Քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցը՝ ընդդիմությանը խանգարող միջոց․ իշխող ուժը դրանից չի հրաժարվի

ապրիլի 11, 2022

Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովների ձևավորման և գործունեության հետ կապված տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, որը կար նաև նախորդ՝ 7-րդ գումարման ընթացքում: Բանն այն է, որ ընդդիմությունը տարբեր խնդրահարույց իրավիճակների հանգամանքները պարզելու համար հանդես է եկել քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, սակայն կառավարող ուժի ակտիվ ջանքերով հանձնաժողովը չի ձևավորվել:

7-րդ գումարման խորհրդարանում այդպիսի ճակատագիր վիճակված էր Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ նվիրելու և ընդհանրապես քաղաքային իշխանությունների գործունեության ուսումնասիրության վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությանը: Որքան էլ այն ժամանակ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» փորձում էր իշխանությանը համոզել, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը ճիշտ է քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու առումով, իշխանությունը չընդառաջեց՝ պատճառաբանելով, որ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն մտնում, ինչպես պահանջում է օրենքը: Արդյունքում իրավունքի ուժով ստեղծված Քննիչ հանձնաժողովը պարզապես չաշխատեց:

Նույնը տեղի ունեցավ նաև 8-րդ գումարման Ազգային ժողովում. այս անգամ խնդիրը վերաբերում էր դատարաններում գործերի բաշխման կարգի խախտումներին, արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմանը: Այդ նպատակով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնեցին ստորագրահավաք, իրավունքի ուժով ստեղծվեց քննիչ հանձնաժողով, բայց կազմի մասին որոշումը խորհրդարանը չընդունեց: Սակայն դա չխանգարեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հանձնաժողովի նիստեր գումարի, հյուրեր հրավիրի և խոսի խնդրի մասին։ Այդուհանդերձ, հանձնաժողովը պաշտոնապես համարվում էր չգործող, հետևաբար, ավարտական եզրակացություն էլ չունեցավ:

 Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել իրավունքի ուժով․ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Քննիչ  հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:
Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը որոշում է Ազգային ժողովըՔննիչ հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը:

Դեռևս նախորդ գումարման խորհրդարանում քննիչ հանձնաժողովների ստեղծման ժամանակ քննարկումներում իշխանական պատգամավորները ևս ընդունում էին, որ կա օրենսդրական կազուս. մի կողմից իրավունքի ուժով համապատասխան ստորագրությունների հիման վրա ստեղծվում է քննիչ հանձնաժողովը, մյուս կողմից դրվում է սահմանափակում՝ քննիչ հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելիք հարցը պետք է լինի ԱԺ իրավասության ներքո:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը, որը մշակվել և ընդունվել է նախկին իշխանությունների կողմից, այնքան խութեր ունի, որ մենք հիմա փորձում ենք խութեր հաղթահարել։ Մեր հարցադրումները, այդ հանձնաժողովի ձևավորման իրավասության շրջանակի հետ կապված խնդիրները նոր հարցեր են առաջացնում։ Հիմա, տեսեք, իրավունքի ուժով ձևավորվում է քննիչ հանձնաժողով, բայց ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքը հստակ ասում է. «ԱԺ-ի իրավասության մեջ մտնող և», կարևորը «և» շաղկապն է, «և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ»։ Այո, հանրային հետաքրքրություն կա, բայց այս հարցն ամենևին չի մտնում ԱԺ-ի իրավասության մեջ, և թե ո՞ր հարցերն են, որ մտնում են ԱԺ-ի իրավասության մեջ, որոնց հետ կապված փաստերը պետք է պարզաբանել, այդպես էլ ընկալելի չի լինում», -2020-ի հունվարին «Լուսավոր Հայաստան»–ի նախաձեռնության քննարկման ժամանակասել էր իշխանական խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

«Ես ուզում եմ ասել, որ սա վատ նախադեպ է, նման նախադեպ չի եղել անգամ նախկին խորհրդարաններում, որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ձևով, նման ճանապարհով տապալվեն, պրն Միրզոյան(նկատի ունի ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին-հեղ.)։ Սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու։ Ես ձեզ ասում եմ, որ այսօր, հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում նման հետընթաց է արձանագրվում», -իրենց նախաձեռնած քննիչ հանձնաժողովը տապալելուն ի պատասխան հայտարարել էր այն ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այդուհանդերձ, իրավական կազուսի լուծման ուղղությամբ նախորդ և այս խորհրդարաններում քայլեր չեն արվել: Թվում էր, թե այդ հարցում շահագրգռված պետք է լիներ խորհրդարանական ընդդիմությունը, սակայն վերջինը, հատկապես, գործող խորհրդարանում, առավելապես սոցիալական ուղղվածության նախագծեր է ներկայացնում, ինչը իշխանությունը որակում է պոպուլիզմ։

«Հայաստան»–ից Արամ Վարդևանյանը չպատասխանեց մեր հարցմանը՝ հնարավո՞ր է ԱԺկանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն նախաձեռնի՝ «իրավական կազուսը» վերացնելու համար: Թեպետ ավելի վաղ parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում նշել էր, թե դատական համակարգի առանձին խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող իր ղեկավարած քննիչ հանձնաժողովը «որոշակի արդյունք տվել է»:

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասում է՝ Սահմանադրությամբ է սահմավում Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովների գործունեությունը: Իսկ ինչ վերաբերում է իրավունքի ուժով ստեղծվելուն և հետո գործունեություն չծավալելուն, Հովակիմյանը բնական է համարում: Նրա խոսքով, իրավունքի ուժով, ճիշտ է, քննիչ հանձնաժողովը ստեղծվում է, բայց եթե կազմը ձևավորելու մասին որոշում չկա, ինչպե՞ս կարող է աշխատել:

«Խորհրդարանը քաղաքական մարմին է և զուտ մաքուր քաղաքական դրդապատճառներով կարող է չգործել: Այդ գործիքը (նկատի ունի միայն ԱԺ իրավասության ներքո գտնվող խնդրի քննությունն ուսումնասիրելը-հեղ.) թողնված է, որ քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի չարաշահումներ տեղի չունենան և հնարավոր լինի ինչ-որ ձևով դեմ արտահայտվել դրան», -Parliamentmonitring,am-ին ասում է Հովակիմյանը:

Փորձեցինք հստակեցնել՝ այսինքն ընդդիմությունը հնարավորություն չունենա՞ ինչ ուզի անել, Հովակիմյանը դրական պատասխան տվեց. «Ասենք, նույն հաջողությամբ ընդդիմությունը կարող է ուզենա դատավորների կայացրած վճիռները վերանայել: Իհարկե, չի կարող նման բան անել, դա ԱԺ-ի իրավասության մեջ չի մտնում»:

Այդուհանդերձ, իշխանական պատգամավորը չի կարծում, թե ընդդիմության ձեռքերը կապված են: Ավելին, նրա ներկայացմամբ, ԱԺ իրավասության ներքո գտնվող ցանկացած հարցով խորհրդարանական փոքրամասնությունը կարող է ձևավորել քննիչ հանձնաժողով և ուսումնասիրել հարցը, ինչպես այս խորհրդարանում վարվել է նույն ընդդիմությունը՝ ձեռնամուխ լինելով «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսման արդյունավետության ուսումնասիրմանը: