Վարկային հերթական համաձայնագիրը՝ ԱԺ արտահերթ նիստում

Ազգային ժողովը մարտի 9-ին հրավիրած արտահերթ նիստում ընդունեց կառավարության ներկայացրած երկու՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը: Նիստը հրավիրվել էր հատուկ ընթացակարգով՝ 2-րդ ընթերցումը 1-ինից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու ռեժիմով։
Հրատապությունը վերաբերում էր հատկապես առաջին նախագծին։
Բուռնոթիից մինչև Դեն Բիլզերյան
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում լրացում կատարելու մասին» նախագծով կառավարությունն առաջարկում էր հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:
Օրենքի՝ հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի և ծխախոտի փոխարինիչների օգտագործման արգելքն ուժի մեջ է մտնելու մարտի 15-ին։ Բայց քանի որ ժամանակի ընթացքում ի հայտ են եկել ծխախոտի այլ փոխարինիչներ, որոնց օգտագործման արգելքն այդ օրենքում նախատեսված չէր, նախարարությունը որոշել է դրանք նույնպես ներառել։ Հարցը լուծել է օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթ» բառից հետո ընդամենը մեկ՝ «նյութի» բառն ավելացնելու միջոցով։
«2020թ․ ընդունված այս օրենքով նախատեսված է, որ «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով)։ Եվ դրա միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ»,- ներկայացրեց առղջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Ժամանակին մենք մի բան էլ էինք օգտագործում։ Մեր տատերը բուռնութի էին ասում, դա՞ էլ է մտնում դրա մեջ»,-հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Օրենքն ունի դրույթ, որը վերաբերում է ծամախոտին։ Չգիտեմ, թե դա մեր տատերի ասածի հետ ինչքանով է բռնում»,- պատասխանեց փոխնախարարը։
Խորրհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ այդ օրենքը բացօթյա օբյեկտներում կամ Կենտրոն վարչական տարածքից դուրս կգօրծի՞, թե ոչ։ «Օրենքի հիմնական նպատակը առողջության պահպանումն է, և կապ չունի, թե որտեղ կլինի։ Օրենքի մի շարք դրույթներ, որոնք մտել են ուժի մեջ, մեծ հաջողությամբ գործում են։ Վստահ եմ, որ մարտի 15-ից այս դրույթը նույնպես լիարժեք կկիրառենք»,- պատասխանեց Լենա Նանուշյանը։
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, թե ծխելը վնասակար է ոչ միայն առողջությանը, այլև երկրի տնտեսությանը։ Իհարկե, նա համաձայն է, որ այս օրենքը վնասում է ծխախոտագործությանը, բայց օգտակար է ՀՀ-ի համար այնպես, ինչպես օգտակար է եղել ողջ աշխարհի համար «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք մեր ՀՆԱ-ի 4,2%-ը, եւ դա ամեն մարդու հաշվով կազմում է մոտ 92 000 դրամ։ Սա կարեւոր է»,-տեղեկացրեց նա։
«Եթե իրականում պետության խնդիրը ծխելը նվազեցնելն է կամ ծխելու դեմ պայքարը, ապա ոչ թե պիտի ծիծաղելի օրենքներ բերեք, այլև աշխատանք տանեք: Դուք ուսումնասիրե՞լ եք, թե ինչ է կատարվում երևանյան բակերում ու փողոցներում՝ 13-14 տարեկանները ծխում են: Ծխում են ոչ միայն ծխախոտ, այլ նաև շատ վտանգավոր բաներ, և «բենզինի» մասին շատերդ լսած կլինեք, բա դրա դեմ ո՞նց եք պայքարելու»,- հարցրեց «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Գեղամ Նազարյանը:
«Դեն Բիլզերյանի ականջը կանչի, ՀՀ ԱԺ այսքան պատգամավոր մտահոգված է նրա տնտեսական շահերի պաշտպանությամբ։ Իրականում քննարկվում է օրենքում ընդամենը մեկ նյութի ավելացում»,- ՔՊ-ից հայտարարեց Ծովինար Վարդանյանը։ (Բիլզեյանն ունի փոխարինիչների արտադրություն, որոնք ներկրվում են Հայաստան)։
Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ և 30 ձեռնպահ ձայներով։ «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ կողմ են հակածխախոտային քաղաքականությանը, բայց կողմ չեն այն ռիսկերին, որոնք կարող են առաջանալ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում, և այդ պատճառով էլ ձեռնպահ են քվեարկելու։
Աննպատա՞կ, թե՞ նպատակային վարկ
Կառավարության բերած հաջորդ հարցը համաձայնագիր էր՝ ԱՄՀ-ից 315 մլն դոլար վարկ վերցնելու մասին։ Համաձայնագիրը կնքվել է 2019թվին՝ տնտեսական հիմնարար բարեփոխումներ իրականացնելու համար և նախատեսում էր 240 մլն դոլարի վարկավորում։ Բայց նույն 2019-ին կորոնավիրուսի համաճարակի պատճառով նպատակը փոխվել է ու վարկն ուղղվել է համավարակի տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող սոցիալ-տնտեսական միջոցառումներին։ 2020թ․ համաձայնագիրը թարմացվել է ու վարկավորումն ավելացվել՝ մինչև 315 մլն դոլար։
Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ գումարի մեծ մասն արդեն հատկացվել է, հիմա քննարկվում է 51 մլն դոլար և 25 մլն դոլար արժեքով երկու բաժինները հատկացնելու հարցը։ Փոխնախարարի խոսքով՝ այդ վարկի ստանալու նպատակը 2022թ․ բյուջեով սահմանված 99 մլրդ դրամ դեֆիցիտի ֆինանսավորումն է, մասնավորապես, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին հետաքրքրում էր, թե այդ գումարով կոնկրետ ի՞նչ ծրագիր է ֆինանսավորվելու, և արդյո՞ք դրանով ընթացիկ ծախսեր չեն անելու։ Փոխնախարարը հավաստիացրեց՝ ընթացիկ ծախսեր չեն արվելու, բայց չկարողացավ ասել, թե կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացնելու։ Ընդամենը հավելեց, թե բյուջեով նախատեսված են կապիտալ ծախսեր, և վարկը կուղղվի դրանց իրականացմանը։
ՔՊ-ից Գևորգ Պապոյանը հավելեց, թե գումարը ներդրվելու է մարդկային կապիտալի զարգացման և Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ «Որ հետո սպասարկվեն այս ու այլ վարկերը»,- շեշտեց նա։
«Սա պարտք է աննպատակ, հակառակ դեպքում նպատակը համաձայնագրում գրված կլիներ։ Եվ մեծ է հավանականությունը, որ այս պարտքի մարման ժամանակ այս կառավարությունը չի լինի և պատասխանատվություն չի կրի։ Այս վարկը նաև չի համապատասխանում այսօրվա կառավարության այն մոտեցմանը, թե առաջանցիկ կավելացնենք ներքին, ոչ թե արտաքին պարտքը։ Բայց տարին դեռ չավարտած՝ ավելանում է արտաքին պարտքը»,- հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։
Վերջինիս հակադարձեցին իշխանության երկու ներկայացուցիչ՝ ֆինանսների փոխնախարարն ու պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«2016թ․ ներքին պարտքը 16 տոկոս էր, 2021թ․ 29,5 տոկոս է՝ ի հաշիվ արտաքին պարտքի։ Ներքին պարտքի առավելությունն այնն է, որ ֆինանսավորում ենք մեր քաղաքացիներին, տոկոսը ԱՄՀ-ին չի գնում, մեր քաղաքացիների գրպանն է գնում»,- հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։
«Այս վարկով զարգացնելու ենք ենթակառուցվածքները, որպեսզի նպաստենք ՀՆԱ-ի պոտենցյալի զարգացմանը։ Իսկ այն թեզը, որ մենք ներգրավում ենք վարկեր, որոնք չենք մարելու, կարծում եմ, տրամաբանական է, քանի որ քաղաքական ցիկլը 5 տարի է։ Հիմա մենք մարում ենք նախորդների վարկերը։ Եվ շատերը կասկած ունեն, թե դրանք ինչ արդյունավետությամբ են իրացվել»,- հավելեց փոխնախարար Վահե Հովհաննիսյանը։
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանն էլ հիշեցրեց, որ կառավարությունը 2016թ․ Ասիական զարգացման բանկից 88 մլն դոլար վարկ է վերցրել, որ մինչև 2020թ․ 46 սեյսմակայուն դպրոց կառուցի։ «2022թ․ է, ընդամենը 7-ն է կառուցվել է։ Դե, հիմա հասկացեք, թե պարտքը ոնց է լինում։ Եթե տղամարդը վարկ է վերցնում, բայց տունը չի սարքում, կինն էլ է հայհոյում, երեխաներն էլ չեն հարգում, կամ էլ տանից դուրս են անում»,- հայտարարեց նա։
Համաձայնագիրը վավերացվեց 61 կողմ, 30 ձեռնպահ և 2 դեմ ձայներով։