։ Ասաց՝ իրենք հանձնաժողովում ընդդիմություն են և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ։ Թեև Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգ օրենքը հանձնաժողովում նման ներկայություն չեն նախատեսում, բայց Սամվել Բաբայանը խոստացավ իր մասնակցության իրավական հիմքերը ներկայացնել ավելի ուշ։ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը պարզաբանեց, թե ԱԱԾ-ն այժմ քննում է հրավիրյալ անձանց, և մեկ շաբաթվա ընթացքում նրանց կտրվի գաղտնի տեղեկություններին տիրապետելու իրավունք:

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, հիշեցնենք, չցանկացան միանալ այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ պատճառաբանելով, որ իշխանությունը չի կարող օբյեկտիվորեն քննել իր իսկ գործողությունները։ «Ընդդիմադիր անդամները բացակայում են, դա իրենց խնդիրն է, մենք այլևս այդ հարցին չենք անդրադառնա։ Իրենք իրենց որոշումը կայացրել են, իսկ մեր աշխատանքն արդեն սկսված է»,- արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովի բոլոր նիստերը վայրկյան առ վայրկյան տեսագրվելու են, որևէ դրվագ չի կորելու, և ամբողջ նյութը համալրելու է մեր երկրի արխիվային կարողությունները։ Ինչ վերաբերում է լրագրողների հետ շփումներին և որոշ տեղեկությունների հանրայնացմանը, ասաց՝ հանձնաժողովի անդամների համաձայնությամբ «ինչ-որ բան կներկայացնեն»։ «Այնպես չէ, որ մենք փակվեցինք, մեկ էլ մի տարի հետո ենք բացվելու։ Մեր աշխատանքը շատ ավելի ծավալուն է լինելու, պետական գաղտնիքի մասին օրենքը աշխատելու է ամբողջ ծավալով, և պատկան մարմինները մեզ աջակցելու են։ Ի սկզբանե աղբյուրազուրկ են լինելու այն կառույցները, որոնք այստեղ աղբյուր են փնտրելու»։

Ո՞ւմ են կանչելու հանձնաժողով

Պատերազմի օրերին Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու այս քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Անդրադառնալով գեներալի հայտարարությանը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա իր հայտարարությունը հետ վերցնելու ժամանակ դեռ կունենա։ «Որովհետև այս աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է։ Համոզված եմ, որ պարոն Հակոբյանն անպայման կգա հանձնաժողով, հակառակ դեպքում, պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որոնք իրեն պետք է տրվեն»,- հավելեց նա։

Քոչարյանի ներկայացմամբ, աշխատանքի ընթացքում շատերին կհրավիրեն հանձնաժողով։ Եվ կհրավիրեն ոչ թե քվեարկությամբ, ինչպես ընդդիմությունն է կարծում, այլ՝ ըստ անհրաժեշտության։ «Որևէ մեկը չի կարողացել հրաժարվել այստեղ գալուց, անկախ նախկինում զբաղեցրած պաշտոնից՝ լինի նախագահ, վարչապետ, թե զորքերի հրամանատար։ Տեսա՞ք՝ Արցախի նախագահը ողջունեց հանձնաժողովի ստեղծումը և օգնելու պատրաստակամություն հայտնեց»,-ասաց նա՝ հավելելով, թե հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելը Մովսես Հակոբյանի հայտարարությունը լեգիտիմացնելու փորձ է։
Սամվել Բաբայանն էլ հավելեց, թե պատերազմի ժամանակ բոլոր գեներալներն էլ եղել են ռազմի դաշտում և պետք է հանձնաժողովում ասելիք ունենան, անկախ հանգամանքից՝ հիմա նրանք բանակո՞ւմ են, թե՞ պաշտոնաթող են։ «Կարծում եք՝ ով մեկ ամիս առաջ բանակից դուրս է եկել, ընդդիմադի՞ր է։ Բա 20 տարի բանակ եք կառուցել։ Սյս պատերազմում Սեյրան Օհանյանն ինչ-որ առաջադրանքներ է կատարել։ Հիմա նրան պիտի՞ հրավիրենք, որ ասի, թե ինչ առաջադրանք է կատարել, ինչ սխալներ է տեսել»,- ասաց Սամվել Բաբայանը։

Իսկ լրագրողների հարցին՝ կարո՞ղ է իշխանությունը իր գործողություններն անաչառ քննել, Սամվել Բաբայանը նկատեց՝ հանձնաժողովում ինքը իշխանություն չէ։ Հետո շարունակեց․ «Երբ այս իշխանությունը ստացել է մի «օժիտ», հիմա պետք է պարզենք, նրա մեղքը որքանո՞վ կա: Ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել։ Եվ եթե մեղավոր չէ, ցուցադրել, թե ով է մեղավոր։ Արցախի բանակի հրամանատարին ու շտաբի պետին, որոնք որոշողն են եղել, նշանակել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց ո՞վ է առաջարկել։ Պարզվում է՝ այնտեղի գործող իշխանությունը՝ Բակո Սահակյանը և իր խորհրդական Տիգրան Աբրահամյանը»։

ԱԺ կանոնակարգ օրենքը քննիչ հանձնաժողովի համար սահմանել է գործունեության 6- ամսյա ժամկետ՝ ևս 6 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։