Ազգային ժողովում արշալույսները խաղաղ են

Ազգային ժողովը մայիսի 24-ին հերթական նիստերն սկսել է դարձյալ առանց ընդդիմադիր խմբակցության պատգամավորների: Վերջինները շարունակում են բոյկոտել խորհրդարանի աշխատանքները և Երևանի փողոցներում անհնազանդության տարբեր ակցիաների միջոցով պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ընդդիմության բացակայության պայմաններում Ազգային ժողովում քննարկումներն ընթանում են սահուն, օրակարգն ընդունվում է առանց դիմադրության, իսկ կառավարության ներկայացրած նախագծերն ընդունվում են առանց սուր քննադատությունների:
Նիստերի մեկնարկին հանգիստ, առանց ԱԺ նախագահին ուղղված հարցերի, ընդունվեց օրակարգը, որում ընդգրկված էր շուրջ 22 հարց: Մտքերի փոխանակում էլ տեղի չունեցավ, և Ազգային ժողովը անցավ բնականոն աշխատանքի:
Մասնավորապես, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունները, «Ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը:
Վերջին նախաձեռնությունը ներկայացնելիս՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ այն տեխնիկական է ու նշել, որ առաջարկվող կարգավորմամբ՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից:
Լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը, ըստ Հովհաննիսյանի, կարող է դադարեցվել միայն, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտի այդ կանոնները:
«Սա փոփոխություն է պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու մասին, սա փոփոխություն է լրագրողների բնականոն աշխատանքն ապահովելու մասին», -նշել է Հովհաննիսյանը՝ հերքելով այն տեղեկությունները, թե նման քայլերով Ազգային ժողովը սահմանափակում է լրագրողների գործունեությունը:
ՔՊ-ից Գևորգ Պապոյանը փորձեց հասկանալ՝ արդյո՞ք կատարված փոփոխությունը Ազգային ժողովի կողմից լրագրողներին աջակցության գործիք է: «Այո, ճիշտ եք, պարոն Պապոյան: Ըստ էության, մենք աշխատանքային միջավայրում մենք հանդիպում ենք բազմաթիվ իրավիճակների, երբ հնչում են վիրավորանք, սպառնալիք պարունակող տեքստեր, ընդհուպ պատգամավոների մասին: Ճեպազրույցների ժամանակ մենք տեսնում ենք իրավիճակներ, որոնք խախտում են բուն ճեպազրույցի ընթացքը: Այո, մի ամբողջ լրագրողական համայնքում կարող է մի քանիսի պատճառով ստվերվել բարեխիղճ լրագրողների աշխատանքը, գործունեությունը», -Պապոյանին արձագանքել է Արթուր Հովհաննիսյանը:
ՔՊ-ից Գուրգեն Արսենյանը համոզված է՝ «մասանգիտական խոտան թույլ տված անձնավորությունը պետք է ստանա համապատասխան գնահատական իր թույլ տված խոտանի համար»:
Նրան հետաքրքրում էր՝ եթե լրագրողը մի պետական մարմնում երկու անգամ խախտում է կարգը, կարո՞ղ է մեկ այլ պետական մարմին նրան չհավատարմագրել, եթե լրատվամիջոցը դիմում է հենց նույն լրագրողին հավատարմագրելու համար: Ի պատասխան Հովհաննիսյանը նկատել է, որ նման հարց չեն քննարկել, բայց ընդգծել է, որ Արսենյանի առաջարկը արժանի է քննարկման. «Ըստ էության, ճիշտ եք՝ ենթադրելի է, որ այլ պետական մարմինները չպետք է հավատարմագրեն տվյալ լրագրողին, բայց օրենքի նախագծում նման ձևակերպում չկա: Դա պետք է քննարկման առարկա դառնա առաջինից երկրորդ քննարկման ընթացքում»:
Գուրգեն Արսենյանին հայաստանյան լրատվական դաշտը չի գոհացնում, քանի որ ինչպես ինքն է նշել, լրագրողները նենգափոխում են Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը: «Մասսայական տորպեդահարման փորձ է արվում նոր կոնցեպտի վերաբերյալ հասարակական գիտակցության ձևավորման կամ ներդրման գործում: Մենք փորձում ենք Հայաստանի հանրությանը բերել այնպիսի հանգրվան, որն ապահովի իրենց խաղաղ, բնականոն կյանքը, բայց նենգափոխման արդյունքում ՀՀ քաղաքացիները հայտնվում են լրիվ այլ հոգեկան վիճակի մեջ», -իր վերաբերմունքը արտահայտել է Արսենյանը:
Կառավարությունը պատգամավորական նախաձեռնությունն ընդունելու հարցում խնդիր չի տեսել և հայտնել է իր համաձայնությունը:
Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի և կից օրինագծերի փաթեթի բովանդակային քննարկում տեղի չունեցավ: Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է, թե փաթեթում շուրջ 100 իրավական ակտի նախագիծ է ընդգրկված:
Կատարվող փոփոխությունները բխում են 2021-ին ընդունված Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերից, որոնք ուժի մեջ են մտնելու այս տարվա հուլիսի մեկին:
Ներկայացված օրենսդրական փաթեթի վերաբերյալ բովանդակային քննարկման բացակայությունից սրտնեղել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Ցավոք, մենք նախագծի վերաբերյալ բազմատեսակ, բազմաբովանդակ քննարկումներ ու աշխատանքներ ենք իրականացրել, բայց կարծես այսօր, այդ աշխատանքը որևիցե մեկին հետաքրքիր չէ, որևիցե առարկություն չկա: Բայց համոզմունք կա, որ եթե այս նախագծով ինչ-որ մեկի եղունգի մի հատվածը տրորվեր, անմիջապես մեր գործընկերները (նկատի ունի՝ ընդդիմությունը-հեղ.) վիճարկելու էին Սահմանադրական դատարանում», -հայտարարել է Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով, դիմադրության բոլոր ձևերը, այդ թվում՝ բոյկոտը, կարել է օգտագործել, բայց ներկայումս կատարվողը պետականության և իրավունքի գերակայության մերժում է: «Կանցնեն տարիներ, և որևիցե մեկը չի հիշի՝ ով է եղել խորհրդարանում այս կամ այն օրենքն ընդունելիս, լինելու է օրենք, և մենք բոլորս ապրելու ենք այդ օրենքների ազդեցության ներքո: Չի կարելի այս կարգի անհարգալից վերաբերմունք դրսևորել օրենսդրական գործունեության նկատմամբ, չի կարելի այս կարգի անտեսել քաղաքացու տված մանդատը, չի կարելի դասից փախնողի հոգեբանությամբ փորձել լավ գնահատականներ ստանալ», -ընդգծել է Վարդանյանը:
Խորհրդարանում ընդդիմության անգործության թեման բարձրացրեց նաև ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը՝ նկատելով, որ այս նիստաշրջանի ընթացքում ԱԺ օրակարգում ընդգրկված են շուրջ երկու տասնյակ կարևոր նախագծեր ու ծրագրեր, բայց դրանց քննարկմանը ընդդիմությունը չի մասնակցում:
«Մինչ մենք քննարկում ենք այդ կարևոր նախագծերը դահլիճի աջ անկյունում աթոռները դատարկ թողած ընդդիմադիրները, սիրելի հայրենակիցներ, որոնց դուք Ձեր աշխատավարձից, եկամուտներից վճարում եք աշխատավարձ, զբաղված են մանր խուլիգանությամբ՝ ներխուժել են ԱԳՆ շենք մի քանի պատգամավորով, փորձում են հունից հանել այն դիվանագետներին, որոնք գիշերուզոր աշխատում են, որպեսզի Արցախի ու տարածաշրջանի համար ապահովեն կայունություն, ստիպում են այդ մարդկանց տեսախցիկների համար անել արտահայտություններ, որոնք գուցեև այդ կայունության վերացման, դրա տատանման, էսկալացիայի պատճառ դառնան: Ո՞ւմ շահերն են նրանք սպասարկում»,- հայտարարել է ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները մայիսի 1-ից Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Անհնազանդության ակցիաների շրջանակում այս խմբակցությունների պատգամավորների ղեկավարությամբ խումբ-խումբ քաղաքացիներ ամեն օր առավոտյան մի քանի րոպեով փակում են Երևանի կենտրոնական փողոցներ, ինչպես նաև պետական գերատեսչությունների շենքեր՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց: