ԿԸՀ երկարամյա նախագահի նոր հաղորդումը ԱԺ–ում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մարտի 30-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է հաղորդում՝ ԿԸՀ–ի 2020-2021 թվականների գործունեության վերաբերյալ։
Տիգրան Մուկուչյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է 2011 թվականից։ Այս ընթացքում տեղի է ունեցել 5 համապետական ընտրություն և 1 հանրաքվե։
2019–ին նախատեսված հանրաքվեն համավարակի պատճառով չկայացավ։ ԿԸՀ նախագահն ասաց՝ դրա անցկացման համար ձեռք բերված պարագաներն օգտագործվել են2021-ի համապետական ընտրությունների ժամանակ: Մուկուչյանը խոսեց նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, որոնք առավելապես վերաբերում էին ՏԻՄ ընտրություններին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվեց՝ 2021-ի խորհրդարանական ընտրությունները ԸՕ–ի ի՞նչ նոր խնդիրներ են ի ցույց դրել, որոնք արժե շտկել:
«Այս ընթացքում կիրառվեցին Ընտրական օրենսգրքի առանձին դրույթներ, դրույթների մի մասը նույնիսկ չի էլ կիրառվել։ Դրանք ուժի մեջ է մտնել 2022-ի հունվարի 1-ից: Պրակտիկայում կիրառման ընթացքում գույքագրվել են բոլոր խնդիրները, որոնք առաջացել են, բոլոր հարցադրումները, որոնք այս կամ այն իրավանորմերի պարագայում առկա են: Մասնավորապես, օրենսգիրքը սահմանում է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկության մասնակցող ընտրողների ցուցակները հրապարակվում են ԿԸՀ-ի կայքէջում։ Որևէ այլ կանոնակարգում, թե դրանք որքան ժամանակ պետք է տեղադրված մնան ԿԸՀ կայքում, առկա չէ։ Պարզ չէ նաև, թե հետագայում, հարցման պարագայում, ո՞ւմ կարող են դրանք տրամադրվել»,-ասաց ԿԸՀ նախագահը։
Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ այսօր էլ լինում են դեպքեր, երբ դիմում են խնդրանքով՝ տրամադրելու, օրինակ, մասնակցության վերաբերյալ 2017-ի անվանական ցուցակները: Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ այդ ցուցակները պարունակում են անձնական տվյալներ, Մուկուչյանը որոշակի կանոնակարգումների արձանագրումն անխուսափելի համարեց:
Մյուս խնդիրը, որ առանձնացրեց ԿԸՀ նախագահը, դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման ինստիտուտի հետ էրկապված:«Մենք օրենսդրորեն ամրագրեցինք, որ նրանք կարող են հավատարմագրվել էլեկտրոնային եղանակով: Նախատեսել ենք միայն այդ եղանակը, սակայն, կարծում եմ՝ ընտրական գործընթացներում միշտ պետք է ունենալ այլընտրանքային լուծում, երբևէ հնարավոր չէ խույս տալ հնարավոր խնդիրներից»,-հիմնավորեց Տ․ Մուկուչյանը:
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը մտահոգված էր ընտրական անվտանգության հարցերով: Նա խոսեց Վարդենիսում տեղի ունեցածի մասին, երբ ընտրություններում հաղթելէր ընդդիմադիր թեկնածուն, սակայն իշխանական թեկնածուն, որը նախկին քաղաքապետն էր, սպառնում էր ու թույլ չէր տալիս մուտք գործել քաղաքապետարանի վարչական շենք:
«Ձեր գործունեության ընթացքում կհիշե՞ք այնպիսի դեպք, ինչպիսին Վանաձոր համայնքում է, երբ ընտրված թեկնածուն արդյունքների հրապարակումից հետո կալանավորվի այլ գործով։ Արդյունքում նա մինչ օրս կալանավորված է, իսկ ավագանին իր գործառույթները չի իրականացնում։ Կհիշե՞ք դեպք, երբ ՏԻՄ քարոզարշավին մասնակցի պաշտպանության նախարար», -Տիգրան Մուկուչյանին հարցրեց Արամ Վարդևանյանը:
Տ․ Մուկուչյանն ասաց, որ Հայաստանում վերջին ՏԻՄ ընտրությունները առաջինն էին, որ անցկացվում էին համամասնական ընտրակարգով, հետևաբար, հիշել-չհիշելու հետ կապված հարց չի կարող առաջանալ:
«Մինչ այս տեղի էին ունենում մեծամասնական ընտրություններ, և համայնքի ղեկավարը,ավագանին ընտրվում էին ուղղակի: Սա առաջին դեպքն էր մասշտաբային առումով: Ընտրական հանձնաժողովները համամասնական ընտրակարգի դեպքում իրականացնում են ընտրության արդյունքների ամփոփում, դրանից հետո կայացվում է որոշում մանդատների բաշխման մասին, այնուհետև մանդատները տրվում են ընտրական շեմն անցած թեկնածուներին: Դրանից հետո ընտրական հանձնաժողովներն այլ գործառույթ չունեն: Ավագանու նիստերի ու դրա ընթացքում համայնքի ղեկավարի ընտրության գործընթացին Կենտրոնական ընտրական հաձնաժողովը միջամտելու իրավասություն չունի», -ասաց Մուկուչյանը:
«Դուք իմ հարցերին ուղիղ պատասխաններ չտվեցիք»,-արձագանքեց Արամ Վարդևանյանը ԿԸՀ նախագահի պատասխանին:
Նույն խմբակցությունից Արթուր Ղազինյանի հարցը վերաբերում էր կրկնաքվեարկություններին: Նրա խոսքով, գործող համակարգը չի բացառում կրկնաքվեարկությունները, նույնականացման համակարգն աշխատում է միայն տվյալ տեղամասում, որպեսզի մեկ անձը երկրորդ անգամ չքվեարկի: Նա ԿԸՀ նախագահինհարցրեց՝ հնարավո՞ր է ներդնել որևէ այլ մեխանիզմ՝ համընկնող անուն-ազգանուն-հայրանուններ ունեցող անձանց լրացուցիչ ցուցակ՝ կրկնաքվեարկությունը բացառելու համար:
«Հայաստանում, եթե չեմ սխալվում, 114 քաղաքացի կա, որոնց անուն–ազգանուն– հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են: Ժամանակին,ապացուցելու համար, որ նրանք բոլորովին տարբեր մարդիկ են, նույնիսկ այդ անձանց անձնագրերի առաջին ձևերն ենք հրապարակել, որովհետև էլի են եղել նման բողոքներ»,–պատասխանեց ԿԸՀ նախագահը:
Մուկուչյանի ներկայացմամբ, բոլոր ցուցակները ձևավորվում են ծրագրային կոդերում, և ցանկացած անհամաչափ միջամտություն հնարավոր է այդ կոդերի, մասնագետների միջոցով ուսումնասիրել, հայտնաբերել, գտնել: Նա վստահեցրեց, որ ընտրական գործընթացի բոլոր փուլերը թափանցիկ ու հասանելի են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: «Բացառվում է, որ մի մարդը երկրորդ անգամ այլ ընտրատեղամասում քվեարկած լիներ, ու դա չբացահայտվեր»,-պատգամավորին փորձեց վստահեցնել Տիգրան Մուկուչյանը: Սակայն Ղազինյանն ասաց, թե ինքն այդպես վստահ չէր բացառի: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, եթե գործող իշխանությունն ունի մեծ ցանկություն ընտրությունների՝ իրեն ցանկալի արդյունք ներկայացնելու, ապա համակարգը դրան չի խոչընդոտի:
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանի հարցը վերաբերում էր ընտրական գործընթացների նկատմամբ վստահությանը: Պատգամավորն ասաց, որ գործող իշխանության շարքերում շատ են նրանք, ովքեր քննադատել ու վարկաբեկել են նախորդ տարիների ընտրական համակարգը, կասկածի տակ դրել դրա վստահելիությունը: «Չե՞ք կարծում, որ 2017 թվականի ընտրական պրոցեսի նկատմամբ չփաստարկված, անհիմն հայտարարությունները, քննադատությունները հանգեցրել են Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ վստահության նվազմանը», -Մուկուչյանին հարցրեց Աննա Մկրտչյանը, որը ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակիցն է:
Ի պատասխան՝ Մուկուչյանն ասաց, որ ընտրական գործընթացի նկատմամբ անվստահությունը շատ ավելի հին ծագում ունի, քան 2017 թվականի ընտրություններն են: Նրա խոսքով, Ընտրական օրենսգրքում պարբերաբար փոփոխություններ են կատարվել, որպեսզի գործընթացները պարզեցվեն, հստակեցվեն, և հարցեր չառաջանան:
«Բայցմիևնույն է,մշտապես եղել են քաղաքական տարբեր գնահատականներ, քննադատություններ: Դա, կարծում եմ, չպետք է լինի ընտրական հանձնաժողովների գործառույթը, այլ այն, որ գործընթացը հնարավորինս թափանցիկ կազմակերպեն: Իհարկե, ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ուղղված մեծ աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում: Ես կարծում եմ՝ առաջընթացն ակնհայտ է», -հավելեց Մուկուչյանը:
Ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններն ու ընտրական համակարգից բողոքները լսելուց հետո ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանը արձագանքեց. «Այնպիսի տպավորություն է, որ դուք եք ձեր ամբողջ գիտակից կյանքում պայքարել Հայաստանում ազատ, արդար,թափանցիկ ընտրությունների համար, այլ ոչ թե ես»:
Նա ընդգծեց, որ Հայաստանում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դրվել: «Բացի 1999 թվականի ընտրությունները, բոլորընտրությունները հանրությունը կասկածի տակ է դրել», -հավելեց Վիլեն Գաբրիելյանը: