Պետական մարմինները լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն կունենան

մայիսի 13, 2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը կրկին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել։ Այս անգամ նրանք առաջարկում են օրենքում այնպիսի լրացում կատարել, որ պետական մարմինները կարողանան իրականացնել լրագողի հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ իրենց տրված հնարավորությունը։ Գործող օրենքը լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու իրավունքը տալիս է միայն նրան հավատարմագրման ներկայացրած լրատվամիջոցին։

Իրավունքը կար, կիրառման հնարավորությունը՝ ոչ

ՔՊ խմբակցության պատգամավորները «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ հանդես են եկել դեռ 2021–ին։ Դրանով պետական մարմիններին լրագրողի հավատարմագրումը մերժելու հնարավորություն էր նախատեսվում։ Իսկ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով:

ՔՊ պատգամավորները, սակայն, ներկայացնելով և ընդունելով այս նախագիծը՝ չէին նշել ամենակարևորը, այն է՝ պետական մարմինները նույնպես կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։ Արդյունքում, հինգ ամիս առաջ ընդունված օրենսդրական փոփոխությունը մնացել է թղթի վրա։ Այս անգամ ներկայացված նախագիծը վերացնում է օրենսդրական այդ բացը՝ պետական մարմիններին ընձեռելով հնարավորություն, ի վերջո, հավատարմագրումից զրկելու այն լրագրողներին, որոնց գործունեությունը կհակասի իրենց սահմանած կարգապահական նորմերին։

«Ըստ էության, օրենքում կա բաց մի կողմից ամրագրված է, որ պետական մարմինն ունի լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմք, մյուս կողմից կիրառման խնդիր կար, քանի որ ասում էր, թե միայն լրատվամիջոցի դիմումով է հնարավոր դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։ Բայց լրատվամիջոցներն էլ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու կամ նրան մեկ այլ լրագրողով փոխելու դիմում չէին ներկայացնում»,- Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց նախագծի հեղինակներից Արթուր Հովհաննիսյանը։

Հինգ ամիս առաջ օրենսդրական այդ բացը չէին նկատել նաև լրատվամիջոցները։ Նրանց ուշադրության կենտրոնում նույն նախագծով ներկայացված մեկ այլ փոփոխություն էր, համաձայն որի լրատվամիջոցըկեղծ տեղեկատվություն հրապարակելու դեպքում կենթարկվի պատասխանատվության, եթե անգամ հղում է արել չնույնականացված աղբյուրին, այսինքն,արտատպել է չնույնականացվող աղբյուրից։

Ինչ վերաբերում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորությանը, Արթուր Հովհաննիսյաննասում է, թե տեղի են ունեցել մի շարք իրավիճակներ, երբ պետական մարմինը, տվյալ դեպքում՝ Ազգային ժողովը, չի կարողացել աշխատանքային բնականոն միջավայր ստեղծել։ «Որովհետև կոնկրետ մի քանի լրագրողներ աշխատանքային գոտում գործող կանոնները պարբերաբար խախտել են։ Եվ պետական մարմինը պետք է որոշակի հնարավորություն ունենա վերականգնելու բնականոն աշխատանքային միջավայրը, իհարկե, առանց խախտելու լրագրողական որևէ իրավունք»,- հավելեց նա։

Երբ այս նախագիծը դեռ պաշտոնապես չէր ներկայացվել, բայց դրա գաղափարը կար, Արթուր Հովհաննիսյանըհայտարարելէր, թեայն պետք է ներառի նորմ, որը պետական մարմնին կպարտադրի լրատվամիջոցին նախազգուշացնել լրագրողին հավատարմագրումից զրկելու մասին, որպեսի այդ կառույցը կարողանա նրան փոխարինել մեկ ուրիշով, և պետական մարմինը կամայականորեն ու միանգամից լրագրողին չզրկի հավատարմագրումից։ Արդեն պաշտոնապես ներկայացված նախագծում նման դրութ չկա։ Հեղինակն ասում է՝ գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ մի շարք այլ լրացումների հետ միասին այն նույնպես ներկայացված կլինի։

Արթուր Հովհաննիսյանընշում է, որ պետական մարմինների կողմից լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու մասին դրույթը մշակելիս չեն օգտվել միջազգային որևէ փորձից։ Ասում է՝ մեզ մոտ գոյություն ունեցած վիճակն է ստիպում է գնալ այդ քայլին։ Հավելում է՝ «Ես կուզենայի, որ այդ հարցը լուծվեր լրագրողական համայնքում, բայց չի լուծվել»։

Լրագրողներն իրենք պետք է քննեն իրենց վարքագիծը

«Մենք իսկզբանե համարում ենք, որ լրագրողների հավատարմագրման գործընթացում պետք է մերժում չլինի, եթե, իհարկե, լրատվամիջոցը ներկայացրել է նրա տվյալները։ Միջազգային մոտեցումներում նման պրակտիկա չկա, և դա ընդունելի չէ, քանի որ համարվում է, որ հավատարմագրման ինստիտուտը ոչ թե պետական մարմնի, այլ լրատվամիջոցի ու լրագրողի իրավունքն է, իսկ մեզ մոտ նման օրենսդրական փոփոխության համար ոչ մի առանձնահատուկ իրավիճակ չկար։ Եվ եթե մի քանի լրագրողներ էթիկայի նորմեր են խախտում, նրանցից ազատվելու համար չի կարելի օրենք փոխել»,- ասում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»–ի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով արդեն դեկտեմբերին ընդունված փոփոխություններին։

Վերջինս նաև հավելում է, որ պետական մարմինը լրագրողին հավատարմագրելիս ոչ թե պետք է հարցը դիտարկի որպես նրան աշխատանքի ընդունելու, այլ նրա աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու տեսանկունից«Եվ ամեն ինչ անի, որ իր գործունեությունն առավելագույնս լուսաբանելու հնարավորություն ընձեռի։ Մեզ մոտ հավատարմագրելիս, կարծես, լավություն են անում։

Լրագրողական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ մեր լրատվական դաշտում կան լրագրողներ, որոնք և՛ պետական մարմիններում, և՛ այլ վայրերում իրենց գործունեության ընթացքում խախտել են էթիկայի կանոնները։ Բայց դա չի նշանակում, որ պետք է տուժեն բոլորը, և բոլորի նկատմամբ խիստ սահմանափակումներ կիրառվեն՝ արհամարելով միջազգային փորձը։ Եվ որպես լուծում՝ առաջարկում է, որ լրագրողներն իրենք քննարկման առարկա դարձնեն իրենց գործընկերոջ վարքագիծը։

«Միջազգային հետաքրքիր փորձ կա, որ անգամ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենք են նախաձեռնում ինքնակարգավորման գործընթացը ևմշակում իրենց վարքականոնի նորմերը։ Ստեղծում են խորհուրդ, որն էլ քննում է խախտման դեպքերը, և որի որոշումը պարտադիր է լրագրողների համար։ Կարծում եմ՝ մեզ մոտ էլ վաղուց հասունացել է պահանջը, որ լրագրողներն իրենց գործընկերներին ասեն նրանց գործած խախտումների մասին և դա քննարկմանման առարկա դարձնեն»,- եզրափակում է Աշոտ Մելիքյանը։

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՔՊ-ի վերջին նախագիծը մայիսի 17-ին կքննարկվի ԱԺ գլխադասային՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։