ԱԺ-ն ընտրեց Հայաստանի առաջին կին գլխավոր դատախազին

հունիսի 29, 2022

Հայաստանում առաջին անգամ գլխավոր դատախազի պաշտոնը կին կզբաղեցնի՝ 36–ամյա Աննա Վարդապետյանը։ Հեղափոխական իշխանության թիմում նա եղել է արդարադատության նախարարի խորհրդական, այնուհետև արդարադատության փոխնախարար։ 2020թփետրվարից վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն է՝ իրավական հարցերով։ Հունիսի 29-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նրան ընտրեց գլխավոր դատախազի պաշտոնում։ Աննա Վարդապետյանը անկախ Հայաստանի 8-րդ գլխավոր դատախազն է։

Արդյունավետ հսկողություն և հետևողականություն

«Մշտապես աչքի է ընկել՝ որպես իրավական ոլորտում հեղափոխական հայացքներ ունեցող, պարկեշտ և նպատակասլաց անձնավորություն։ Եվ ես մտածում եմ, որ դատախազության նոր կերպարը, որը նախ կոչված է ապահովելու իրավունքների վերականգնումն ու պահանջել արդար դատի իրականացում, հենց նա կարող է մարմնավորել։ Գլխավոր դատախազի պաշտոնում նոր մարտահրավերներ են Ձեզ ուղեկցելու, բայց համոզված եմ, որ Դուք դրանք հաջողությամբ կհաղթահարեք»,- Աննա Վարդապետյանի թեկնածությունը ներկայացնելիս ասաց Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Թեկնածուն իր ելույթում անդրադարձավ իրավապահ համակարգում առկա խնդիրներին։ «Առաջինը գործընթացների և ոչ արդյունքի վրա կենտրոնացվածությունն է: Մենք ունենք բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ՝ ֆորմալ առումով ճիշտ, բովանդակային առումով՝ ոչ լիարժեք: Արդյունքում ունենք ծանրացված վարույթներ, ահռելի քանակի հայցեր ու քրեական գործեր մինչդատական վարույթում և դատարաններում, ունենք հատվածային կամ շատ փոքր քանակի լուծված գործեր: Դա հանգեցնում է նրան, որ  մարդու մոտ սկսում է ձևավորվել անարդարության զգացում։ Կարծում եմ՝ մենք ունենք մեխանիզմ, որը թույլ կտա հաղթահարել գոնե մինչդատական վարույթում ձգձգումները: Դա արդյունավետ դատախազական հսկողությունն է, որին կարելի է հասնել հետևողականությամբ»,- ասաց Աննա Վարդապետյանը։

Խոսելով օրենքի գերակայության մասին՝ թեկնածուն անթույլատրելի համարեց հովանավորչությունը. «Կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն թղթադրամն իրար փոխանցելով: Եթե նկատում եք, գնալով այդ պրակտիկան փոքրանում է: Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ: Եթե հովանավորչությանը նպաստող պայմանները չհաղթահարվեն, դա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին ուղղակի քայքայելու է ժողովրդավարության հիմքերը: Խոսել ժողովրդավարության մասին՝ առանց օրենքի գերակայության, խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ֆանտաստիկ դատողություններեն»,- նկատեց թեկնածուն:

Աննա Վարդապետյանն ընդգծեց, որ համակարգում խնդիրները լուծելու դեպքում ինքը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ասաց՝ իրեն մեղադրում են, թե չի աշխատել դատախազության համակարգում։ «Բայց կարծում եմ, դա հնարավորություն է խնդրին այլ տեսանկյունից նայելու։ Յուրաքանչյուր գործի մասին, երբ մասնագիտական քննարկում է տեղի ունենում, ես դիտարկում եմ մարդու տեսանկյունից։ Իմ աշխատանքում չի եղել մի դեպք, որ խուսափեմ որևէ քննարկումից։ Հակառակը, ես եմ ասել, եթե կա որևէ հարցի վերաբերյալ քննարկման անհրաժեշտություն, համեցեք։ Դա է պատճառը, որ իմ մասին ասում են, թե միջամտում է, ուղղորդում է, բայց խոսքն ընդամենը մասնագիտական քննարկման մասին է»,- շեշտեց նա։

Դատախազությունում չաշխատելը առավելությո՞ւն է, թե՞ թերություն

Թեև ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները նաև այս նիստին ներկա չէին, թեկնածուին ուղղված հարցերը քիչ չէին։ ՔՊ-ականները պատրաստել էին երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին համակարգում առկա խնդիրներին, կոռուպցիային, ապօրինի գույքի բռնագանձմանն ու այլ երևույթների։

Արեն Մկրտչյանին հենց ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն էր հետաքրքրում։ «Ի՞նչ արդյունավետությամբ է գործում օրենքը։ Քաղաքացիներն ինչքա՞ն սպասեն, մեզ ամենաշատը այդ հարցերն են ուղղում»,- հարցրեց պատգամավորը։ Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ գործընթացի արդյունավետությունը չի կարող գնահատել, քանի որ բավարար տեղեկատվություններ չունի։ Բայց հավելեց՝ արդեն հասել են այն փուլին, երբ ստեղծված են բոլոր անհրաժեշտ կառույցները, որ այդ ինստիտուտն արդյունավետ աշխատի«Մենք արդեն ունենք ճիշտ ելման կետ, արդեն պետք է գործել»։

Էդուարդ Աղաջանյանին հետաքրքրում էր Ազգային ժողով-Գլխավոր դատախազություն հարաբերությունները՝ ի՞նչ կարող է անել խորհրդարանը, որ այդ մարմինն արդյունավետ աշխատի։ Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ օրենսդրական դաշտում որևէ խնդիր չկա, բոլոր անհրաժեշտ փոփոխություններն արվել են։ «Խնդիրը կիրառման դաշտում է, պետք է հետևողական լինել»,- ասաց թեկնածուն։

Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ դատախազական համակարգն ունի նաև վատ ավանդույթներ, և ԱՎարդապետյանի պատկերացումները բախվելու են այդ դառը իրականությանը։ «Մեկ անգամ չէ, որ բախվում եմ այն իրականությանը, երբ ինձ ասում են՝ դու չես կարողանալու։ Ես չեմ գնալու պաշտոն զբաղեցնելու, ես երկար եմ մտածել, սա ինձ համար մասնագիտական արժանապատվության հարց է։ Ձախողումը նշանակում է ձախողում ողջ կենսագրության։ Եթե բացառում ես հովանավորչությունը և լինում ես հետևողական, դիմացինդձգտում է այդ մեխանիզմներով աշխատել»,- պատասխանեց թեկնածուն։ «Արդյո՞ք իմ ասածը չէ պատճառը, որ ընդամենը 8 ամիս եք աշխատել փոխնախարար։ Պատրա՞ստ եք այդ ծանր բեռը Ձեր ուսերին տանել, որովհետև Ձեր ուսերը վտիտ են, Դուք երիտասարդ եք, փորձի պակասը կա»,- չնահանջեց Բագրատյանը։ «Այո, պատրաստ եմ, հակառակ դեպքում այստեղ չէի լինի»,- հակադարձեց թեկնածուն։

Լիլիթ Ստեփանյանն էլ շեշտեց, որ նա գլխավոր դատախազի առաջին կին թեկնածուն է, և համաշխարհային արդարադատության խորհրդանիշն էլ կին էր՝ Ֆեմիդան։ Աննա Վարդապետյանը խնդրեց իր հետ խոսել որպես պրոֆեսիոնալի շրջանակում և դուրս գալ կարծրատիպային մոտեցումներից«Զգում եմ, երբ ինձ լսում են և նայում, գլուխների մեջ բախում է տեղի ունենում»։

«Մի դատախազի սպանել են իր աշխատասենյակում, մի դատախազը փախուստի մեջ է, մի դատախազի էլ հիմա դատում են։ Գործողը, հուսով եմ, կխուսափի նման վիճակագրությունից։Ձեր դեպքում դատախազությունում չաշխատելը լուրջ առավելություն է։ Փորձեք դա որպես առավելություն օգտագործել դատախազության համար անհրաժեշտ փոփոխություններն իրականացնելու նպատակով։ Ասում եք բաներ, որոնք նորություն են լինելու»,- նկատեց Գուրգեն Արսենյանը։ «Հույս ունեմ՝ դա ինձ չի սպառնում»,- պատասխանեց թեկնածուն։ «Մենք էլ հույս ունենք»,- արձագանքեց նիստը վարող Հակոբ Արշակյանը։

Վահագն Ալեքսանյանը ուզեց ՔՊ-ին ընտրած քաղաքացիների կողմից Աննա Վարդապետյանինմի ընդհանրացված պատգամ փոխանցել «Երբ ստանձնեք գլխավոր դատախազի պաշտոնը, պարտավոր եք չարի դեմ պայքարում լինել համառ։ Երբեք չմոռանաք, որ պետք է լինեք կեղեքվածի, հարստահարվածի պաշտպանն ու կեղեքողի, ճնշողի սարսափը։ ՀՀ քաղաքացին երկար է տառապել ու զրկված եղել իր հիմնարար իրավունքներից։ Նույնիսկ իր զինվոր որդու վճարած հարկերով էլիտար թաղամասերում դղյակներ, տարատեսակ սավաննաներում կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի ուղեգրեր, գերէկզոտիկ կազինոներում խաղադրույքի ֆիշկաներ ու չգիտեմ՝ էլ ինչեր են գնել։ Հետո եկել ու այդ քաղաքացուն լավագույն դեպքում գնդակահարել են, վատագույն դեպքում՝ ծեծելով սպանել ինչ-որ մի սրճարանի զուգարանում։ Սա է այն չարը, որի դեմ Ձեզ պայքարի ենք ուղարկում։ Սրա ժանիքներն է, որ պետք է խարտեք և տեղն եկած դեպքում երկաթյա բրեկետներով բուժում նշանակեք։ Ու այդ ճանապարհին չընկճվեք,Դուք պարտավոր եք հաջողել հանուն Հայաստանի և ՀՀ քաղաքացու»։

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նկատեց, որ սա դատաիրավական բարեփոխումների ամենածավալուն շաբաթներից մեկն է, քանի որ ԱԺ-ն ընտրում է նաև 6 դատավորների, այդ թվում՝առաջին անգամ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների։ Նա ցավ հայտնեց, որ «այդ պատմական շրջափուլն» անցնում է առանց ընդդիմադիր խմբակցությունների։ «Բայց այսօր ՔՊ-ն ներկայացնում է ոչ միայն իր, այլև ընդդիմության ընտրողներին։ Իմ կարծիքով ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կապ ունի այն հանգամանքի հետ, որ դահլիճի այս հատվածը դատարկ է։ Այդ օրենքը ներքաղաքական գործընթացների հիմքում է։ Եվ ես համոզված եմ, որ ընտրվելով  տիկին Վարդապետյանն իր լիազորությունների սահմաններում հավատարիմ է լինելու այդ օրենքի սահմանած առաքելությանը»,- եզրափակեց նա։

Աննա Վարդապետյանն ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ՝ ՔՊ-ի 70 կողմ ձայներով։

Նա գլխավոր դատախազի պաշտոնը կստանձնի, երբ կլրանա գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը՝ սեպտեմբերի 16-ին։ Դրանից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում տեղի կունենա նրա երդմնակալության արարողությունը։