Շուշիի հռչակագրից մինչև կենսաթոշակների բարձրացում. ՔՊ-ն մերժեց «Հայաստան»–ի 6 նախագծերը

մարտի 1, 2022

«Առավոտից ականատես ենք ընդդիմության բերած նախագծերին քաղաքական մեծամասնության ակտիվ, տեղ-տեղ ագրեսիվ հակադարձումներին։ Քաղաքական մեծամասնությունից որևէ մեկը չցանկացավ լիագումար նիստի օրակարգ ներառել 6 նախագիծ, որոնք իրենց էությամբ ունեին սոցիալական, տնտեսական և ազգային ուղղվածություն։ Սա լավ ցուցիչ է այն բանի, որ դուք իրականում որևէ առնչություն չունեք ժողովրդավարության և ներկայացուցչական ժողովրդավարության հետ առնվազն գոնե օրենսդիր մակարդակում»,- մարտի 1-ին սկսված ԱԺ հերթական նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Մասնագիտական հանձնաժողովը ապահովում է բովանդակային քննարկում։ Կառավարության ներկայացուցիչը մշտապես այնտեղ է, և մենք փորձում ենք այնպես անել, որ բոլոր հարցերը հնարավոր լինի լուծել հանձնաժողովի մակարդակով։ Էդ որ ասում եք՝ մեր բոլոր հարցերը մերժում եք, ես ուզում եմ ասել, որ մենք շատ լավ աշխատում ենք Աղվան Վարդանյանի հետ «Դրոշի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի վրա, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Պարոն Վարդևանյանի նախագիծն էլ բավական երկար քննարկեցինք և փորձեցինք առաջարկի միջոցով այն հետաձգել ու կոնսեսուսի գալ»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հակադարձեց Վլադիմիր Վարդանյանը։

Քառօրյայի հենց առաջին նիստում ՔՊ-ն մերժեց լիագումար նիստերի օրակարգ ընդունել «Հայաստան» խմբակցության 6 նախագծերը։ Այդ նախագծերը մերժվել էին մշտական հանձնաժողովներում, բայց ընդդիմությունը որոշել էր, որ դրանք օրակարգ ընդգրկելու հարցը պետք է քննարկվի նաև լիագումար նիստում։

Մերժեցին բարձրացնել թոշակներն ու նպաստները

Նախագծերից առաջինով՝ «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին փաթեթով «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ինդեքսավորել՝ տվյալ դեպքում գնաճին համահունչ բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: «Նախագծի նպատակը մեր տարեց բնակչության սոցիալական վիճակի բարելավումն էր։ Առաջարկում ենք աշխատանքային և զինվորական կենսաթոշակները ինդեքսավորել ամեն տարի»,- ասաց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ ՔՊ-ն մերժեց, գլխադասային՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պատճառաբանեց, թե «ինդեքսավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից»։

Կենսաթոշակներին և նպաստներին վերաբերող երկու նախագիծ էր հեղինակել Աղվան Վարդանյանն ինքը․ մեկով առաջարկում էր միջին աշխատանքային կենսաթոշակի չափը աստիճանաբար՝ մինչև 2026 թվականը բարձրացնել և հավասարեցնել սպառողական զամբյուղի արժեքին։ Նույնը առաջարկվում է նաև ծերության, հաշմանդամության նպաստների դեպքում։

«Այո, այս նախագիծը շատ համահունչ է մեր ծրագրերին, որին դեմ է քվեարկել ընդդիմությունը: Եվ շատ ողջունելի է, որ մեր ծրագրի հիման վրա նախագիծ է ներկայացրել, բայց ոչ այն մեխանիզմներով ու մեթոդաբանությամբ, որոնք կլինեն ընդունելի»,- կրկին Հերիքնազ Տիգրանյանը հիմնավորեց ՔՊ-ի մերժումը՝ ասելով, թե ընդդիմության նախագիծը դուրս է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի կարգավորումներից և գտնվում է այլ օրենքների ու կառավարության որոշումների տիրույթում:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին մեկ այլ նախագծով Աղվան Վարդանյանն առաջարկում էր անկանխիկ եղանակով՝ քարտով կենսաթոշակ ստացող անձանց համար սահմանված՝ ամեն տարի բանկում ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու պահանջը չեղյալ համարել։ Հակառակ պարագայում կենսաթոշակի վճարումը դադարեցվում է, մինչև թոշակառուն ներկայանա բանկ։ Պատգամավորը հիշեցնում է, որ մեր երկրում ներդրված սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգում ներառված տեղեկությունը հնարավորություն է տալիս պարզել անձի կողմից սահմանահատում իրականացնելու փաստը։ Ավելին՝ այդ համակարգում առկա տվյալները հասանելի են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ «Մենք ունենք հազարավոր երկքաղաքացի կենսաթոշակառուներ, որոնք ունեն երկու երկրների անձնագրեր, և նշված համակարգում ամբողջությամբ չի կարող արտացոլվել այդ տարբերությունը»,- սա էլ Տիգրանյանի՝ այս մի նախագիծը մերժելու հիմնավորումն էր:

«Ցանկացած հարց, որին դուք դեմ եք, չեք էլ թողնում, որ մտնի ԱԺ օրակարգ և քննարկվի։ Վաղը կասեք՝ ընդդիմությունն այսքան նախաձեռնություն է ներկայացրել, դիմությունն՝ այսքան»,- տեղից արձագանքեց Արթուր Խաչատրյանը։

Նվազեցնել մեկ անձից կատարվող գնումների քանակը

Աղվան Վարդանյանը ներկայացրել էր նաև «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մի նախագիծ, որով առաջարկում էր «ստվերի կրճատման նպատակով այնպիսի համակարգ ստեղծել, որը կերաշխավորի տնտեսվարողներին մրցույթին մասնակցելու արհեստական խոչընդոտների վերացումը, ինչն էլ կնվազեցնի մեկ աղբյուրի մեխանիզմի չարաշահման հնարավորությունները»։

«Մեկ անձից գնումների քանակի 2017թ.՝ 50 գործարք, 2018թ․՝ 27 գործարք, 2019թ. 195 գործարք, 2020թ.՝ 770 գործարք և 2021թ.՝ 244 գործարք առանց չորրորդ եռամսյակի տվյալների»,- ներկայացրեց Աղվան Վարդանյանը։ ՔՊ-ն մերժեց օրակարգ ընդգրկել նաև այս նախագիծը: ՔՊ-ից Ծովինար Վարդանյանը հակադարձեց, թե Աղվան Վարդանյանի բերած թվային ցուցանիշները ներկայացված չեն ըստ բովանդակության, ինչը անբավարար է գնումները կոռուպցիոն կամ չհիմնավորված համարելու համար։ «Հնարավոր չէ սահմանել չնախատեսված իրավիճակ, քանի որ այն բովանդակային առումով արդեն ենթադրում է մի իրավիճակ, որը հնարավոր չէր կանխատեսել։ Դրա վառ ապացույցն է վերջին ժամանակներում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ պատերազմը, համավարակը և դրանց հետևանքները, ինչի արդյունքում էլ այդ քանակական ցուցանիշները աճել են»,- հավելեց Ծովինար Վարդանյանը։

«Օրենքի այս 4 նախագծերը վերաբերում էին մեր հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, ՔՊ-ականները դրանք նույնիսկ չընդգրկեցին ԱԺ օրակարգ»,- արձագանքեց նախագծերի հեղինակը։

Ո՞վ է սպասարկում թշնամու շահերը

Խորհրդարանական մեծամասնությունը մերժեց քննարկել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ «ՀՀ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում էր ապրիլի 10–ը սահմանել որպես Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր:

Արտահայտելով ՔՊ-ի դիրքորոշումը՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, թե պետք չէ «էմոցիոնալ դաշտի պատրվակներով քաղաքաքան դիրքորոշում արտահայտելու փորձեր կատարել»։ «Մարաղայի ջարդերը դատապարտելի են, իրենցից ներկայացնում են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ։ Դեռ ավելին, այն իրենից ներկայացնում է մարդկության դեմ ուղղված մեծ հանցագործություն։ Մարաղայի ջարդերը միակը չեն, այն ընդամենը մեծ շղթայի մեկ օղակ է, որը վկայում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին։ Բայց եթե մենք առաջնորդվենք այն սկզբունքով, որ հայոց պատմության մեջ տեղի ունեցած ցանկացած իրադարձություն պետք է տեղ ունենա մեր հիշատակի օրերի մեջ, ապա կստանանք մի իրավիճակ, երբ ամեն օր ունենք մեկ հիշատակի օր», հայտարարեց նա:

ՔՊ-ն մերժեց նաև Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ «Հայաստան» խմբակցության  հեղինակած հայտարարության նախագիծը: Ընդդիմությունն այդ նախագծով ԱԺ-ին առաջարկում էր դատապարտել հռչակագրով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարելու վերաբերյալ այդ երկու պետությունների պայմանավորվածությունը: Ինչպես նաև այդ հռչակագիրը ՀՀ-ի համար սադրիչ ու անընդունելի համարել: «Առաջարկում ենք ընդգրկել ԱԺ օրակարգ և քննարկել, հակառակ դեպքում կդիտարկենք թշնամու շահերի սպասարկում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Շատ մեծ հարց է, թե ով է թշնամու շահերին սպասարկում»,- վերևից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

ՔՊ-ից Գուրգեն Արսենյանն էլ նշեց, որ այդ հռչակագրի վերաբերյալ արտգործնախարարությունն արդեն իր հայտարարությունն արել է, իսկ մեր երկրի ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը չի պարտադրում նման հայտարարության ընդունում:

Արծվիկ Մինասյանը սթափության կոչ արեց և սթափվելու համար 20 րոպե ընդմիջում վերցրեց: Ընդմիջումից հետո ՔՊ-ն մերժեց քննարկման օրակարգ ընդգրկել նաև այս հարցը: