Սեյրան Օհանյանը գործող զինվորակա՞ն էր, որ հարցաքննվի. Գեղամ Նազարյան

մարտի 8, 2022

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ

–44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն երկունիստ է գումարել: Չե՞ք ափսոսում, որ չեք մասնակցում այդ հանձնաժողովի նիստերին:

–Չէ, բացարձակ: Կհիշեք՝ մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին:

–«Հայաստան» խմբակցության որոշումը հասկանալի է, ես ուզում էի հասկանալ՝ անձնապես Ձեր դիրքորոշման մասին, քանի որ բազմիցս եք հայտարարել, որ այդ հանձնաժողովը կարևոր է Ձեզ համար, և որ դուք բազմաթիվ հարցեր ունեք պատերազմի հետ կապված:

–Ոչ, իմ մտադրությունների ու ցանկությունների հարցը այս դեպքում արդեն կարևոր չէ։ Այն մտադրությունները, ինչ ունեի, ես բարձրաձայնել եմ մի քանի անգամ: Մեր խմբակցության անդամները, որոնք այդ հանձնաժողովում են, նաև ես, բազմիցս ասել ենք, որ չենք մասնակցում, բայց մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու հանձնաժողովի գործունեությունը, պարբերաբար ծանոթանալու ենք բոլոր նյութերին, որովհետև մենք դրա իրավունքն ունենք: Մեզ համար կարևոր է՝ ինչ պրոցեսներ են ընթանում, ինչ է կատարվում:

–Առաջին նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Ձեզ հետ խոսել է, և անձնական զրույցի ժամանակ ասել եք, որ շատ եք ուզում մասնակցել: Բայց այդ որոշումը ընթացքում փոխել եք, նա նույնիսկ կասկած հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյանն է ազդել Ձեր վրա...

–Իհարկե, նման բան ասել եմ, բայց նաև ասել եմ, թե իմ պատկերացմամբ այդ հանձնաժողովը ինչ կառուցվածք պետք է ունենա: Մեր խմբակցությունը շուտով պաշտոնապես կներկայացնի մեր առաջարկը, թե ինչ կազմով և ինչպեսպետք է աշխատի այդ հանձնաժողովը:

–Ո՞րն է Ձեր պատկերացրած հանձնաժողովի կազմը, աշխատանքը: Կներկայացնե՞ք:

–Այն պետք է կազմավորվի համամասնորեն՝ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ուժերից ու կառավարող վարչախմբի ներկայացուցիչներից: Պետք է հավասարաչափ ընդգրկված լինեն նաև Արցախի խորհրդարանի ներկայացուցիչները՝ ընդդիմություն, իշխանություն: Քննիչ հանձնաժողովի կազմում պետք է լինեն նաև ներկայացուցիչներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ներկայացուցիչներ հասարակական այն կազմակերպություններից, որոնք զբաղվել են գերիների, վիրավորների ու անհետ կորածների հարցերով: Այդպիսի կազմակերպություններ կան: Բացի այդ, օրենքով սահմանել այդ հանձնաժողովի բոլոր գործառույթները: Այդ ժամանակ մենք ամբողջ ուժով, կազմով կմասնակցենք այդ հանձնաժողովի աշխատանքներին:

–Մոտավորապես կանխատեսո՞ւմ եք՝ ինչ ճակատագիր է սպասվում Ձեր այդ առաջարկությանը՝ հաշվի առնելով, որ ընդդիմության շատ առաջարկներ են խորհրդարանում մերժում ստանում:

–Ոչ, ես կարծում եմ, որ դա այն առաջարկն է, որին մեծամասնությունը կողմ կլինի, եթե իհարկե, իրոք, պատերազմի հանգամանքներն անաչառ ուսումնասիրելու խնդիր կա։ Այստեղ, կներեք, արդեն քաղաքականություն չկա: Ինձ թվում է՝ սա շատ ավելի գլոբալ ու կարևոր հարց է: Կարծում եմ՝ կառավարող ուժը հակափաստարկներ չի ունենա, որովհետև մենք շատ նորմալ առաջարկ ենք ներկայացնում:

–Այդուհանդերձ, եթե մերժվե՞ց...

–Բա եթե մերժվի, ես ի՞նչ անեմ: Գիտեմ, որ մեր շատ առաջարկներ իշխանությունը մերժում է, բայց սա, գոնե, պետք է հասկանալ, այն առաջարկն է, որ քաղաքականության հետ կապ չունի: Սա մեր ցավոտ կետին է առնչվում՝ պատերազմին, որի ուսումնասիրմանը, եթե, իրոք, գործող իշխանությունն ուզում է անաչառ քննություն անի, պետք է համաձայնի: Մեր առաջարկը ամենաիդեալական տարբերակն է:

–Եկեք հասկանանք՝ ընդդիմությունը վերապահումնե՞ր ունի Քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ, համարում է, որ այն կողմնակա՞լ կարող է լինել...

–Ես միանգամից ասեմ՝ խնդիրը անաչառությունը չէ, խնդիրն այն է, որ եթե մարդը պատասխանող կողմ է, ինչպե՞ս կարող է փորձագետ լինել ու ու այդ հանձնաժողովի անդամ լինել: Դա աքսիոմա է, չի կարող նման բան լինել, դա կասկած չէ, դա աքսիոմա է: Դա լուրջ հարց է՝ այդ ամենի մասնակիցը ինչպե՞ս կարող լինել փորձագետ:

–Դուք նկատի ունեք Արծրուն Հովհաննիսյանի՞ն:

–Ոչ միայն իրեն: Այդ հանձնաժողովում էլի մարդիկ կան, բայց միայն Արծրունի անունն են անընդհատ շրջանառում: Միայն Արծրունը չէ:

–Արդեն հայտարարվել է, որ Փաշինյանը ևս հարցաքննվելու է, Սեյրան Օհանյանի հարցաքննության անհրաժեշտության մասին օրերս խոսեց ՔՊ-ից Արփի Դավոյանը...

–Կներեք, Արփի Դավոյանը ռազմական փորձագե՞տ է, թե պատերազմական գործողությունների մասնակից:

–Իշխող խմբակցության անդամ է:

–Արփի Դավոյանը կարող էր ասել, որ ցանկանում եմ Անդրանիկ Օզանյանը հարցաքննվի, պետք է քննարկե՞նք: Արփի Դավոյանը ի՞նչ է հասկանում այդ հարցերից: Նա, չեմ կարծում, թե կառավարող խմբակցության դիրքորոշում էր հայտնում, աղջիկ է, խոսում է, ի՞նչ անենք: Սեյրան Օհանյանը ո՞վ է, որ հարցաքննվի: Գործող զինվորակա՞ն էր, ուղղություններից մեկի պատասխանատուն էր, ո՞վ էր, որ հարցաքննվի:

–Համենայնդեպս, հայտարարվում էր, որ Շուշիում է եղել թեժ մարտի պահերին և խորհրդատվություն է իրականացրել:

–Նա ղեկավարում չի իրականացրել, նա կամավոր գնացել է Շուշի, փորձել է օգնել, իրեն չեն լսել, և նա թողել, հետ է եկել: Բա ի՞նչ անի:

–Արփի Դավոյանն այսպիս հարց բարձրացրեց՝ պետք է պատասխան տաք հարցին, թե ինչու է հանձնվել Շուշին:

–Արփի Դավոյանը հնարավորություն ունի իրենց խմբակցության նիստի ժամանակ ուղիղ հարցադրում անել Նիկոլ Փաշինյանին և խնդրել, որ Փաշինյանն ազնվորեն պատասխանի: Ես ուզում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը ազնվորեն այդ հարցերին կպատասխանի, ու Արփի Դավոյանի բոլոր կասկածները երևի կփարատվեն: Ինքը կիմանա ամբողջ ճշմարտությունը: