Կընդլայնվեն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները

մայիսի 19, 2022

Մոտ 300 ուսումնասիրություն և 20 ավարտված գործ, որոնցից 9-ը դատարանում են. այդ 9- հայցադիմումներով քննվում է 43 մլրդ դրամ արժողությամբ մի շարք գույքի օրինականության հարցը։ Սա անցած մեկ տարվա ընթացքում ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում հաշվարկված վիճակագրությունն է։

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել 2 տարի առաջ ընդունված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին» նախագիծը, որով առաջարկում է ընդլայնել այդ օրենքով նախատեսված գործողությունների շրջանակը։

Առաջարկում է օրենքը տարածել գույքի ու եկամուտների հայտարարագիր ներկայացնող բոլոր նախկին և ներկա պաշտոնյաների վրա, իսկ վարույթների քննության համար նախատեսված ժամկետը երկարեցնել ու երկուսի փոխարեն դարձնել երեք տարի։ Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է վարույթ իրականացնող մարմնի՝ դատախազության համապատասխան վարչության համար նույնպես նախատեսել լիազորություն, որով հնարավորություն կունենա ուսումնասիրության վարույթ սկսել։ Մինչև այժմ գործել է հիմնականում ազդարարման համակարգը։

Օրենսդրական այս նախաձեռնությունն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մայիսի 19-ին հրավիրած արտահերթ նիստում։ Ընդ որում, սա վերջին շրջանում հրավիրված եզակի արտահերթ նիստն էր, որի դեպքում գործադիրը չէր առաջարկում նախագծերը քննարկել հրատապ կարգով՝ երկրորդ ընթերցումը առաջինից հետո 24 ժամվա ընթացքում։

Քանի վարույթ կա ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ

Թեև ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին 4 օրինագծեր, բայց հիմնական քննարկումը ծավալվեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների ու լրացումների շուրջ։ Այն առիթ հանդիսացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները ևս մեկ անգամ հիշեն նախկին իշխանություններին վերագրվող ապօրինի գույքի մասին։

Բայց այս արտահերթը նույնպես անցավ առանց նախկին իշխանությունների ներկայացուցիչների՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների. շուրջ մեկ ամիս է, նրանք բոյկոտում են ԱԺ նիստերն ու ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ անցկացնում։

«Նախագծի մշակումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի ուսումնասիրության ժամկետի և գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կնպաստեն ներդրված այս կարևորագույն ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը»,- նախագիծը ներկայացնելիս՝ հայտարարեց գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը։

Նախագծի մեկ այլ փոփոխությամբ վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն է տրվում բռնագանձվող գույքի շուկայական արժեքի չափով գումար պահանջելու փոխարեն պահանջել գույքի ձեռք բերման արժեքի չափով գումար։ Գալյանը բացատրեց, որ որոշ դեպքերում, հատկապես երբ գույքը գտնվում է արտասահմանում, հնարավոր չէ պարզել շուկայական արժեքը, այդ դեպքում արդեն կգանձվի գույքի ձեռք բերման պայմանագրային արժեքի չափով գումար։

Ինչ վերաբերում է գործի ուսումնասիրման ժամկետը 2 տարվա փոխարեն 3 տարի դարձնելու առաջարկին, Գալյանն ասաց, որ որոշ ուսումնասիրություններ բավականին բարդ են ու բազմադրվագ, վերաբերում են 40-50 անուն անշարժ գույքի, 10-20 իրավաբանական և փոխկապակցված անձանց։ «Իհարկե, ոչ բոլորի դեպքում է երկար ժամանակ անհրաժեշտ, շատ ուսումնասիրություններ ավարտելու ենք մոտ ապագայում»,- պարզաբանեց նա։

ՔՊ անդամ Սոնա Ղազարյանին հետաքրքրում էր, թե արդյո՞ք ՀՀ դատախազության գործունեության արդյունքն է, որ ԱՄՆ-ում սկսվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձնման գործընթացը, և գույքը կամ գույքի արժեքով գումարը կվերադարձվի՞ Հայաստանին։ Գալյանը պատասխանեց, որ ԱՄՆ-ում այդ մասով քննարկումններն սկսվել էին մինչ մեր երկրում ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը՝ դեռ 2019թ․ ՀՀ քննչական մարմիններում հարուցված համապատասխան քրեական գործի շրջանակում։ Այդ ժամանակ Հայաստանը հարցումներ է հղել բազմաթիվ երկրներ, որոնցից ԱՄՆ-ն օգնելու պատրաստակամություն է հայտնել։ «Ինչ վերաբերում է գույքի վերադարձմանը, դեռ վաղ է այդ մասին խոսելը, քննարկումներն ընթանում են։ Իսկ ԱՄՆ-ի գործընթացների հիմքում ընկած են դատախազության գործողությունները»,- հավելեց նա։

Հովիկ Աղազարյանին և Վահագն Ալեքսանյանին հետաքրքրում էր, թե ընդդիմադիր պատգամավորների մեջ կա՞ն մարդիկ, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում վարույթներ են հարուցվել։ Գալյանը հաստատեց, որ կան, բայց չասաց, թե խոսքը քանի հոգու կամ կոնկրետ որ պատգամավորներին է վերաբերում։ «Դատախազության համար կարևոր չէ, թե շահառուն քաղաքական ինչ հայացքներ ունի՝ ընդդիմադի՞ր է, իշխանակա՞ն է»,- պատասխանեց նա։

«Գաղտնիք չէ, որ ընդդիմության այս ընդվզումը մեծ կապ ունի տվյալ օրենքի գործունեության մեջ մտնելու հետ։ Մամուլում 6 հոգու մասին հիշատակում է եղել»,- նշեց Ալեքսանյանը։ Սերգեյ Բագրատյանն էլ մտահոգություն հայտնեց այն առաջարկության նկատմամբ, որով նախատեսվում էր որոշ դեպքերում գույքի շուկայական արժեքի փոխարեն բռնագանձել պայմանագրում նշված գնի չափով գումար։ Նրա ներկայացմամբ՝ շատ դեպքերում գնորդն ու վաճառողը համաձայնության են եկել ու պայմանագրում նշել ոչ թե գումարի այն չափը, որով գործարք են իրականացրել, այլ մի քանի անգամ փոքր թիվ։ Նրան պատասխանեց հարակից զեկուցող Արփի Դավոյանը։ Ասաց, որ կիսում է այդ մտահոգությունը, և հարցը կքննարկեն առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում։

«Մեր հանրության մի մեծ հատված մեզ մեղադրում է ժամանակին այս քննությունը չիրականացնելու և արժանի մարդկանց չպատժելու մեջ։ Բայց եթե գործերի ուսումնասիրման ժամկետը 2-ի փոխարեն 3 տարի երկարեցնենք, պետք է հիմնավորենք, որ սա պրոցեսները ձգձգելու միտում չունի»,- հավելեց Բագրատյանը։

«Մինչ մենք այստեղ այս օրենքի փոփոխությունն ենք քննարկում, օրենքի հիմնական շահառուները մաշեցնում են Երևանի ասֆալտը, ավելի ճիշտ՝ փորձում են մաշեցնել դեռևս և վստահաբար՝ անհաջող։ Արցախի փրկության անվան տակ փորձում են փրկել իրենց թալանածը՝ զբաղվելով իրենց թալանի ազատագրմամբ»,- հայտարարեց Արուսյակ Ջուլհակյանը։

Նոր պայմաններ՝ դատապարտյալների, նոր կարգ՝ քրեակատարողականների ծառայողների համար

Մայիսի 19-ին Ազգային ժողովում քննարկվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև նոր՝ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, որով պետք է կարգավորվի քրեակատարողական հիմնարկներում ու ազատությունից զրկման մյուս վայրերում գտնվող անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխավորումը: «ՀՀ-ում իրականացվող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակում առանձնակի կարևորվում է արդարադատության և քրեական արդարադատության ոլորտում հայտնված անձանց իրավունքների ու օրինական շահերի, դրանց լիարժեք իրացումն ապահովող երաշխիքային համակարգերի սահմանումն ու նորովի արժեւորումը: Այս առումով կարևոր նշանակություն ունի համակարգային օրենսդրական կարգավորումների միջոցով ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք այդ իրավունքների պաշտպանությունը կդարձնեն ոչ թե պատրանքային, այլ իրական»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

«Նոր օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է տարվի  անհատականացված աշխատանք: Նորարարությունն այն  է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմվելու է պատժի կրման անհատական պլան, և ըստ այդմ` երեքից վեց ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է: Այս առումով կապահովվի կանխատեսելիություն, և կիրականացվեն թիրախային միջոցառումներ: Ուղղիչ հիմնարկների տեսակներին կփոխարինեն անվտանգության երեք` ցածր, միջին և բարձր գոտիներ` հաշվի առնելով դատապարտյալների ռիսկերի ու կարիքների գնահատումը: Կսահմանվեն նաեւ պատժի կրման մեղմ ու խիստ ռեժիմներ»,- հավելեց նախագիծը զեկուցող արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Իսկ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններով գործադիրն առաջարկում է սահմանել քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը:

Հաջորդ՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով էլ կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը մղելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում։

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկեց ու ընդունեց նաև «Ավիացիայի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ օրինագծի ընդունումը պայմանավորված է օրենքի մի շարք դրույթներ միջազգային համաձայնագրերին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն ԱԺ հերթական նիստերի ընթացքում։