ՀՀ 5–րդ նախագահը Վահագն Խաչտուրյանն է․ նրան ընտրեց միայն իշխող ուժը

Հայաստանի խորհրդարանը մարտի 3-ին ընտրեց Հայաստանի 5-րդ նախագահին: Ընտրության համար պահանջվեց անցկացնել երկու փուլ, քանի որ առաջին փուլում պահանջվող ձայների ¾-րդը չապահովվեց: ՀՀ Սահմանադրությամբ, եթե Հանրապետության նախագահ առաջին փուլում չի ընտրվում, անցկացվում է ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Սահմանադրությունը նախատեսում է նախագահի ընտրության նաև երրորդ փուլ, սակայն այս դեպքում բանը դրան չհասավ. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նախագահի թեկնածուին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հոտնկայս ծափահարելով ողջունեցին ՀՀ 5-րդ նախագահին: Վերջինը մոտեցավ ամբիոնին և շնորհակալություն հայտնեց իշխանական խմբակցության պատգամավորներին՝ «այսպիսի մեծ վստահության քվե տալու համար»:
ՀՀ նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի ընտրվելուց տասն օր անց, ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում: Հայաստանում ՀՀ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով:
Ինչպե՞ս անցավ քննարկումը
Ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, տնտեսագետ է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ, լայնախոհ քաղաքական գործիչ. Ազգային ժողովի նիստում նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ այսպես ներկայացվեց թեկնածու Վահագն Խաչատուրյանը:
ԱԺ նիստերի դահլիճը կիսադատարկ էր, քննարկմանը մասնակցում էին միայն նախագահի թեկնածուին առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Ընդդիմությունը բոյկոտել էր նիստը և չէր մասնակցում նախագահի ընտրության հարցի քննարկմանը, քանի որ «ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ են համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը»:
ՔՊ-ի ղեկավար Հայկ Կոնջորյանը քննարկման ընթացքում հեգնել էր ընդդիմության այս պատճառաբանությունը՝ պնդելով հակառակը. «Վատ նորություն ունեմ ընդդիմության համար, քանի որ նախագահի ընտրությունը ամեն դեպքում արդեն իսկ լեգիտիմ է: Նախագահի ստորագրած օրենքները պարտադիր կատարման ենթակա են ոչ միայն մեր, այլ նաև ընդդիմության համար»: Ավելին, Կոնջորյանն ասել էր, որ ընդդիմությունն այս գործողություններով ինքն իրեն «դելեգիտիմացնում է»:
Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի նախկին քաղաքապետ, 1-ին գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, 1998-ից սկսած մասնակցել է տարբեր քաղաքական-հասարակական շարժումների, հիմնադրել «Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնությունը, մասնակցել Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնմանը, դարձել կուսակցության առաջին վարչության անդամ, զբաղվել է գիտությամբ: Այժմ կուսակցական չէ:
«Վահագն Խաչատուրյանը կանգնած է Հայաստանի Հանրապետության պետականության կերտման ակունքներում, իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու ՀՀ նախագահի բարձր պաշտոնը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միաձայն ընտրելու են պարոն Խաչատուրյանին՝ որպես ՀՀ նախագահ», -իր թեկնածուին ներկայացնելիս հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Թվում էր, թե այս հայտարարությունից հետո ո՛չ Խաչատուրյանը պետք է ելույթ ունենար, ո՛չ էլ իշխանական պատգամավորները պետք է նրան հարցեր ուղղեին, քանի որ նախագահի միակ թեկնածուին ընտրելու որոշումն արդեն կա: Սակայն այդպես չեղավ. ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով Խաչատուրյանին ելույթի համար հատկացվեց մեկ ժամ, իսկ իշխանական պատգամավորներն էլ, բացի նրան հարցեր ուղղելուց, նաև ելույթ ունեցան։
Խաչատուրյանը հիշեց՝ վերջին անգամ ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել 1999-ին և մինչ կսկսեր խոսքը, «սրտանց շնորհակալություն» հայտնեց իրեն առաջադրած ՔՊ-ի պատգամավորներին. «Իմ տարիքն այնպիսին է, որ այսպիսի հուզումնալից պահեր չպետք է ապրեի, բայց հավատացեք, որ ինձ համար շատ հուզիչ է: Հույս ունեմ՝ այն պատկերացումները, որ ունենք Հայաստանի ապագայի վերաբերյալ, կիրականացնենք անպայման»:
Իր ելույթում նախագահի թեկնածուն ներկայացրեց տեսական գնահատականներ պետական կառավարման մասին, անդրադարձավ Հայաստանում իշխանության թևերի տարանջատման ու փոխզսպման մեխանիզմների անհրաժեշտությանը, կարևորեց խաղաղության օրակարգը, խոսեց ապագայից.
«Մեզ բոլորիս, մեր պետությանը առավել, քան հարկավոր է համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր մեր հայրենիքի, միմյանց նկատմամբ, որպեսզի մենք միաբան աշխատենք ու մկրտվի մեր Հայաստանը»։
Վահագն Խաչատուրյանը՝ բոլորի նախագահ
«Դուք ի վերջո պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե՞ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների»,-քննարկման ժամանակ նախագահի թեկնածուին հարցրեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Խաչատուրյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը: Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների և մի բան էլ ավել՝ նախագահը: ՀՀ նախագահը նաև համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է, և ես պատրաստվում եմ այդպիսին էլ լինել, այդ դերում հանդես գալ: Ինձ համար այդ դերում հանդես գալու որևէ խոչընդոտ չկա: Ավելին ասեմ՝ միգուցե, նաև իմ թեկնածությունը դուք ընտրել եք՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ես այդպես եմ ենթադրում: Համենայնդեպս, իմ մեջ տեսել եք այն մարդուն, որը կարող է այդ դերը կատարել: Եվ այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ հենց նախագահի ինստիտուտը, որը համախմբող է, աշխատի»:
Գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար, ըստ Խաչատուրյանի, նախագահի ինստիտուտը պետք է միասնական լինի Ազգային ժողովի, կառավարության, հասարակության, քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ: «Այստեղ իմ ու քո լինել չի կարող: Ես այդպես եմ ընկալում և այդ ընկալմամբ եմ նաև այստեղ ձեր առջև հանդես գալիս: Իմ կողմից դրանք խոսքեր չեն: Ուղղակի, ես հավատում եմ և գիտեմ, որ միայն այդ ճանապարհով մենք կարող ենք աշխատել»,-ասաց Վահագն Խաչատուրյանը:
ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի հարցը վերաբերում էր Հայաստանի անվտանգության համակարգին՝ ի՞նչ ուղիներ ՀՀ նախագահը կարող է առաջարկել երկրի անվտանգությունն ավելի գրագետ դարձնելու համար: Նախագահի թեկնածուն պատասխանել էր, որ նախագահի լիազորությունները ներկայացվում են ՀՀ Սահմանադրության մեջ ու հավելել, որ նախագահը համագործակցելու է իշխանության մյուս թևերի հետ: «Ես միշտ կրկնելու եմ նաև հետագայում՝ չի կարող իշխանության թևերի միջև մի այնպիսի իրավիճակ լինի, որ դա խանգարի պետության զարգացմանը: Երբ վարչապետը հայտարարեց, որ պետք է իշխանության թևերի միջև ներդաշնակություն լինի, քաղաքական շահարկումների տեղիք տվեց դա: Բայց իրականում, այո, ներդաշնակություն պետք է լինի», -ընդգծեց նախագահի թեկնածուն։
Նա, սակայն, շտապեց նաև ներդաշանկության բացատրությունը տալ. դա միմյանց ամեն ասածի հետ համաձայնելը չէ, այլ քննարկումների միջոցով մեկ ընդհանուր հայտարարի գալը: «Կառավարությունում, օրինակ, այդպիսի մթնոլորտ է», -նշեց նա՝ նկատելով, որ այս պահին երկրի համար կարևորագույն խնդիրը պաշտպանունակության ապահովման խնդիրն է, որը «մեկ օր առաջ պետք է լուծել»:
«Մենք սոցիալական, տնտեսական ձեռքբերումներ կունենանք այն ժամանակ, երբ մեր անվտանգային համակարգերը աշխատեն, երբ զգանք, որ մեր սահմանները պաշտպանված են, ունենանք կայունություն», -նշեց ՀՀ նախագահի թեկնածուն:
Ի դեպ, Իշխան Զաքարյանի ներկայությունը ԱԺ նիստերի դահլիճում նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին առիթ տվեց ռեպլիկ անելու. «Իրականում ընդդիմության ոչ բոլոր ներկայացուցիչներն են բոյկոտել այս նիստը»:
Ապագայի տեսլականով
Կոռուպցիայի նվազում, մրցակցության աճ. Խաչատուրյանի համոզմաբ, միայն այս գործոնների պայմաններում Հայաստանի տնտեսությունը կզարգանա: «Խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական տնտեսություն: Մենք պետք է վերականգնենք մեր խորհրդային ժամանակների տեխնոլոգիական ռեսուրսը: Ճանապարհները պետք է բացվեն, և Հայաստանը պետք է փակված վիճակից դուրս գա», -տնտեսության զարգացման հնարավորությունների մասին ՔՊ-ական Գևորգ Պապոյանի հարցին ի պատասխան ասաց Վահագն Խաչատուրյանը:
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը դժգոհում էր նախագահի պաշտոնում իր լիազորությունների սահմանափակ լինելուց և հրաժարականի տեքստում էլ այդ մասին ընդգծել էր: Նախագահի այս թեկնածուից պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախագահի լիազորությունները սահմանափակ են, ինչին Խաչատուրյանը արձագանքեց. «Որևէ նշանակություն չունի լիազորությունները, եթե դուք ուզում եք աշխատել: Սահմանադրությամբ կան լիարժեք լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս նախագահի ինստիտուտի կայացմանը»:
Լենա Նազարյանը հետաքրքրվեց՝ ընտվելու դեպքում պատրա՞ստ է աջակցել խաղաղության հաստատման օրակարգին: Խաչատուրյանի պատասխանը հստակ էր. «Ես Հայաստանի զարգացումը այլ կերպ չեմ տեսնում: Երբ ես ասում եմ՝ մեր միջից վախերը պետք է հանել, դա հենց նախապայմաններից մեկն է: Այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ, և այս տարածաշրջանում ում հետ հարևաններ ենք, պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք: Հայաստանի զարգացումը այդ տրամաբանության մեջ է: Ունենք հարևաններ, որոնց հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել: Այլ ճանապարհ չկա»:
Որտե՞ղ էր ընդդիմությունը
ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմության բացակայությունը ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի կարծիքով, ընդդիմության ձեռագիրն է, երբ նրանք կարևոր քաղաքական իրադարձություններից «խուսափում են, չեն մասնակցում, լքում են դահլիճը»: «Սա վիրավորական վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի ու նրա տված քվեի նկատմամբ: Սա մսխում է այդ մանդատը, և ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները համապատասխան վերաբերմունք ցույց կտան այդ քաղաքական միավորներին։ Վստահ եմ, որ այդ միավորները կլքեն Հայաստանի քաղաքական դաշտը», -հայտարարեց Աղաջանյանը:
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները, սակայն, դահլիճից դուրս էին իրենց դիրքորոշումները հայտնում: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, թե նախագահի ներկայացված թեկնածուն լինելու է «կառավարության կցորդը»: «Կառավարության ղեկավարը կառավարության նիստում, եթե հիշում եք, նշանակեց նախագահի թեկնածուին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սեյրան Օհանյանը:
«Այս մարդն ընտրվել է Փաշինյանի կողմից, նախագահ է աշխատելու Փաշինյանի մոտ»,-«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի դիրքորոշումն էր: Նա հիշեցրեց եթերում Վահագն Խաչատուրյանի խոսքերը ու եզրակացրեց. «Հանրայինի եթերում բառացի ասել է՝ ես այս քաղաքական թիմի անդամ եմ։ Վերկուսակցական արբիտր, անաչառություն, զսպումներ, հակակշռումներ՝ այս ամեն ինչը մոռացվում է այս նախադասությունից հետո։ Պաշտոնապես հայտարարել է, որ այս քաղաքական թիմի անդամ է, շարունակությունը բացարձակ կարևոր չէ»: