Քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետը կերկարաձգվի

մայիսի 22, 2022

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոյկոտով պայմանավորված՝ խորհրդարանում կանգ է առել նրանց նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստան» հիմնադրամի ֆինանսական միջոցներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը:

Այս հանձնաժողովը, որի նախագահը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է, ստեղծվել է 2021-ի հոկտեմբերին: Գործունեության վեց ամիսն անցել է, բայց դրա ժամկետը չի երկարաձգվել: Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն, այս քննիչ հանձնաժողովը հրապարակված եզրակացություն էլ չունի, թեպետ մինչ այդ հասցրել է մի քանի նիստ անել:

Փոխարենը ակտիվ է աշխատում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: Այս պահին հանձնաժողովը հավաքագրում է ուսումնասիրության համար անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը: «Մեր քննիչ հանձնաժողովը շարունակում է լայնածավալ նյութեր ստանալ բոլոր, առավելապես ուժային կառույցներից: Ուսումնասիրման պրոցեսը շարունակական է, առաջիկայում կհաստատենք հրավիրյալների ցանկը և կմտնենք արդեն հաջորդ փուլ»,-օրերս հայտարարել էր Քոչարյանը: Խորհրդարանական ընդդիմությունը մինչև լիագումար նիստերի բոյկոտը բոյկոտել էր նաև պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը՝ պատճառաբանելով, թե չի վստահում իշխող ուժին և վերապահումներ էր հայտնել այդ հանձնաժողովի կազմավորման ձևի առնչությամբ:

Խորհրդարանում այս պահին գործում են այս երկու քննիչ հանձնաժողովները: Դեռևս բոյկոտից առաջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը և Գեղամ Նազարյանը Parliamentmonitoring.am- ի հետ զրույցում ասել էին, որ մտադիր են այլ խնդիրներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողովներ ստեղծել, սակայն չէին բացահայտել: Այդուհանդերձ, ընդդիմությունն այժմ Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաներ է կազմակերպում և այդ հարցերի մասին մտածելու ժամանակ չունի:

Խորհրդարանական մեծամասնությունը, սակայն, ձեռքերը ծալած չի նստել ու ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ է ներկայացրել՝քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետների վերաբերյալ: Նախագծի հեղինակ Սերգեյ Բագրատյանը առաջարկում է ևս 6 ամսով ավելացնել խորհրդարանական քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետը՝ այն դարձնելով մեկ տարի: Նկատենք՝ մինչ այժմ քննիչ հանձնաժողովները աշխատում էին վեց ամիս, և եթե այդ ժամանակահատվածը չէր բավականացնում ուսումնասիրությունն ավարտելու համար,խորհրդարանին առաջարկվում էր ևս վեց ամսով երկարաձգել քննիչ հանձնաժողովի կյանքը:

Բագրատյանի ներկայացմամբ, 1 տարի ժամկետը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև6 ամսով: Պատգամավորն ընդգծել է, որ իր առաջարկած փոփոխությունը վերաբերելու է ընդունումից հետո ստեղծվող քննիչ հանձնաժողովներին, ինչը նշանակում է խորհրդարանում գործող քննիչ հանձնաժողովների գործունեության վրա դա չի կարող տարածվել:

Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելը սահմանադրական պահանջ է. Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը որոշում է Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովում նախագահում է նախաձեռնությունը ներկայացնող պատգամավորներից մեկը: