Ազգային ժողովը՝ 2008-ի մարտի 1-2-ին

փետրվարի 28, 2018

2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին հաջորդած մարտի 2-ի ողջ գիշերը Ազգային ժողովն աշխատեց: 2 նիստ գումարվեց. մեկը՝ հատուկ, օրենքի ուժով, երկորդն արտահերթ՝ պատգամավորների նախաձեռնությամբ: Նիստերն սկսվեցին կեսգիշեն անց՝ 00.25-ին, և ավարտվեցին առավոտյան ժամը 6-ին: Նիստը վարող ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրաժեշտ տվեց պատգամավորներին ու ասաց «բարի լույս»:

Մինչև Ազգային ժողովի նիստերը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին: 2005 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում, իրավունքի ուժով, Ազգային ժողովն անհապաղ պիտի հատուկ նիստ գումարեր: Օրակարգի միակ հարցը նախագահի հրամանագիրն էր՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին, նախագահի ներկայացուցիչը հարցի քննարկման ժամանակ՝ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը: Ազգային ժողովը որոշեց նիստը Հանրային ռադիոյի եթերով չհեռարձակել, բայց լրագրողներին դահլիճից չհեռացրին. նրանք նիստի ընթացքին հետևում էին հենց դահլիճի ներսում:

Արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագծի հիմնական դրույթները

Արտակարգ դրություն հայտարարելու նպատակը սահմանադրական կարգին սպառնացող վտանգի կանխումն ու բնակչության իրավունքների պաշտպանությունն էր: Ռեժիմը գործում էր Երևանում, ժամկետը՝ 20 օր: Ռեժիմն ապահովելու պարտականությունը դրվում էր ոստիկանության և պաշտպանության նախարարության վրա: Արգելվում էր զանգվածային միջոցառումների անցկացումը, իսկ ԶԼՄ-ները կարող էին պետական եւ ներքաղաքական հարցերի վերաբերյալ հրապարակումներ անել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Արգելվում էր առանց թույլտվության քաղաքական քարոզչություն իրականացնելը: Հրամանագրով սահմանվում էր նաև կուսակցությունների և ՀԿ-ների գործունեության ժամանակավոր կասեցում, եթե դրանք կխոչընդոտեին արտակարգ դրության հիմք ծառայող հանգամանքների վերացմանը:

Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի խոսքով՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը հեշտ չէր տրվել. «Տեքստը պատրաստ է եղել ավելի վաղուց, քան հրապարակումը, դեպքերի զարգացումը ժամ առ ժամ ցույց տվեց, որ առանց հրամանագրի հնարավոր չէ: Կորուստները կանխելու, իրավիճակը բարելավելու միակ ուղին թերևս այս հրամանագիրն է»:

Ազգային ժողովը՝ 2008-ի մարտի 2-ին

Չորրորդ գումարման Ազգային ժողովում 2008-ի մարտի 2-ին կար փաստացի 4 իշխանական ուժ. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն համագործակցում էին 2007-ի մայիսի 25-ի խորհրդարանական ընտրութուններից հետո, իսկ ՕԵԿ-ի հետ համագործակցելու հուշագիր Սերժ Սարգսյանը ստորագրել էր մարտի 1-ից 1 օր առաջ՝ փետրվարի 29-ին: Խորհրդարանի 5-րդ ուժը ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունն էր, որի անդամները գրեթե միշտ ներկա էին նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավքներին՝ Ազատության հրապարակում, Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, իսկ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարանի առջև տեղի ունեցած բախման ժամանակ իր մարմնով էր պաշտպանել վայր ընկած ոստիկանին: Մարտի 2-ի նիստում «Ժառանգությունը» ընկալվում էր որպես թեժ կետի ներկայացուցիչ, ու պատահական չէր Անահիտ Բաշխյանի դիտարկումը. «Դուք հիմա մեզ ուղղակի թշնամությամբ եք նայում: Եթե դուք մեզ հետ լինեիք, մենք շատ քայլեր կհաղթահարեինք և չէինք թույլ տա, որ այս բանը լիներ»: Մարտի 2-ի ԱԺ նիստերի սղագրությունից երևում է, որ դահլիճում լարվածություն, աղմուկ է եղել. ականատեսի իմ հիշողությամբ՝ աղմկողը դարձյալ Առաքել Մովսիսյանն էր: Տիգրան Թորոսյանի խոսքերը ուղղված էին նրան. «Եթե որևէ մեկին թվում է, որ այստեղ գոռգոռալով հայրենասիրական ինչ-որ բան է անում, չարաչար սխալվում է: Որևէ մեկը իրավունք չունի այս դահլիճում իրեն այս ձևով պահելու: Բավական եղավ: Այստեղ փողոց չի, և խուժանություն անելու տեղ չի»:

Հատվածներ մարտի 2-ին դահլիճում հնչած ելույթներից

Համլետ Հարությունյան (ՀՀԿ). «Ես այսօր երկու անգամ հարձակման եմ ենթարկվել, տիկին Բախշյան, այդ ցուցարարների կողմից։ Ինձ համար զարմանալի է, թե ինչո՞ւ են այդքան ձեզ գրկաբաց դիմավորում, իսկ ինձ վրա հարձակվում։ Միայն մեկ բան են ասել՝ ես դժբախտություն ունեմ ղարաբաղցի լինելու։ Ես ձեզ հավատացնում եմ, երդվում եմ Ավետարանի վրա։ Չեմ տեսել այդ ցուցարարների մեջ որևիցե մի մարդու, որ ինձ նայեր որպես հայ մարդու։

Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ). «Եղել է այս նույնը՝ ոչ պակաս գե՛շ դրսեւորումներով։ 96 թվին նույն այս վիճակն էր՝ և՛ արտակարգ դրություն, և՛ զորք քաղաքում, և՛ ժողովրդի անվստահություն իշխանության նկատմամբ։ Արդարացվա՛ծ անվստահություն, ճիշտ, ինչպես հիմա։ Կուսակցությունների, մարդկանց, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների նկատմամբ՝ նույնիսկ առանց որևէ այս նմանօրինակ հրամանագրի և արտակարգ իրավիճակի։ Կուսակցություններ էին փակվում, գրասենյակներ էին ջարդվում, թերթեր և այլն: …Դա մի շարք պրովոկատորների մեղքն է։ Ես չեմ կարծում, որ այդպես էին ծրագրել սկզբից հենց հեղինակները։ Ինչևէ, մեղքը, միևնույն է, նրանցն է։ …Պետք է վերջապես որոշ հարցեր լուծել կոնսենսուսով։ Չի՛ կարելի ասել՝ մենք շա՛տ ենք, մենք մեծամասնությո՛ւն ենք ճնշող, ուրեմն, մեր խոսքը միշտ ճիշտ է։ Այդպես չի՛ լինում, այդպես չի՛ լինում, միշտ չէ՛, որ մեծամասնության խոսքը ճիշտ է»։

Ստեփան Սաֆարյան («Ժառանգություն»). «Կուզեք համաձայնեք, կուզեք` ոչ, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքը չլիներ, այսպես չէր լինի: Այդ, այսպես ասեմ, առաջնորդ ուզող, ղեկավարներ ուզող, և ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է խոսքը, խոսքը ղեկավարների մասին է, եթե մենք քաղաքական լուծումներ առաջարկեինք, գուցե այս իրավիճակը չլիներ»:

Դավիթ Հարությունյան (ՀՀԿ). «Չի կարելի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրն իրավիճակի լուծում անվանել, բայց սա իսկապես պարտադրված միջոցառում է։ Երբ անձը հայտնվում է ամբոխում, նրա հոգեբանությունն է փոխվում, և մենք ստիպված ենք դա հաշվի առնել։ Ես միամտություն եմ համարում անլուրջ վերաբերմունքն այս իրավիճակին և իսկապես հասկանում եմ, որ միջոցառումները, որոնք առաջարկվել են, թերևս անհրաժեշտ են։ Ցավոք սրտի, ես լավատեսորեն չեմ տրամադրված, որ այս միջոցառումները կսթափեցնեն և կհանդարտացնեն իրավիճակը, բայց թերևս սրանք այս պահին անհրաժեշտ միջոցառումներ են։ Սա պարտադրված քայլ է, վատ քայլ, տհաճ, շատ վտանգավոր, բայց, իմ կարծիքով, ցավոք սրտի, պարտադրված»։

Արմեն Աշոտյան (ՀՀԿ). «Սա այդ մարդու սրտով է։ Սա ա՛յն է, ինչին այդ մարդը գնում էր, սա ա՛յն է, ինչ ծրագրավորված էր, սա ա՛յն է, ինչ ակնհայտ էր հոկտեմբերի 16-ից։ …Ինչո՞ւ չենք ասում, որ ակնհայտ հայաստանյան իրադարձության մեջ կա որոշակի արտաքին ուժերի հետք։ …Որտեղի՞ց է գալիս «Սորոսի», «Թրանսպերենսի ինթերնեշնելի», իրենց կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ՀԿ-ների, այսպես ասած, պոչը, ականջները ո՞ւմ են երեւում։ Ինչո՞ւ չենք խոսում այն մասին, որ գաղտնիք չէ որեւէ մեկիդ համար, որ այն թիմում աշխատում են արտասահմանյան քաղաքական տեխնոլոգներ։ …Ակնհայտ է, որ Հայաստանում մեծերը խաղ են խաղում մեր հաշվին, մեր ժողովրդի հաշվին, մեր արյան հաշվին, մեր բարեկամների, ընկերների, հարազատների և ուղղակի պատահական անցորդների կյանքի հաշվին։ Ես ինքս եմ խնդրում այդ մարդուն, ով հրահրել է այս ամենը, ելույթ ունենալ և հետ քաշել իր մարդկանց, ովքեր, ցավոք, միայն իրեն են այլևս լսում»։

Տիգրան Թորոսյան (ՀՀԿ). «Ասում են՝ եկեք, այդ մարդուն ասենք թող գա... Ի՞նչ ասենք այդ մարդուն։ Եթե որևէ մեկն այդ մարդուն ասելիք ուներ, թող այն ժամանակ ասեր։…Ասում ենք՝ երկու կողմն էլ մեղավոր են։ Ես նման հայտարարություններ, հատկապես նման դժվար պահեին, չեմ ընդունում։ Սա ուղղակի խուսափում է նշանակում։ …Չե՞ք տեսել այդ կադրերը, թե՞ այդ փայտերը պատահաբար այնտեղ հայտնվեցին, թե՞ այդ նռնակներն ու զենքերն այնտեղ պատահաբար հայտնվեցին։ Բա, բերել, բաժանել են, չէ՞ …»:

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» նախագահի հրամանագրի քննարկումից հետո «Միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին» որոշման նախագիծ խորհրդարանում չի ներկայացվել, հրամանագիրը համարվել է հավանության արժանացած՝ առանց քվեարկության:

ԱԺ-ն հանձնում է պատգամավորներին

Նույն օրը, մարտի 2-ին, պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում խորհրդարանը ընդունում է հայտարարություն՝ «Մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»:

Դրանից 2 օր անց՝ մարտի 4-ին, հրավիրվում է ևս մեկ արտահերթ նիստ՝ այս անգամ նախագահի նախաձեռնությամբ. խորհրդարան է գալիս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին և Մյասնիկ Մալխասյանին մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Այդ օրը Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանը արդեն ձերբակալված էին, իսկ Խաչատուր Սուքիասյանն ու Սասուն Միքայելյանը, ինչպես տեղեկացնում է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ անհասնելի: Մյասնիկ Մալխասյանը նաև մասնակցում է նիստին: Նույն օրը՝ հարցի քննարկման ավարտին, փակ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորները համաձայնություն են տալիս իրենց գործընկերներին կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությանը: