Առկա իրողությունների պայմաններում խորհրդարան վերադառնալու իմաստ չկա. Տիգրան Աբրահամյան

հունիսի 27, 2022

-Դուք և խորհրդարանի մյուս ընդդիմադիր պատգամավորներն օրերս Արցախում էիք։ Ո՞րն էր այցելության նպատակը։

–Արցախում հագեցած օրակարգով հանդիպումներ ենք ունեցել։ Խորհրդարանում հանդիպել ենք ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների, ԱԺ նախագահի հետ, պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին, ՏԻՄ ղեկավարների, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունի շրջանների, Ստեփանակերտի բնակիչներին։ Փողոցում ծավալված պայքարը նաև հանուն Արցախի է և, բնական է, որ տարբեր շրջափուլերում պետք է այցելենք Արցախ՝ լսելու մեր հայրենակիցներին, ներկայացնելու այն իրավիճակը, որն ասօր ստեղծվել է Հայաստանում և Արցախում։

Քաղաքական առումով արձանագրվեց, որ Արցախում կա կոնսենսուս, որ Հայաստանի այս իշխանությունների քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը տանում է նոր արկածախնդրության ճանապարհով, ինչի հետևանքով տարածքային նոր կորուստների վտանգի առաջ ենք կանգնելու, իսկ ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարությունը, թե Արցախը կարող է ապագա ունենալ նաև Ադրբեջանի կազմում, ոչ միայն հակապետական է, այլ անոնսում է Արցախի հանձնման մասին։

Արցախում մեր հանդիպումների ժամանակ մարդիկ զայրացած նշում էին, որ պայքարելու են Արցախի՝ Ադրբեջանի կազմում չհայտնվելու և իրենց գոյությունը պաշտպանելու համար։

–Իսկ ինչպե՞ս է այնտեղ ընդունվել Դիմադրության շարժման դադարը:

–Դիմադրության շարժումը դադար չի ունեցել, տեղի են ունեցել մարտավարական փոփոխություններ, ինչի մասին խոսել ենք նաև Արցախում։
Այնտեղ Դիմադրության շարժմանը միանշանակ դրական են վերաբերվում, որովհետև Արցախի հայկականության պահպանման և 1988–ի շարժման սկզբունքների պաշտպանության, կյանքի կոչման միակ հնարավորությունը տեսնում են այս օրերին Հայաստանում ծավալվող պայքարով։
Ավելին՝ այս շարժումը Հայաստանի տարածքային անվտանգության պաշտպանության և Հայաստանում ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության համար է, քանի որ ՀՀ ներկայիս իշխանության քաղաքականությունն առհասարակ այսօր սպառնում է հայի ֆիզիկական անվտանգությանը։

–Ասում եք` պայքարը չի դադարել, այդ դեպքում ի՞նչ է սպասվում առաջիկայում, կա՞ նոր գործողությունների պլան:

–Եթե պայքարը դադարել է, ապա ովքե՞ր են ամեն շաբաթ հանրահավաքներ, երթեր, մասնագիտական քննարկումներ անցկացնում Ֆրանսիայի հրապարակում, կամ ո՞ւմ են այդքան հաճախ արձագանքում իշխող ուժի տարբեր դեմքեր։

Իսկ առաջիկա անելիքները պաշտոնական հայտարարություններով, նաև Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքների ժամանակ ներկայացնում են շարժման կազմակերպիչները։ Այս փուլում Արցախում և Հայաստանում պայքարի ինստիտուցիոնալացման գործընթաց է։

–Եթե հետադարձ հայացք գցենք, ի՞նչ սխալներ թույլ տվեց դիմադրության շարժումը, ի վերջո, գլխավոր պահանջը՝ Փաշինյանի հրաժարականը, չկատարվեց:

–Իսկ ո՞վ է ասում, որ դա մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա գործընթաց էր։ Պայքարի մեջ մտած բոլոր ուժերը, հասարակական խմբերը, պարզապես անհատ քաղաքացիները գիտակցում են, որ Փաշինյանի հրաժարականի գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում, այլ բան է, որ պետք է գնալ առավելագույնս կարճ, արդյունավետ և ռացիոնալ ճանապարհով։

–Պայքարը՝ պայքար, բայց մտածո՞ւմ եք խորհրդարան վերադառնալու մասին:

–Առկա իրողությունների պայմաններում խորհրդարան վերադառնալու իմաստ չկա։ Ընդդիմադիր ուժերն այս պահին ավելի կենտրոնացած են խորհրդարանական մանդատը փողոցային պայքարին ծառայեցնելու և միջազգային հարթակներում Հայաստանի շահերը լիարժեք ներկայացնելու ուղղությամբ։

–Ձեր խմբակցության ղեկավարը հեռացավ խմբակցությունից, «Պատիվ ունեմ» դաշինքը, ըստ էության, չկա, սպասելի՞ էր նման ընթացքը:

–Արթուր Վանեցյանն այս մասին քննարկումներ ունեցել է դաշինքի մաս կազող ՀՀԿ-ի, խմբակցության պատգամավորների հետ, ներկայացրել է իր անձնական ու քաղաքական դրդապատճառները, այնպես որ, որևէ անակնկալ գործընթաց տեղի չի ունեցել։

Դաշինքի մաս կազմող ՀՀԿ-ն արդեն 2 ամիս է՝ փողոցային պայքարի մեջ է և իր բոլոր հնարավորություններն առաջիկայում էլ դնելու է երկրում իրավիճակ փոխելու և այս իշխանություններին հեռացնելու գործում։ Իսկ Վանեցյանն իր հայտարարությունում և ընթացիկ հարցազրույցներում արդեն տեղեկացրել է, որ շարունակելու է պայքարն այլ մարտավարությամբ, սակայն ընդհանուր նպատակների շուրջ։

–Արթուր Վանեցյանն ասում է՝ դիմադրության շարժման պայքարի մեթոդների հարցում անհամաձայնություն ուներ: Ի՞նչ անընդունելի մեթոդներ է կիրառում շարժումը, ըստ Ձեզ:

–Կներեք, բայց ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ուղղել Արթուր Վանեցյանին։

–Ստացվում է՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունում ներկայացված է միայն ՀՀԿ–ն։

–Դաշինքի ցուցակում ներկայացված են նաև տարբեր անկուսակցական գործիչներ, որոնք առաջադրվել էին «Հայրենիք» կուսակցության կողմից։

–Ընդդիմության Ձեր գործընկերներն ասում են՝ կվերադառնանք խորհրդարան սեփական օրակարգով, սակայն չեն մասնավորեցնում: Ո՞րն է ձեր սեփական օրակարգը:

–Չեմ կարծում, որ խորհրդարան վերադառնալու օրակարգը մանրամասներով ներկայացված չէ։ Եթե հաշվի ենք առնում, որ ՀՀ սահմանադրությամբ վարչապետի փոփոխության հարցը խորհրդարանական ընթացակարգ է ենթադրում, ապա հասկանալի է, որ փողոցային պայքարի միջոցով, ճնշումների մեծացմանը զուգահեռ, կարող է առաջանալ նաև խորհրդարանում քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն, իսկ այս տեսանկյունից խորհրդարանական մանդատները կարող են ծառայել ընդհանուր նպատակի իրագործմանը։

Որ փուլում պարզվի՝ մանդատները որևէ խնդիր չեն լուծում, հավատացած եղեք, որ մեր քաղաքական ուժը րոպե առաջ կհրաժարվի դրանցից։